Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել կառավարության նախաձեռնությանը՝ թույլատրել թուրքական զինուժի մուտքը Իրաք և Սիրիա, ինչպես նաև թույլ տալ օտարերկրյա ուժերի տեղակայումը Թուրքիայի տարածքում:
Թուրքիայի Սահմանադրության 92-րդ հոդվածի վրա հիմնված առաջարկի օգտին քվեարկել է 298 պատգամավոր, դեմ՝ 98, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
«Թուրքիայի դեմ սպառնալիքը նոր հարթություն է մտել: Մեր պարտավորությունն է քայլեր ձեռնարկել այդ սպառնալիքի դեմ և պաշտպանել մեր քաղաքացիներին միջազգային իրավունքի շրջանակում»,- դիմելով խորհրդարանին՝ ասել է պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Յըլմազի խոսքով՝ ISIS-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն» - ՍիվիլՆեթ) հիմնական աղբյուրը սիրիական վարչակարգն է, որն ուժեղացրել է ճնշումը երկրում այլախոհների նկատմամբ:
Հոկտեմբերի 1-ին թուրքական կառավարությունը դիմել է Ազգային մեծ ժողովին` երկրի Զինված ուժերին Սիրիայի և Իրաքի տարածքում իրականացվող գործողություններին մասնակցելու պաշտոնական թույլտվություն տրամադրելու նպատակով:
Վերջին օրերին հիմնական մարտերը ծավալվել են Թուրքիայի սահմանից մի քանի տասնյակ մետր այն կողմ գտնվող քրդաբնակ Քոբանի («Այն ալ Արաբ», քրդաբնակ շրջան թուրք-սիրիական սահմանին – ՍիվիլՆեթ) քաղաքի մերձակայքում, որտեղ արդեն մի քանի օր է՝ ISIS-ի ուժերը շրջափակման մեջ են պահում մի քանի հարյուր քուրդ մարտիկների:
Այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել կառավարության նախաձեռնությանը, երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կանի հնարավոր ամեն բան, որպեսզի կանխի Քոբանիի՝ ISIS-ի կողմից նվաճումը:
ԱՄՆ-ն Պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին ողջունել է Թուրքիայի խորհրդարանի այդ քայլը ու նշել, որ «շարունակելու են թուրքական կողմի հետ խորհրդակցությունները՝ համագործակցությունը առաջ տանելու նպատակով»:
Civilnet











