Գլխավոր Լրահոս

Թուրքական փոթորկոտ գարուն` քաղաքական եղանակի կանխատեսումներով. Գանտահարյան

Թուրքական փոթորկոտ գարուն` քաղաքական եղանակի կանխատեսումներով. Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Թուրքական փոթորկոտ գարուն` քաղաքական եղանակի կանխատեսումներով» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Միջինարևելյան տարածաշրջանային պատերազմը կտրուկ դիմափոխությունների  է ենթարկվում: Եթե Սիրիայի դեպքում բանակ-ազատբանակ ձևաչափով էր առաջին փուլը, ապա դա վերածվեց Դաեշ-վարչակարգ ընդհարումների վրա կենտրոնացած պատերազմի: Հիմաարդեն մարտերի թեժ կետերում ներգրավվել են քրդերն ու իսլամական պետության զինյալները: Իհարկե որոշ տարբերություններով՝ իրավիճակը ընդհանուր առմամբ նույնն է Իրաքի դեպքում: Այնտեղ ևս իրադարձությունների վրա բացված լուսարձակները վերաբերում են իսլամական պետության ուժերի կողմից վերահսկվող տարածքներին և ինքնավար Քուրդիստանի սահմանների պահպանմանը:

Իրաք-Սիրիա այս գիծը ենթարկվում է վայրիվերումների: Ընդհանուր եզրերը վերաբերում են իսլամական պետության և քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքների հստակեցմանը, սահմանների ճշտմանը և նոր շրջանների գրավմանը: Տարբերությունը երևում է նաև միջազգային ընտանիքի միջամտության տարողություններում: Թեև թե´ Իրաքի և թե մինչ այժմ Սիրիայի դեպքում կոալիցիոն ուժերի գործողությունները մնում են սահմանափակ և այն տպավորությունն են թողնում, որ սահման չհատելու, կարմիր գծերը չանցնելու զգուշացումներ են իրականացվածները և ոչ թե իսլամական պետության երևույթը արմատախիլ անելու:

Կրոնական պիտակի տակ այս գործիքը հայտնաբար դեռևս պետք է աշխարհաքաղաքական ուժերին, տարածաշրջանում բաժանարար ծրագրեր իրականացնելու համար: Բնականաբար, նավթահանքային կետերը իրադրությունների զարգացման, տեղաշարժերի գրանցման և տարածքների վերհասկողության համար մղվող պայքարներում նշանակալի կարևորություն են ներկայացնում: Թե՜ Իրաքի և թե՜ Սիրիայի դեպքում, ռազմավայրերը այլ բան չեն հուշում:

Քրդական ինքնիշխանության սահմանների նախագծումը պարզ է, որ աշխարհաքաղաքական օրակարգ է: Այս իրողությունը ինքնին անհագստանցող անշրջանցելի նախադրյալ է Անկարայի համար, որը մեծ ճիգեր  է անում միջազգային մեկուսացման մեջ չհայտնվելու համար: Այսպես. Իսլամական պետության մոտ պատանդներ ունենալու պատրվակով Անկարան միջազգային դաշինքին մաս կազմել-չկազմելու տատանումներով փորձեց թանկ գնով վաճառել խորհրդարանի իր որոշումը՝ մաս կազմելու ռազմական գործողություններին: Սիրիական պատերազմի առաջին օրից Անկարայի կողմից հանգերգվող ապահովության գոտու առաջադրանքին եկավ ավելանալու նաև ոչ թռիչքային գոտի հաստատելու ծրագիրը:

Այս բոլորը նպատակադրում են քրդական տարածքների և թուրքական սահմաններին միջև պատնեշային գոտիներ հաստատել: Իսկ այս դեպքում իսլամական պետությունը Անկարայի առաջադրած գոտիների ձևավորման համար ճիշտ գործիքն է: Չի բացառվում, որ Թուրքիան իսլամական պետության դեմ միավորված ուժերի սահմանափակ օդային գործողություններին ձևական մասնակցություն ունենա: Վայրիվերումներով հատկանշվող Անկարայի դիրքորոշումները նախանշում են մեկուսացման դաշտ չմտնելու փորձերը:

Փաստորեն քրդական տարածքների սահմանագծման հարցն է, որ հիմնական հակասության մեջ է դնում աշխարհաքաղաքական կենտրոններն ու Անկարան: Այս վերջինը զինելով ու ֆինանսավորելով իսլամական պետությունը, այժմ փորձում է հենվել դրա վրա` պաշտպանելու իր սահմանները:

Սահմանների համար ապահովության գոտի ստեղծելու առաջադրանքը ենթադրում է, որ վտանգված են սահմանները: Իսկ սահմանների վտանգվածությունը նախադուռն է տարածքային ամբողջականության սասանման: Քաղաքական եղանակային կանխատեսումները  սկսել են խոսել թուրքական փոթորկոտ գարնան մասին: Մանավանդ, որ չեն հերքվում Թուրքիայի քրդերին զորաշարժի հրավիրող պաշտոնական կոչերը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում