Ադրբեջանում այս տարվա ընթացքում արձանագրված համատարած բռնությունները, իրավապաշտպանների և լրագրողների ձերբակալություններն ու բանտարկությունները չեն արժանացրել մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման կոչված միջազգային հիմնական կառույցներից մեկի` Եվրոպայի խորհրդի և նրա գլխավոր կառույցի` Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ուշադրությանը: Փոխարենը, ԵԽԽՎ-ն աշնանային նստաշրջանի հենց առաջին օրը` սեպտեմբերի 29-ի լիագումար նիստում, ընդունել է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վերնագրով զեկույց պատրաստելու որոշում: Պատրաստվելիք փաստաթղթում, բնականաբար, հիմնականում անդրադարձ է կատարվելու հուլիս-օգոստոս ամիսներին Արցախ-Ադրբեջան շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին արձանագրված դեպքերը, որոնք խլեցին մի քանի տասնյակ կյանքեր:
Որոշման նախագիծը ներկայացրել են ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության մի անդամ և հունական պատվիրակության ղեկավար, Իլհամ Ալիևի ընտանիքի մտերմուհի Դորա Բակոյանիսը: Վերջինս եղել է Հունաստանի արտգործնախարար այն ժամանակ, երբ այս երկիրը նախագահում էր (2009 թվականին) ԵԱՀԿ-ում, հետևաբար`շատ լավ ծանոթ է արցախյան հակամարտությանը: Անցնող տարիներին Բակոյանիսը մի քանի անգամ այցելել է Բաքու, արժանացել Ալիևի ջերմ ընդունելությանը: Ուշագրավ է, որ ակնհայտ հակահայ որոշման նախագիծը Բակոյանիսը ԵԽԽՎ-ում առաջ էր մղում հենց այն օրերին, երբ պետական այցով Երևանում էր Հունաստանի նախագահը:
2001-ից ի վեր, երբ Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին, այս կազմակերպությունը, ավելի ճիշտ` ԵԽԽՎ-ն, Հայաստանի և Արցախի մասին ընդունել է մի շարք բանաձևեր: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն դեռ 2005-ին Արցախի հարցով ընդունել է թիվ 1416 բանաձև, որը պահանջում էր հայկական ուժերը դուրս բերել Ադրբեջանի «գրավյալ հողերից»: Ընդհանրապես, երբ որևէ երկրի մասին ընդունվում է բանաձև, զեկույց կամ որոշում, ապա անկախ բովանդակությունից, դա լավ չէ: Բանաձևի, զեկույցի կամ որոշման ընդունումը նշանակում է, որ այդ երկիրը խնդիրներ ունի:
«Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վերնագրով զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է գլխացավանք դառնալ Հայաստանի և Արցախի համար: Այս որոշման խորագիրն իսկ արդեն բացահայտ հակահայ և ադրբեջանամետ բովանդակություն ունի: Բնականաբար, նման վերնագիր ունեցող որոշումը կամ զեկույցը չի կարող լինել անկողմնակալ:
Արդեն հայտնի է նաև զեկուցողի անունը: Դա բրիտանացի պահպանողական, 66-ամյա Ռոբերտ Ուոլտերն է, ով ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավարն է: Նրան այդ պաշտոնում 2011թ. հունվարին նշանակել է վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Ուոլտերը բազմաթիվ անգամ` 2005-ին, 2006-ին, 2008-ին, 2010-ին, 2013-ին ԵԽԽՎ պատվիրակության կազմում այցելել է Ադրբեջան: Ավելին, 2013 թվականի աշնանը կայացած Ադրբեջանի նախագահական ընտրություններում, որոնք կեղծվեցին հերթական անգամ, հենց Ուոլտերն է գլխավորել ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը: Նա այդ ընտրությունները որակել էր «ազատ և արդար»: Բացի այդ, Ուոլտերը նաև Մեծ Բրիտանիա-Ադրբեջան գործարար կապերի ամրապնդման լոբբիստներից է և բացահայտ պաշտպանում է Ադրբեջանին և Ալիևների դինաստիային, աչք փակում այն բռնությունների ու մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարումների, լրագրողների ու իրավապաշտպանների բանտարկությունների հարցում, որոնք Ադրբեջանում հատկապես ահագնացել են 2014-ին:
Անկասկած, որոշման հարցում կարևոր դեր ունի նաև Ադրբեջանի այսպես կոչված «խավիարային դիվանագիտությունը», երբ Բաքուն ուղղակի կաշառում է ԵԽԽՎ այն պատգամավորներին, ովքեր իրականացնում են Ադրբեջանի լոբբինգը: Միջազգային մամուլում բազմաթիվ անգամ անդրադարձ է եղել Բաքվի «խավիարային դիվանագիտությանը», հրապարակվել են եվրոպացի այն պատգամավորների ու դիվանագետների, վերլուծաբանների և քաղաքագետների անունները, ովքեր կաշառվել են Ադրբեջանի նավթային դոլլարներով և Կասպիցի ձկնկիթով: Հակահայ քաղաքականություն իրականացնելու, Հայաստանը և Արցախը միջազգայն հարթակում վարկաբեկելու հարցում Ադրբեջանը ֆինանսական մեծ միջոցներ է ծախսում:
Բայց պետք է նաև ընդունել, որ ԵԽԽՎ-ում հակահայ փաստաթուղթ ընդունելու մեջ մեղավորության իր բաժինն ունի նաև հայկական, մասնավորապես` խորհրդարանական դիվանագիտությունը: Ակնհայտ էր, որ հուլիս-օգոստոս ամիսներին հենց Ադրբեջանը դիմեց սադրանքների և ռազմական արկածախնդրությունների, սակայն Բաքվին հաջողվեց փաստաթուղթ ընդունել տալ, որի խորագիը արդեն իսկ անընդունելի է հայկական կողմի համար:
Չպետք է նաև բացառել, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի հանդեպ բացասական վերաբերմունքը պայմանավորված է նաև նրանով, որ պաշտոնական Երևանը որդեգրել է ռուսամետ քաղաքականություն և պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև` Ղրիմի հարցում աջակցել է Ռուսաստանին:
Թաթուլ Հակոբյան










