Գլխավոր Լրահոս

Քոբանին՝ անկման շեմին

Քոբանին՝ անկման շեմին

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման (նախկինում` «Իրաքի և Շամի իսլամական պետություն»` ISIS- ՍիվիլՆեթ) ահաբեկիչներն արդեն մտել են Սիրիայի քրդաբնակ Քոբանի (Այն ալ Արաբ - ՍիվիլՆեթ) քաղաք: Քրդական «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD-ն համարվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևը - ՍիվիլՆեթ) համանախագահ Սալիհ Մուսլիմը հերքել է այն լուրերը, թե ահաբեկիչներն արդեն գրավել են քաղաքը:

«Ո՛չ, Քոբանին դեռ չի ընկել, ժողովուրդը դիմադրում է»,- ասել է քրդական կուսակցության ղեկավարը: Սակայն քաղաքի որոշ հատվածներում արդեն ծածանվում է «Իսլամական պետության» դրոշը:

Քրդական Firat գործակալությունն էլ հաղորդում է, որ ահաբեկիչները մտել են քաղաքի հարավային և արևելյան շրջաններ, որտեղ փողոցային մարտեր են ընթանում նրանց և քրդական ուժերի միջև: «Իսլամական պետության» ջոկատներն իրենց ուժերն ուղղել են քաղաքի կենտրոնի գրավմանը:

Ըստ թուրքական T24 կայքի` PYD-ի համանախագահ Այսա Աբդուլլահը հայտարարել է, որ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են «Իսլամական պետության» վերահսկողության տակ անցած տարածքներում: Նա, մասնավորապես, ասել է. «Կոտորածի վախ կա: Համաշխարհային հանրությունը պետք է արթնանա ու վճռորոշ քայլեր ձենարկի»: PYD-ի համանախագահը նաև անբավարար է գնահատել կոալիցիոն ուժերի գործողությունները:

Թեև քրդական կողմը համառորեն դիմադրում է ծանր զրահատեխնիկայով քաղաք մտած ահաբեկիչներին, սակայն նկատվում է նաև որոշակի խուճապ: Որոշ տեղեկությունների համաձայն` քաղաքացիական բնակչությունը լքում է քաղաքը:

Քոբանիում ստեղծված լարված իրադրությունը Վանում, Դիարբեքիրում, Սղերդում և քրդաբնակ բազմաթիվ քաղաքներում մարդկանց ստիպել է դուրս գալ փողոց և համերաշխություն հայտնել Քոբանիի հետ: Նրանք դադարեցրել են աշխատանքները, փակել խանութները: Քրդերը բողոքի ցույցեր են անցկացնում նաև Ստամբուլում:

Ներկայում ԱՄՆ-ն աշխատում է ISIS-ի դեմ միջազգային կոալիցիա ստեղծելու ուղղությամբ և ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որ վերջինս միանա կոալիցիային: Թուրքիան, ի դեմս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վերջերս հայտարարել է, որ կմասնակցի ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններին, սակայն իր պայմաններով, որոնցից մեկն է՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը:

Անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել կառավարության առաջարկին՝ թույլ տալ զինված ուժեր մտցնել Սիրիա և Իրաք:

Հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին տանկեր է տեղակայել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում