Ֆրանսիական Canal+ հեռուստաալիքին տված հարցազրույցում Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն անդրադարձել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հակամարտությանը, ինչի մասին բազմիցս գրել էր մամուլը: Նա նշել է, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ իր ընկերուհին հրապարակել է վատ արդյունքներ ցույց տվող «Ռեալի» հանդերձարանում տիրող իրավիճակի մասին:
«2012 թվականի ամռանը Մուրինյոյի հետ հարաբերությունները լավ էին: Մենք շատ էինք շփվում, սակայն ամեն ինչ փոխվեց Ծննդյան տոներին մոտ: Այն ժամանակ մեր թիմը լավ արդյունքներ ցույց չէր տալիս, և մեր հարաբերությունները փչացան, չնայած մենք շարունակում էին հարգել մեկս մյուսին: Իսկ հետո Սարան (Կարբոներոն` Իկեր Կասիլյասի լրագրող ընկերուհին - Civilnet.am) հայտնեց հանդերձարանում գոյություն ունեցող խնդիրների մասին, և սկսվեց կշտամբանքն իմ հասցեին: Իմ կարծիքով` նա պարզապես հրապարակել էր այն, ինչը բոլորին էլ հայտնի էր: Սակայն ես անմիջապես զգացի Մոուրինյոյի վերաբերմունքի փոփոխությունն իմ հանդեպ: Ինձ դավաճան անվանեցին», - ասել է Կասիլյասը:
Դարպասապահը նշել է, որ իրեն միշտ կշտամբել են այն բանի համար, որ չի պատասխանել Մոուրինյոյի վիրավորանքներին: «Եթե անկեղծ լինեմ, ապա ես պարզապես նախընտրեցի յուղ չլցնել կրակի մեջ` հանուն ակումբի», - հայտարարել է Կասիլյասը:
Ներկա փուլում Կասիլյասին շատ է մտահոգում այն, որ երկրպագուները ձախողումների դեպքում սուլում են իր հասցեին: «Ես «Ռեալում»եմ 9 տարեկանից, շատ բաներ եմ վերապրել ակումբի հետ... Իհարկե, հանդիսատեսն իրավունք ունի վարվել այնպես, ինչպես ճիշտ է գտնում, սակայն դրանից ես լուրջ ցավ եմ ապրում: Ամեն դեպքում, ցանկանում եմ կարիերաս այստեղ ավարտել: Սա իմ տունն է, և ես այս ակումբի սանն եմ», - հավելել է նա:
Civilnet











