Առնվազն 12 հոգի սպանվել է Թուրքիայում քուրդ ցուցարարների և ոստիկանության միջև բախումներում, հաղորդում է BBC-ն:Ցույցերը սկսվել են ի նշան համերաշխության Սիրիայի՝ քրդերով բնակեցված Քոբանի [Այն ալ Արաբ] քաղաքի հետ, որտեղ այս օրերին հուժկու մարտեր են մղվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մարտիկների և քրդերի միջև: Ցուցարարների բողոքն ուղղված է Թուրքիայի դեմ, որը, նրանց պնդումներով, Քոբանիում աջակցում է «Իսլամական պետությանը», ինչի հետևանքով քրդերը կանգնել են կոտորածի վտանգի առաջ:Թուրքկական Anadolu գործակալությունը հաղորդում է, որ վերջին տվյալներով` 8 մարդ զոհվել է Դիարբեքիրում, 2 մարդ` Սղերդում, մեկական ցուցարարար` Մուշի Վարթոյի շրջանում և Բաթմանում: Տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և ջրշիթ: Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը հայտնում է, որ հոկտեմբերի 7-ին Ստամբուլում 2-3 հազ. զինված խումբ հարձակվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» գրասենյակի վրա և պաշարել այն: Անվտանգության ուժերը չեն միջամտել դեպքերին:Թուրքական մեյ այլ կայք՝ Demokrathaber-ը տեղեկացնում է, որ «Ազգայնական շարժում» կուսակցության [հայտնի է որպես «Գորշ գայլեր» - ՍիվիլՆեթ] անդամները Ստամբուլի որոշ վայրերում հարձակվել են քաղաքում բնակվող քրդերի տների վրա և ծեծի ենթարկել տղամարդկանց, կանանց ու երեխաներին: Ստամբուլի նահանգապետարանի տվյալներով` Ստամբուլում բերման է ենթարկվել 98 և վիրավորվել 30 մարդ, որից 8-ը՝ ոստիկան:Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան մեղադրել է ցուցարարներին իրենց սեփական երկրին դավաճանելու մեջ: Նրա խոսքով՝ բռնությանը պատասխանելու են բռնությամբ:Քրդական խոշորագույն՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությունն (PKK) ու քրդական մյուս կառույցները կոչ են արել իրենց անդամներին և համախոհներին դուրս գալ փողոց և ընդվզել «Իսլամական պետության» առաջխաղացման դեմ:Քրդական Firat գործակալությունը գրում է. «Փողոց դուրս եկած հարյուր հազարավոր քրդերը իրենց բողոքն են բարձրացրել Քոբանիում քրդերի հնարավոր կոտորածի դեմ, որն իրականացվում է «Արդարություն և զարգացում» կուսակցության ձեռքով»: Firat-ը Թուրքիայի արևելյան շրջանները համակած ցույցերն անվանում է «դաս Թուրքիային Քոբանիի համար»:Քրդական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայի արևելյան քրդաբնակ շրջաններում հուժկու ցույցերը կանխելու համար ցուցարարների դեմ տանկեր են հանվել:Թուրքական կառավարամետ մամուլն էլ միաբերան պնդում է, որ տեղի ունեցող ցույցերը թուրք-քրդական խաղաղության գործընթացի վերջն են, և որ դրանով քրդական կառույցները փաստորեն պատերազմ են հայտարարել Թուրքիային: Բացի այդ, տեղի ունեցող ցույցերը թուրքական կառավարությունը համարում է անօրինական:Վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Նա սադրանք է համարել Մուստաֆա Քեմալի արձանի այրումը և նշել, որ դա կապ չունի քրդերի հետ: Նա ասել է, որ իրենք խաղաղություն են ցանկանում:Ցույցերի պատճառով ցույցերի էպիկենտրոն Դիարբեքիրում պարետային ժամ է սահմանվել, որը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 9-ը:Ուշագրավ է, որ թուրքական հեռուստատեսությունը չի լուսաբանել տեղի ունեցող բողոքի ակցիաները։ Սոցիալական ցանցերում բավական մեծ հակաքրդական ալիք է բարձրացել, անգամ հնչել են քրդերին ոչնչացնելու կոչեր:Թուրքիան, ձեռնպահ մնալով «Իսլամական պետության» դեմ պայքարելուց, վտանգի է ենթարկում թուրք-քրդական խաղաղության գործընթացը: Որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ Թուրքիան կարող է առերեսվել ներքին լուրջ պառակտումների:
Քրդական հուժկու ցույցեր Թուրքիայում

Civilnet










