Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հանդես է եկել ելույթով՝ վերջին օրերին Թուրքիան համակած ցույցերի վերաբերյալ: Փողոց դուրս եկած քրդերը իրենց բարոյական աջակցությունն են հայտնում «Իսլամական պետության» (ISIS) դեմ կռվող՝ Սիրիայի իրենց ազգակիցներին և դատապարտում այն, որ Թուրքիան օժանդակում է ահաբեկչական կազմակերպությանը: Դեմիրթաշը հանդես է գալիս խաղաղություն հաստատելու կոչերով և կարծում, որ Քոբանին չպետք է դառնա թուրքերի և քրդերի միջև խաղաղության վերջակետը:
ISIS-ը օգնություն է ստանում Սիրիայի բոլոր կողմերից, կարողանում է բեռնափոխադրում ապահովել: ISIS-ը քսան օրում չէ, որ սովորել է տանկի հետ գործ ունենալ: Կան սպաներ, որոնք սովորեցրել են՝ ինչպես օգտագործել այդ տանկերը: Դրանց թվում եղել են նույնիսկ հրամանատարներ, որոնք տանկային բանակ են ղեկավարել: Նրանք քսան օրում չէ, որ ի հայտ են եկել: Աշխարհի, այդ թվում և՝ տարածաշրջանի որոշ երկրներ ISIS-ին տանկեր են տվել, ապահովել հետախուզական տեղեկություններով և ռազմական կրթությամբ:
Սադամ Հուսեյնի մի շարք հրամանատարներ Կատարի, Սաուդյան Արաբիայի օգնությանբ այստեղ են եկել և բացահայտ աջակցություն են ցուցաբերում ISIS-ին:
Թուրքիան չի փոխում ISIS-ի նկատմամբ իր քաղաքականությունը, և վերջինիս օգնությամբ է, որ ISIS-ն առաջ է շարժվում: Չնայած հսկայական օգնությանը` Քոբանիի մի բուռ դիմադրությանը բարոյական աջակցություն հայտնողներին Թուրքիայում ամեն օր ճնշում են գազով և մահակներով: Այսօր ISIS-ի ձեռքի տակ եղած տեխնիկան վերջին մոդելի ամերիկյան և ռուսական զենքեր են, Մոսուլից և Հալեպից գրավված ամենաժամանակակից զենքերն են: Եվ ոչ ոք դրա հետ հաշվի չի նստում և չի փորձում կանգնեցնել դա:.
Հուսանք՝ Թուրքիայի՝ «Քոբանին չի ընկնի», «Քոբանիին ամեն տեսակ օգնություն է ցուցաբերվում» և նման այլ հայտարարությունները կյանքի կկոչվեն: Հուսանք՝ սխալ քաղաքականությունը Քոբանիի դարպասներից հետ կդառնա: Այսօր միմյանց սպառնալու օր չէ: Խաղաղության գործընթացը շարունակելու գործում Աբդուլլահ Օջալանի ուղերձը շատ հստակ է: Քոբանին և Թուրքիայում թուրք-քրդական խաղաղության գործըթացը փոխկապակցված են: Եթե ցանկանում եք հարատև խաղաղություն հաստատել՝ Քոբանին միայնակ մի՛ թողեք:
Եթե հարատև խաղաղություն ենք ցանկանում, պետք է Քոբանիին անտեր չթողնենք, Քոբանի տանող ճանապարհները, միջանցքները պետք է բացվեն: Հրատապ օգնություն պետք է ցուցաբերվի Քոբանիի ժողովրդին՝ ISIS-ի դեմ պայքարում: Մենք ցանկանում ենք, որ Քոբանին լինի ոչ թե թուրք-քրդական խաղաղության վերջակետը, այլ այն քայլը, որը կտանի հարատև խաղաղության: Գործը գլուխ չի բերվի սպառնալիքով կամ շանտաժով: Այսինքն՝ «ISIS-ն ու PKK-ն նույն բանն են» ասելով [Էրդողանի հայտարարությունը - ՍիվիլՆեթ]՝ գործը գլուխ բերել հնարավոր չէ: Նման մթնոլորտում առաջխաղացում չի լինի:
Civilnet











