Ուկրաինական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող տնտեսությունների վրա, բայց և այնպես բարեփոխումների անհրաժեշտությունը երկարաժամկետ իմաստով շարունակում է մնալ արդիական. այս մասին ասված է գլոբալ տնտեսական հեռանկարների վերաբերյալ Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրությունում:
«Անկախ պետությունների համագործակցության երկրների տնտեսություններն առերեսվել են անբարենպաստ գործոնների, որոնք պայմանավորված են Ուկրաինայի ճգնաժամով և Ռուսաստանի տնտեսությունում սկսված ստագնացիայով: Սակայն մինչ այժմ այս գործընթացների բացասական ազդեցությունը մյուս երկրների վրա սահմանափակ բնույթ է կրել: ԱՊՀ երկրների տնտեսությունների չափազանց մեծ կախվածությունը էներգառեսուրսների արտահանումից պահպանվում է, մինչդեռ կառուցվածքային բարեփոխումների անցկացման տեմպերը դանդաղել են: Ակնկալվում է, որ այս երկրներում տնտեսական աճը 2014-ին չի գերազանցի 1%-ը և միայն 2015-ին աննշան կբարձրանա` մինչև 1,3%»,- կանխատեսում են ՀԲ փորձագետները:
ՀԲ հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` տնտեսական աճի կանխատեսումները տարածաշրջանում շարունակում են ցածր մնալ: Բանկը 2014-ին ակնկալում է 1,8% տնտեսական աճ, 2015-ին` 2,1%:
Ըստ ՀԲ տարածաշրջանի փոխնախագահ Լորա Թաքի` ուկրաինական ճգնաժամն իր իր բացասական ազդեցությունն է ունեցել երկրների տնտեսական աճի վրա: Սակայն, դրանից զատ` երկրներից շատերը ունեն կառուցվածքային խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք են զգում:
Տարածաշրջանային փոխնախագահը նշել է, որ բանկը շարունակում է մշտադիտարկել ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը: Բայց և այնպես, նա կարևորել է կառուցվածքային բարեփոխումների դերը, որպեսզի երկարաժամկետ կտրվածքով երկրները կարողանան ապահովել բարենպաստ տնտեսական աճը մրցակցության խթանման միջոցով:
Civilnet











