«Իսլամական պետություն» (IS, նախկին՝ ISIS - ՍիվիլՆեթ) ահաբեկչական խմբավորման զինյալները հոկտեմբերի 9-ին նոր հարձակումներ են գործել՝ Քոբանի (Այն ալ Արաբ) սիրիական սահմանամերձ քաղաքում ավելի մեծ տարածքներ նվաճելու նպատակով:
Ինչպես հաղորդում է Wall Street Journal պարբերականը, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան օդային հարվածներ է հասցրել խմբավորման դիրքերի վրա՝ նրա առաջխաղացումը Քոբանիում կանխելու համար:
Պարբերականը, հղում անելով ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությանը, գրել է, որ հոկտեմբերի 8-ին և 9-ին կոալիցիայի ռազմաօդային ուժերը 19 հարված են հասցրել Քոբանիի մոտակայքում: Կենտրոնական հրամանատարությունը նաև հայտնել է, որ կան վկայություններ, որ քուրդ զինյալները շարունակում են վերահսկել Քոբանիի մեծ մասը: Սակայն հոկտեմբերի 9-ի երեկոյան Քոբանիի քառորդ մասը անցել է «Իսլամական պետություն» վերահսկողության տակ:
BBC-ն էլ հաղորդում է, որ «Իսլամական պետության» զինյալները միջազգային կոալիցիայի ավիահարվածների արդյունքում ստիպված հեռացել են Քոբանիի՝ նախկինում գրավված հինգ թաղամասերից: Քաղաքային ադմինիստրացիայի ներկայացուցիչ Իդրիս Նասանը BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ ներկայում իսլամիստների վերահսկողության տակ է քաղաքի ընդամենը մի քանի շենք:
Ոչ իրատեսական ակնկալիքներ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է հավանականությունը, որ Թուրքիան միայնակ օպերացիա կսկսի Քոբանիում:
«Իրատեսական չէ ակնկալել, որ Թուրքիան ինքնուրույն ցամաքային օպերացիա կսկսի»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Անկարան ձգտում է նրան, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվի թռիչքազերծ գոտի, որպեսզի կանխվի այդ երկրի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի օդային ուժերի թռիչքը Թուրքիայի հետ սահմանի վրայով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգն Անկարայում հայտարարել է, որ թռիչքազերծ գոտու հարցը դաշինքում չի քննարկվել:
Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններին մասնակցի իր պայմաններով, որոնցից մեկն է՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը: Անկարան պնդում է, որ ջիհադականների դեմ ռազմական գործողություններն ուղեկցվեն Ասադի վարչակարգի դեմ քայլերով:
Թուրքական խորհրդարանն անցյալ շաբաթ հավանություն էր տվել կառավարության առաջարկին՝ թույլ տալ թուրքական զինված ուժեր տեղակայել Սիրիայի և Իրաքի տարածքներում, ինչին հետևել է Սիրիայի հետ սահմանին թուրքական տանկերի տեղակայումը: Սակայն ավելին Թուրքիան չի անում:
Բախումներ Թուրքիայում
Հոկտեմբերի 7-8-ը Թուրքիայում սկսվել են քրդական հուժկու ցույցեր՝ ի նշան համերաշխության Քոբանիի քրդերի հետ: Ցուցարարները բողոքում են, որ Թուրքիայի կառավարությունը Քոբանիում աջակցում է «Իսլամական պետությանը», ինչի հետևանքով քրդերը կանգնել են կոտորածի վտանգի առաջ:
Today’s Zaman-ի հաղորդմամբ՝ վերջին երեք օրերի ընթացքում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներում զոհվել է 29 հոգի: «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հոկտեմբերի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է. «Մենք պատրաստ ենք երկխոսության՝ խաղաղության գործընթացը ճիշտ ուղու վրա դնելու համար»:
Civilnet











