Գլխավոր Լրահոս

Սիրիայի քրդական զինուժի կանանց թևի հրամանատարը՝ Քոբանիում պայքարի մասին

Սիրիայի քրդական զինուժի կանանց թևի հրամանատարը՝ Քոբանիում պայքարի մասին

Քրդական Firat գործակալության թղթակից Սեդաթ Սուրը զրուցել է Սիրիայի քրդական զինուժի կանանց թևի (YPG/ YPJ) հրամանատար Մեյսա Էբդոյի հետ: Նա պատմել է վերջին շաբաթներին Քոբանիում քուրդ մարտիկների և «Իսլամական պետություն» (IS, նախկին ISIS - ՍիվիլՆեթ) իսլամիստական ծայրահեղական խմբավորման միջև պայքարի ընթացքի և այդ պայքարի՝ քրդերի ու Թուրքիայի միջև հարաբերությունների տեսանկյունից կարևորության մասին: Էբդոյի հետ հարցազրույցից հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև:

- Լրանում է Քոբանիի վրա ISIS-ի ջոկատների հարձակման 24-րդ օրը, և պայքարն այժմ ծավալվում է բուն քաղաքում: Կարո՞ղ եք մի փոքր պատմել Քոբանիի ներսում ներկա իրադրության մասին: 

- Մեր դեմ հարձակումները շարունակվում են մոտ մեկ ու կես տարի: ISIS-ն այժմ օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները: Խմբավորումը ուժեր է հավաքել Իրաքից և Սիրիայից և հուժկու կերպով հարձակվում է իր ցամաքային ամենահզոր զենքերով: Նրանց նպատակն ու երազանքն է, որ նահանջենք, սակայն մենք որպես YPG/YPJ և որպես քուրդ ժողովուրդ՝ ցուցաբերել ենք օրինակելի դիմակայություն:

Քոբանի մտնելու համար ISIS-ի ջոկատները ստիպված են լինելու անցնել մեր դիրքերի միջով: Մենք ասել ենք, որ մինչև վերջին շունչը չենք թողնելու մեր դիրքերը: Կարող ենք ասել, որ ISIS-ի հարյուրավոր զինյալներ սպանվել են քաղաք մտնելուց ի վեր: Նրանք հույսը դնում են ծանր զենքերի վրա՝ տանկեր, հրետանի և հրթիռներ, սակայն շատ կորուստներ են կրել: Նրանց բազմաթիվ տանկեր, ծանր զենքեր ոչնչացվել են:

- Երեկվանից սկսած՝ Հյուսիսային Քրդստանի (Թուրքիայի քրդաբնակ շրջաններ - ՍիվիլՆեթ) ու Թուրքիայի և Եվրոպայի խոշոր քաղաքների քուրդ բնակիչները բոլոր վայրերը վերածել են իսկական Քոբանիի: Ի՞նչ կարող եք ասել այդ ընդվզման մասին:

- Ուզում եմ ասել հետևյալը. այդ ընդվզման մեջ շատ հերոսություն կա: Դա միայն տարածաշրջանի պաշտպանություն չէ, այլ երկրի ու ժողովրդի պաշտպանություն: Քոբանին դիմակայության ամրոց է քուրդ ժողովրդի համար և նրա գոյության ամրոցն է: Դա ամրոց է, որում փշրվում է ժխտման և ոչնչացման քաղաքականությունը և ստեղծվում է համակարգ ազատ կյանքի համար: Քոբանիի դիմակայությունը քրդերի համար ազատ կյանքի խորհրդանիշ է: Հետևաբար սա դիմակայություն է չորս մասերի (Քրդստանի) համար:

-Քոբանիում ձեր պայքարին միացել են այլ ազգեր ներկայացնող մարտիկներ: Ինչպե՞ս եք դա գնահատում:

- Տարածաշրջանի մյուս ճնշված ժողովուրդները պետք է լավ իմանան սա. Քոբանին ոչ միայն Քրդստանի ազատության ու ազատագրման, այլև տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ազատության խորհրդանիշն է: Բոլոր ժողովուրդներն այս դիմակայության մաս են կազմում: Պայքարի ընթացքում կորցրել ենք 10 արաբ ընկեր:

 

«Եթե Քոբանին ընկնի, Թուրքիան նույնպես կընկնի»

- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երեկվա ելույթում ասել է. «Քոբանին ընկել է, այն կընկնի»: Ի՞նչ կարող եք ասել դրա մասին:

 - ISIS-ի հարձակումները զարգացել են որպես տեսլական, որը վերջին օրերին ավելի հստակ է դարձել: Թուրքական պետությունն այս ամենի հարցում շատ աղոտ, երկիմաստ մոտեցում ունի. նրանք ասում են, որ աջակցություն չեն ցուցաբերում, սակայն զարգացումները ցույց են տալիս, որ նրանք այս ամենի մաս են կազմում: Թուրքիան պետք է անհապաղ հրաժարվի այս քաղաքականությունից, կամ կլինի շատ մեծ աղետ: Եվ կորցնողը Թուրքիան կլինի: Քոբանիի դիմակայությունը դիմակայություն է, որի նպատակն է ժողովրդավար Թուրքիայի ստեղծումը:

Էրդողանն այս տեսանկյունից պետք է իմանա, որ եթե Քոբանին ընկնի, Թուրքիան նույնպես կընկնի, և դա աղետալի կլինի: Նա ասում է՝ «Քոբանին ընկել է, այն կընկնի»: Էրդողանը երազում է և կարող է միայն երազել Քոբանիի անկման մասին: Այն չի ընկնում և չի էլ ընկնի:

- Քոբանիում ISIS-ի դեմ կոալիցիայի օդային հարվածները բավարա՞ր եք համարում:                 

- Կարող ենք ասել, որ նրանց այդ որոշումն ուշացած էր: Մարտերն այժմ ընթանում են քաղաքի ներսում, հետևաբար անհրաժեշտ է ուժեղացնել մեզ հետ գործողությունների համակարգումը:

Եթե կոալիցիայի ուժերն իսկապես ցանկանում են վերջ տալ ISIS-ին և անկեղծ են այդ հարցում, ապա ISIS-ի՝ Իրաքի և Սիրիայի գրեթե բոլոր ուժերն այժմ Քոբանիի շուրջ են: Եթե ISIS-ին պարտության մատնել Քոբանիում, նրանց վերջն ամենուրեք կգա:

 

Քոբանիի դիմակայությունը կանանց դիմակայություն է

- Ի՞նչ կցանկանայիք ասել՝ որպես ամփոփում: 

- Կցանկանայի խոսել Քոբանիում կանանց դիմակայության մասին: Կարող ենք ասել, որ Քոբանիի դիմակայությունը մասնավորապես կանանց դիմակայություն է: Դա նաև մարդկության դիմակայությունն է ISIS կեղտոտ, անմարդկային խմբավորման դեմ: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հյուսիսում նահատակվածների հիշատակին և ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում