Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ում գործող թուրքական հասարակական կազմակերպությունների հետ, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին` կրկնելով Թուրքիայի ժխտողական թեզերը և հույս հայտնելով, որ հայ ժողովուրդը ողջախոհություն կցուցաբերի:
Չավուշօղլուն նշել է, որ «1915թ. իրադարձությունների 100-ամյակի նախաշեմին կրկին օրակարգ են մտել հայերի պնդումները»:
«Հայաստանը և սփյուռքը միջազգային արշավ են սկսել և նպատակ ունեն սևացնել թուրքերի պատմությունն և ինքնությունը»,- ասել է Չավուշօղլուն:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի` 2015թ. Թուրքիայի համար կռվի տարի չի լինելու. «Թուրքիայի նման ինքնավստահ, բարձր ու ժամանակակից արժեքներ կրող երկիրն այդպիսի կռվի մեջ չի մտնի»:
«Բնականաբար, միանգամայն անընդունելի է միակողմանի հիշողությամբ գնահատել իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 100 տարի առաջ և պարունակում են ճշգրտման կարիք ունեցող շատ զգայուն հարցեր:
Հայերը Օսմանյան կայսրության վերջին տարիներին` պատերազմի ընթացքում, տեղի ունեցած ցավալի դեպքերը սերնդեսերունդ փոխանցելով` դրանք վերածել են մեծ տրավմայի: Նման հոգեվիճակը հայության երկրորդ և երրորդ սերունդներին ամբողջությամբ հեռացրել է թուրքերից, ինչը տարօրինակ է վերջիններիս համար:
2015թ. նաև Չանաքքալեի (Դարդանելի - ՍիվիլՆեթ) ճակատամարտի 100-ամյակն է, և այդ տարելիցը ANZAC-ի (Օսմանյան կայսրության դեմ կռվող` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուս - ՍիվիլՆեթ) սերունդների հետ միայն բարեկամություն հաստատելու միջոց է:
ԱՄՆ-ն ու մյուս երկրները պետք է չաջակցեն միակողմանի հիշողության վրա հիմնված պատմական թեզերին, զերծ մնան այդ թեզերն առանց քննարկման որպես իրականություն ընդունելուց և օրենքներ մշակելուց: Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ 1915թ. իրադարձություններն օգտագործվում են ներքին քաղաքական հաշվարկների և քվեներ հավաքելու նպատակով, ինչը սխալ է:
Դա պատմական ընդհանուր ցավ է: Մենք մեր ամերիկացի գործընկերների հետ միասին պետք է ընդդիմանանք Թուրքիայի դեմ սկսված արշավին և դրանից օգուտ քաղող շրջանակներին»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը:
Չավուշօղլուն նաև խնդրել է 1915թ. վերաբերյալ Թուրքիայի մարդկային և բարոյական մոտեցումը, որը հիմնված է պատմական և իրավական փաստարկների վրա, փոխանցել ամերիկյան հասարակությանն ու հատկապես հայկական շրջանակներին:
«Հավատում եմ, որ թուրք և հայ ժողովուրդները մի խումբ սադրիչների և նրանց հաճոյացող քաղաքական գործիչների և գիտնականների գերին չեն լինի ու ողջախոհ մոտեցում կցուցաբերեն»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը: