Գլխավոր Լրահոս

Թուրքիան կտրամադրի իր ռազմակայանները ընդդեմ ISIS-ի. Օբամայի խորհրդական

Թուրքիան կտրամադրի իր ռազմակայանները ընդդեմ ISIS-ի. Օբամայի խորհրդական

Թուրքիան թույլատրել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից իր ռազմաբազաների օգտագործումը: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ-ին նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը NBC հեռուստաալիքի եթերում:

ԱՄՆ-ը գլխավորում է միջազգային կոալիցիան, որի օդային ուժերը վերջին շաբաթներին պարբերաբար հարվածներ են հասցնում «Իսլամական պետության» (ISIS) դիրքերին:

Ռայսի խոսքով՝ Թուրքիան տվել է իր համաձայնությունը, որ իր ռազմակայաններն օգտագործվեն որպես սիրիական չափավոր ընդդիմության ուժերի նախապատրաստության ու Իրաքի և Սիրիայի տարածքում օպերացիաների հարթակ:

«Դա Թուրքիայի նոր հանձնառությունն է, որը մենք մեծապես ողջունում ենք»,- ասել է Սյուզան Ռայսը NBC-ի եթերում:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վերջերս հայտարարել է, որ բացառում է Սիրիայի տարածքում միայնակ ցամաքային գործողություններ սկսելու տարբերակը: Ավելին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Սիրիայում գործողությունների թիրախը պետք է լինի այդ երկրի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը:

«Թուրքիան այժմ ցանկանում է միանալ Սաուդյան Արաբիային՝ առաջարկելով իր տարածքն օգտագործել «Իսլամական պետության» դեմ Սիրիայում պայքարող սիրիացի չափավոր ընդդիմադիրներին վարժեցնելու համար»,- ասել է Ռայսը:

Անդրադառնալով Թուրքիայի առաջարկած բուֆերային գոտու կամ թռիչքազերծ գոտու ստեղծմանը՝ Ռայսն ասել է, որ նման մտադրություն ներկայում չկա:

«Այս պահին դա անհրաժեշտ չենք համարում ISIS-ին ոչնչցանելու ու լուծարելու նպատակին հասնելու տեսանկյունից»,- ասել է ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը:

Թուրք-սիրիական սահմանին գտնվող քրդաբնակ Քոբանի (Այն ալ Արաբ - ՍիվիլՆեթ) քաղաքում շարունակվում են հուժկու մարտերը Սիրիայի քրդական զինուժի (YPG) և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև:

Ինչպես հաղորդում է բրիտանական Guardian պարբերականը, քաղաքը հոկտեմբերի 12-ին հրետակոծվել է, արևելյան և հարավարևելյան հատվածներում հուժկու բախումներ են տեղի ունեցել քրդական զինուժի և ISIS-ի միջև, սակայն կողմերից և ոչ մեկը առաջխաղացման չի հասել:

BBC-ի հաղորդմամբ, քաղաքում շարունակում են մնալ մի քանի հարյուր բնակիչներ: ՄԱԿ-ի Սիրիայի հարցով բանագնաց Ստաֆան դե Միստրուան նախազգուշացրել է, որ բոլոր բնակիչները կարող են սպանվել, եթե Քոբանին անցնի ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:

Ուշագրավ է, որ միջազգային առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցները հաղորդել են, որ Թուրքիան համաձայնել է իր ռազմակայանները տրամադրել կոալիցիոն ուժերին, մինչդեռ թուրքական լրատվամիջոցներից մի քանիսը լուրը հրապարակել են հղում անելով արևմտյան պարբերականներին, մասնավորապես՝ Associated Press-ին, որի հետ զրույցում ամերիկացի պաշտոնյաները հաստատել են վերոնշյալ լուրը:

Այսպես օրինակ՝ թուրքական T 24-ը գրել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնյաների հաղորդմամբ՝ Թուրքիայում գտնվող Ինջիրլիքի ռազմակայանը օգտագործվելու է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից՝ ISIS-ի դիրքերին հարվածելու համար: Today’s Zaman անգլալեզու թուրքական առաջատար կայքն էլ լուրն այսպես է ներկայացրել. «Ամերիկյան մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ Թուրքիան համաձայնել է տրամադրել իր տարածքը՝ սիրիացի չափավոր ընդդիմադիրներին վարժեցնելու համար»:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում