ԱՄՆ կատարած աշխատանքային այցի վերջին օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդի հետ, ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը:
«Մակրոտնտեսական հարցերում ԱՄՀ-ն եղել և մնում է մեր կարևոր գործընկերը: Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի անկախացումից ի վեր մեր կարևորագույն ձեռքբերումներից է, ինչին տարիների ընթացքում մեծապես նպաստել է ԱՄՀ-ն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
«ԱՄՀ-ն բոլորի տունն է, և Հայաստանը այդ ընտանիքի լիիրավ անդամն է: Հայաստանը վստահելի գործընկեր է, և մենք շարունակելու ենք համագործակցությունը Հայաստանի հետ և օժանդակելու տնտեսության զարգացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներին»,- իր հերթին ասել է ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը:
Հովիկ Աբրհամյանն էլ նշել է, որ տարեսկզբին ԱՄՀ խորhրդի կողմից հաստատված եռամյա ծրագիրը զարգացման նոր փուլ է նախանշում Հայաստանի տնտեսության համար՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանն ընդհուպ կմոտենա զարգացող շուկաներ ունեցող երկրների ճամբարին:
Վարչապետն ասել է, որ կառավարությունը վճռական է տրամադրված շարունակելու բարեփոխումները տարբեր ոլորտներում՝ ուղղված տնտեսության զարգացմանը և երկրի մրցունակության բարձրացմանը:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Civilnet











