Գլխավոր Լրահոս

Քանի դեռ իշխանությունը փոխելու ոչ մի եղանակ չի աշխատել

Քանի դեռ իշխանությունը փոխելու ոչ մի եղանակ չի աշխատել

Շանթին ու նրա ընկերներին հանցագործ ճանաչեցին առանց աչք թարթելու: Պատճառ ունեին: Ի՞նչ գործ ուներ Շանթը փողոցում: Ինչու՞ էր մահակն առել ու խոսում հեղափոխության մասին: Որովհետև ինքը հստակություն էր ուզում՝ կարդացել էր Սահմանադրությունը, տեսել էր, թե դրանում ով որտեղ է: Հետո նայել էր իրականության աչքերի մեջ ու տեսել, որ Սահմանադրությունը վաղուց գոյություն չունեցող պետության քաղաքացիների տեղեկատու է: Ինչպես տեսիլք ունեցող ցանկացած մարդ, Շանթն էլ Սահմանադրության մեջ «տեսել էր երևի արևային մի քաղաք»: Այսինքն, որպես քաղաքացի խաբվել էր: Ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք տեսիլք ունեն: Հանած, տվյալ դեպքում, դատավոր Մնացական Մնացականյանին, որը կայացրեց վեց տարի դատապարտելու դատավճիռը: Հեռուստացույցով եմ տեսել Մնացականի դեմքը դատավճիռը կարդալիս: Չկարծեք, թե այնտեղ համոզմունք կար, որ Շանթը հանցագործ չէ: Չկար այդպիսի համոզմունք, որովհետև Մնացական Մնացականյանը մարդ է, որը չի ուզում սոված քնել: Մնացական Մնացականյանը մարդ է, որն առավոտյան տնից դուրս գալիս օրգանական ամբողջություն չէ պետության, իր կրթության, դատարանի շենքի և օրենքների հետ: Մնացական Մնացականյանը մարդ է, որը գիտի Բաղրամյան 26-ի տեղը՝ որպես ՆԿՎԴ-ի նկուղ, գիտի դատախազության տեղը՝ որպես գործ սարքելու «գրադարան», և իրեն գիտի՝ որպես ինքն իրեն դավաճանած մարդ: Այսինքն, քայլող քրեական գործ:

Ինձ հետաքրքիր չէ Շանթի մեղքը, քանի դեռ դատավորը հաշվետու է որևէ մեկին: Ինձ հետաքրքիր չէ Շանթի մեղքը, քանի դեռ այս պետության մեջ իշխանությունը փոխելու ոչ մի եղանակ չի աշխատել: Ինձ հետաքրքիր չէ Շանթի մեղքը, քանի դեռ որոշակիացված չէ՝ ինչպե՞ս վարվել Սերժ Սարգսյանի հետ, որը դատավճռից առաջ նրան հռչակել է հանցագործ: Եվ ինձ հետաքրքիր չէ Շանթի մեղքը, քանի դեռ չդատապարտվածների մի հսկա բանակ կա, որին առանձնապես խորթ չեն պայքարի այն մեթոդները, որոնք միշտ կենսունակ են տարածքներն օկուպացրածների հանդեպ: Իսկ Հայաստանը օկուպացված տարածք է: Շանթն ասում էր՝ ախպեր, մտել ես իմ տուն ու չես ուզում դուրս գալ, ինչպե՞ս վարվենք քեզ հետ: Էն մյուսն ասում է՝ դու հանցագործ ես: Որովհետև դատավոր Մնացական Մնացականյանի «տանը», այսինքն, շրջապատում, չկա մեկը, որը կնստի: Ինքը նստեցնում է, որպեսզի ապահովագրի իրական նստողներին: Որովհետև չի լինում էնպես, որ դատարանը լինի, դատավորները լինեն, ոստիկանությունը լինի, հանցանքը (ամենապայմանական բառը Հայաստանում գոնե Վերահսկիչ պալատի զեկույցների ժամանակ) լինի, հանցագործները լինեն (տես Վերահսկիչ պալատի զեկույցները), բանտերը լինեն, նստող չլինի:

Ուրեմն, երբ Շանթին ասում են` դու հանցագործ ես, կատակ չեն անում: Իհարկե հանցագործ է: Ինչու՞: Որովհետև փոխանակ մյուսների նման Հայաստանից փախչի ու ասպարեզը թողնի Մնացականի նման առանց հրահանգի դատեր անել չկարողացողներին, մնացել է ու կռիվ է տալիս: Անձամբ ինձ համար, Մնացականը «ճիշտ» է վարվել: Որովհետև կա՛մ Շանթը պիտի նստի, կա՛մ ինքը: Եթե Վերահսկիչ պալատի զեկույցն անհետևանք է, Շանթը հանցագործ է:

Բանտում նստելը մեռած լինելու ձևերից մեկն է: Սերժ Սարգսյանն ու Մնացական Մնացականյանը Շանթին ու նրա ընկերներին ասում են՝ դուք մեռեք, մենք կապրենք: Շանթը կարող էր հանցագործ լինել Շվեդիայում կամ Դանիայում, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանն ու Մնացական Մնացականյանն արդեն հետապնդված ու նստած լինեին: Բայց Շանթն իր պետության մեջ ուղիներ է փնտրում հատկապես այս երկուսից ազատ Հայաստան ունենալու համար: Շանթի պայքարի մեթոդներն, անկասկած, գրեթե ուղիղ համեմատական են այն եղանակներին, որոնցով Սերժ Սարգսյանը մարտի 1-ին իշխանության է եկել, իսկ Մնացական Մնացականյանը քաղել է նրա իշխանության պտուղները: Քանզի բացառված չէ, որ ինչ-որ հաջողությամբ Բաղրամյան 26 մտնելուց հետո Շանթը և նրա ընկերները ջարդեն Սերժ Սարգսյանի և այնտեղ գտնվողների գլուխը, որը դատապարտելի է: Բայց եթե դատավորը Մնացականյանն է, իմաստ չունի Սերժ Սարգսյանի գլուխը ջարդած Շանթին հանձնել Մնացականի ձեռքն ու ասել՝ դատի՛ր, ախպե՛ր: Որովհետև, ո՞վ ասաց, որ Մնացականը չէր արդարացնի Շանթին, մինչդեռ այդտեղ արդարացուցիչ ոչինչ չկա:

Հիմա պա՞րզ է, թե ինչու սահմանադրական բարեփոխումներն իմաստ չունեն: Որովհետև դրանք խաղի կանոններ չեն հստակեցնում, բոլոր Սահմանադրություններով Սերժ Սարգսյանը դատավոր է (Չեխիայում), Շանթը՝ զոհ, իսկ Մնացականյանը՝ դահիճ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում