Հոկտեմբերի 19-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբամայի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության՝ երկու նախագահները քննարկել են զարգացումները Սիրիայում, այդ թվում՝ իրավիճակը թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքում, որն արդեն մեկ ամիս է՝ գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշարման մեջ:
«Նախագահը (Բարաք Օբաման) զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քննարկելու Սիրիայում, մասնավորապես՝ Քոբանիում առկա իրավիճակն ու քայլերը, որոնք կարող են կանխել ISIS-ի առաջխաղացումը: Նախագահ Օբաման իր գոհունակությունն է հայտնել այն առթիվ, որ Թուրքիան հյուրընկալել է ավելի քան մեկ մլն փախստական, որոնց թվում՝ հազարավոր փախստականներ Քոբանիից:
Երկու ղեկավարները խոստացել են շարունակել համատեղ սերտ աշխատանքը՝ ISIS-ի դեմ համագործակցությունն ուժեղացնելու նպատակով»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Օբամայի և Էրդողանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սպիտակ տան նախաձեռնությամբ:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության պաշտոնական կայքը, հոկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի զինված ուժերը Քոբանիում քրդական ուժերին մատակարարել են զենք-զինամթերք և դեղորայք:
«Մինչև այս պահը ԱՄՆ-ի օդային ուժերը ավելի քան 135 հարված են հասցրել Քոբանիում ISIS-ի դեմ»,- ասված է Կենտրոնական հրամանատարության շտապ հաղորդագրության մեջ:
Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հոկտեմբերի 19-ին ISIS-ը ծանր կորուստներ է կրել Քոբանիում իրաքայան ուժերի հարվածների արդյունքում, որոնք հասցվել են ԱՄՆ-ի զինված ուժերի աջակցությամբ:
Civilnet











