Գլխավոր Լրահոս

Թուրքիայի գրադարանները՝ Ցեղասպանության ժխտման գործիք

Թուրքիայի գրադարանները՝ Ցեղասպանության ժխտման գործիք
«Ակօս» թերթում լույս է տեսել հետազոտող Սերդար Քորուջուի «Թուրքիայում գրադարաններն ասում են` հայերն են, որ ցեղասպանություն են արել» վերնագրով հոդվածը: Հեղինակը պատմում է, թե «ցեղասպանություն» բառը փնտրելիս Թուրքիայի ամենանշանավոր գրադարաններում ինչ վերնագրով ու բովանդակությամբ գրքեր են հայտնվում ընթերցողի սեղանին: Սորուջուի հոդվածը որոշ կրճատումներով և թարգմանաբար ներկայացված է ստորև: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարմարա համալսարանում ակադեմիական նոր շրջանի բացման կապակցությամբ հանդես է եկել ելույթով և կարևորել պատմական իրադարձությունների շուրջ հետազոտությունների իրականացումը: Այդ թեմաների թվում նա մատնանշել է նաև «1915թ. իրադարձությունները», այսինքն` Հայոց ցեղասպանությունը: Էրդողանը քննադատել է Թուրքիայի նախկին իշխանությունների քաղաքականությունը, որոնք երբ խոսք էր գնում «1915թ. իրադարձությունների մասին», ասում էին` «չլսենք, չտեսնենք», այդ հարցն էլ վաղուց փակված է: Այնուհետև Էրդողանը շեշտել է գալիք տարվա կարևորությունը. «2015 թվականը 1915թ. իրադարձությունների 100-րդ տարին է, այդ իսկ պատճառով այն գտնվելու է մեր հատուկ ուշադրության կենտրոնում»: Էրդողանը հետազոտության իրականացման տեսանկյունից մատնանշել է գրադարանների կարևորությունը: Սակայն Թուրքիայի նախագահի նշած գրադարաններում ցեղասպանության հարցում գերիշխող է Թուրքիայի պաշտոնական թեզը: Թաքսիմ հրապարակի վրա գտնվող Աթաթուրքի անվան գրադարանում փնտրեցի և գտա 56 գիրք, որոնք պարունակում էին «ցեղասպանություն» բառը: Դրանցից ընդամենը 4-ն էր, որ հանդես չէր գալիս թուրքական պաշտոնական թեզի պաշտպանությամբ: 9 գիրք այն մասին է, որ հայերը ցեղասպանության չեն ենթարկվել: Դրանցից երկուսը պատկանում էին Թուրքական պատմագիտական ընկերության նախկին ղեկավար, ներկայում «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուի գրչին: Աթաթուրքի անվան գրադարանում երկու գիրք վերաբերում է Բոսնիայի դեպքերին, 8 գիրք՝ Արևմուտքի` գաղութատիրության ժամանակաշրջանում իրականացրած ցեղասպանություններին: Հրեական Հոլոքոստի վերաբերյալ 8 գիրք կար: Գրադարանում կան նաև սիոնիստների ու ֆաշիստների համագործակցության մասին պատմող՝ Ադնան Օքթարի երեք գրքերը: Ստամբուլի ամենամեծ գրադարանում` Բեյազըթում, նույն վիճակն է: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ «ցեղասպանություն» բառը պարունակող ավելի շատ գրքեր կան: 125 գրքերից միայն 16-ն են, որ Հայոց ցեղասպանությունը քննում են ոչ Թուրքիայի պաշտոնական թեզի շրջանակում: Պաշտոնական թեզն արտահայտող ընդհանուր 36 գրքերից 4-ի հեղինակը կրկին Հալաչօղլուն է: Նրան հաջորդում է պատմության մասնագետ Ջեզմի Յուրթսևերը, որի երեք գրքերը պատմում են այն վայրերի մասին, որտեղ «թուրքերը ցեղասպանության են ենթարկվել»: Բեյազըթի գրադարանում ընդհանուր առմամբ 52 գիրք պատմում է թուրքերի դեմ բռնության մասին: Հրեական Հոլոքոստի մասին կրկին ութ գիրք կա: Թուրքիայում գրքերի հարստությամբ աչքի ընկնող Անկարայի Ազգային գրադարանում «ցեղասպանություն» բառը փնտրելիս 156 գիրք է հայտնվում: Ստամբուլի գրադարանների համեմատ` Անկարայի վերոնշյալ գրադարանի առանձնահատկությունն այն է, որ կարևորություն է տրվում Խոջալուի իրադարձություններին: 43 գիրք, այսինքն՝ ցեղասպանության անվան տակ գտնվող մոտավորապես յուրաքանչյուր չորս գրքերից մեկը, Խոջալուի մասին է. գրեթե բոլորն ադրբեջանական հրատարակություններ են: Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական տեսակետներն արտացոլող գրքերի թիվը 28-ն է: Ամերիկացի պատմաբան Ժասթին Մակքարթիի «Մահ և աքսոր» գրքից, որտեղ ասվում է, թե Անատոլիայում ավելի շատ թուրք է սպանվել, քան հայ, այդ պատճառով էլ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունենցել, գրադարանում կա հինգ օրինակ: Նրան հաջորդում են Յուսուֆ Հալաչօղլուի և Իսմեթ Բինարքի գրքերը: Այս գրադարանում չկան Թաներ Աքչամի գրքերից: Ռայմոնդ Գևորգյանի «Ցեղասպանության երկորդ փուլը» և Իվ Տերնոնի «Մի ցեղասպանության պատմություն» գրքերը ներկայացված են երկու օրինակով: Բացի այն, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ  պաշտոնական տեսակետն արտահայտող 28 գիրք կա, Ազգային գրադարանում կան բազմաթիվ աշխատություններ՝ տարբեր տարածաշրջաններում թուրքերի հետ տեղի ունեցածի վերաբերյալ: 16 գիրք Կիպրոսում, Քիրքուկում, Բուլղարիայում թուրքերի հետ տեղի ունեցածը բնորոշում է որպես ցեղասպանություն: «Ցեղասպանություն» բառը փնտրելիս ընդհանուր հաշվով 87 գիրք պատմում է թուրքերի դեմ կիրառված բռնությունների մասին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում