Հոկտեմբերի 20-ին թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում երկրի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությունն է, որի համաձայն` Թուրքիան պատրաստ է Սիրիա անցնելու հարցում օգնել Հյուսիսային Իրաքի քրդական զինուժին` Փեշմերգային: Սա նշանակում է, որ Թուրքիան թույլատրելու է իր տարածքով Իրաքի քրդական ուժերին անցնել Քոբանի և կռվել Իսլամական պետության ահաբեկիչների դեմ [նախկինում կոչվում էր ISIS` Իրաքի և Շամի իսլամական պետություն - ՍիվիլՆեթ]: Թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքում քրդերը կենաց ու մահու կռիվ են մղում իսլամիստ ահաբեկիչների դեմ:
Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Քոբանիին օգնություն հասնելու համար: Թուրքիան էլ օգնություն է ցույց տալիս Փեշմերգային` Քոբանի անցնելու համար: Այս հարցով բանակցություններրը շարունակվում են»:
Ուշագրավ է, որ Հյուսիային Իրաքում հեռարձակվող Rudaw TV-ն ավելի վաղ ծանուցել էր, որ Թուրքիան թույլատրել է Փեշմերգային իր տարածքով անցնել Քոբանի: Այս մասին հաղորդում է նաև Zaman-ը` «Թուրքիան բացել է դռները Փեշմերգայի առաջ» խորհրդանշական վերնագրով:
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն սակայն մտահոգություն է հայտնել Սիրիայի քրդաբնակ շրջաններում ահաբեկիչների դեմ կռվող քրդական PYD-ի [Ժողովրդավարական միություն կուսակցություն - ՍիվիլՆեթ] գործունեության վերաբերյալ: PYD-ն համարվում է PKK-ի [Քրդստանի աշխատավորական կուսակցություն - ՍիվիլՆեթ] սիրիական մասնաճյուղը և գլխավորում է Սիրիայի քրդաբնակ տարածքներում ինքնավարություն հաստատելու ծրագրերը, ինչը, բնականաբար, անհանգստացնում է Թուրքիային:
Չավուշօղլուն ասել է. «Իհարկե, այս հարցում կան որոշ մտահոգիչ հանգամանքներ, որոնք արժանի են ուշադրության: PYD-ի ծրագրերը տարբերվում են Սիրիայի ազատ բանակի մտադրություններից: PYD-ն էլ, ինչպես ISIS-ը, ցանկանում է գերիշխանություն հաստատել Սիրիայի կոնկրետ մի հատվածում: Այդ իսկ պատճառով Թուրքիան կարծում է, որ դա սպառնալիք է Սիրիայի ապագայի և ժողովրդավարության հաստատման տեսանկյունից: Տարածաշրջանում PYD-ն և այլ միավորումները պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը և հրաժարվեն նմանատիպ ցանկություններից»:
Միաժամանակ` Չավուշօղլուն հայտարարել է, որ պետք է Սիրիայի նախագահ Ասադի դեմ պայքարում օգնել Սիրիայի ազատ բանակին, որին Թուրքիան համարում է չափավոր ընդդիմություն:
«Մյուս կողմից` սակայն Թուրքիան մշտապես շեշտել է, որ չպետք է աչքաթող անել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների իրական պատճառը. Ասադի ռեժիմն է Սիրիայի այսօրվա դրության իրական պատճառը և այդ մասին Թուրքիան մշտապես բարձրաձայնել է: Միաժամանակ` չպետք է մոռանանք, որ թե՛ Ասադի ռեժիմի, թե՛ ISIS-ի դեմ պայքարող միակ կառույցը Սիրիայի ազատ բանակն է»:
Չնայած հնչեցված բազմաթիվ կոչերին` Թուրքիան թույլ չէր տալիս քրդական ուժերին իր սահմանով անցնել Սիրիա: Քրդերը մեղադրում էին Թուրքիայի կառավարությանը ISIS-ին օժանդակելու մեջ:
Այնուհանդերձ, Քոբանիում դրությունը շարունակում է լարված մնալ` թեպետ կոալիցիոն ուժերի ավիահարվածներին և վերջին օրերին քրդական զինուժի գրանցած որոշակի հաջողություններին:
Civilnet











