Ազգային լինելու հետ մեկտեղ պետք է լինենք միջազգային` գլոբալ գիտելիքի դարաշրջանում։
Անցյալ շաբաթ Հայաստանում էր Վարդան Գրիգորյանը՝ Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր հետազոտական կենտրոններից մեկի՝ Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահը։ Վարդան Գրիգորյանը ԱՄՆ-ի և աշխարհի ակադեմիական շրջանակներում ամենահարգված դեմքերից է։ ԱՄՆ-ում նա ղեկավարել է Բրաունի համալսարանը, արժանացել նախագահների մրցանակների: Գրիգորյանը Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ ՍիվիլՆեթի Մարիա Թիթիզյանը պրոֆեսոր Գրիգորյանի հետ զրուցել է նրա անցած ուղու, կրթության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և այլ թեմաների շուրջ:
Կրթության կարևորության մասին
-Պրոֆեսոր, Դուք շատ համեստորեն եք սկսել ամեն ինչ: Ծնվել եք Պարսկաստանում, կյանքում բազմաթիվ դժբախտությունների առերեսվել, բայցևայնպես մեծագույն հաջողությունների հասել: Ես կարդում էի մենթորության և Ձեր կյանքում նրանց կարևորության վերաբերյալ Ձեր ելույթներից մի քանիսը: Դրանք առանցքայի՞ն դեր են ունեցել Վարդան Գրիգորյանի կենսագրությունը կերտելու գործում:
- Անկասկած: Իմ ուսուցիչները մենթորներ էին, սակայն նրանք նաև օրինակ էին ծառայում: Նրանցից ամենակարևորը տատիկս էր՝ անգրագետ գյուղացի կին: Սակայն նրանից սովորել եմ իմ արժեքների մեծ մասը: Դրանք պարզ էին, ուղիղ ու անմիջական` ճիշտն ասել, չգողանալ, չխաբել, չբորբոքվել և լինել բարի ու ինքնաբավ:
- Կրթության նկատմամբ Ձեր ծարավը և այն մարդիկ, որոնք փոխեցին Ձեր կյանքը, օգնեցին Բեյրութ տեղափոխվել և բարձրագույն կրթություն ստանալ Բեյրութում... Ձեր հուշագրություններում կարդացի ուսուցիչների մասին` Սիմոն Վրացյան, Լևոն Շանթ, Մուշեղ Իշխան՝ հայոց պատմության մեջ իսկապես խորհրդանշական կերպարներ...
- Վրացյանի դեպքում հոր ու որդու հարաբերություններ ստեղծվեց մեր միջև, քանի որ նրա որդին մահացել էր Արաքս գետը անցնելիս, նա ինձ իր թևի տակ առավ` ինձ համար դառնալով որդեգիր հայր: Իմ մյուս ուսուսցիչ Գուզելյանը մեծ պատմաբան էր, ավարտել էր Պրահայի Չարլզ համալսարանը, Հայկական համալսարանի պրոֆեսոր էր և մեզ դասավանդում էր նաև ավագ դպրոցում: Մեզ դասավանդում էին որպես համալսարանի ուսանողների: Նրանք չէին թերագնահատում մեր պատրաստվածության կամ զարգացածության մակարդակը, նա միշտ ինձ անվանում էր պրոֆեսոր Գրիգորյան: Երբ ինչ-որ մեկը հավատում է քեզ, դու սկսում ես քեզ դրսևորել ըստ այն դերի, որը քեզնից ակնկալվում է: Ի վերջո, նրանք ապրում էին այն արժեքներով, որոնք խրախուսում էին: Մի բան է, օրինակ, աշխատանքային պարտականությունները կատարելը, մեկ այլ բան` թե ինչպիսին են նրանք իրական կյանքում: Ես նրանց կյանքի ականատեսն էի: Երբ աղքատ ես, զրկված ես բոլոր հաճույքներից։ Միակ բանը, որ կար, գրականությունն էր, և ես այն գտա: Ես Ճամփորդեցի աշխարհով մեկ ու հանդիպեցի հիանալի մարդկանց՝ գրականության միջոցով, և այդ ամենը ինձ համար մեկ ուրիշ աշխարհ ստեղծեց։
Իմ կյանքը շատ աղքատ էր, դժվարին, չունեինք խաղալիքներ և այլն: Մի հարուստ կին, որն ուներ գրքերի առաջին հրատարակություններ` Դյումայի գործերը՝ «Կոմս Մոնտե Քրիստո», ֆրանսիական գրականություն, տվեց ինձ այդ գքերը: Այսպիսով ստեղծվեց երկու աշխարհ` մեկը փախուստի կամ զարգացման, մյուսը` այդ պատմական անձանց տեսնելու, որոնք դասավանդում էին ավագ դպրոցում և հայ համայնքում: Այսպիսով, ստեղծվել էր մինիպատմական միջավայր:
- Որպես ուսուցիչ, պրոֆեսոր, Բրաուն համալսարանի նախագահ՝ Դուք գտնում եք, որ ուսուցիչները պետք է յուրաքանչյուր աշակերտի մեջ ի հայտ բերեն նրա ներուժը, և եթե աշակերտը ձախողում է, դա նրա ձախողումը չէ, այլ ուսուցչինը: Դուք այժմ հիանալի կրթական հաստատության՝ Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ եք: Որքանո՞վ է կարևոր կրթության որակը Հայաստանի նման զարգացող պետության համար:
- Ես հուսացել եմ, համեմատել եմ, որ Հայաստանը կլինի Ճապոնիայի նման: Ճապոնիան բնական պաշարներ չունի, բացի փոթորկալից ծովը: Բայց Ճապոնիան նախընտրեց ներդրում անել մարդկային կապիտալում՝ իր բնակիչների մեջ, տեխնոլոգիաների ու գիտության բնագավառում: Ես չեմ տեսել մեկ այլ երկիր, որը լիովին ավերված լինելուց, միջուկային ռումբի հարվածներից ու պատերազմից ջախջախված լինելուց հետո կարողանա վերակառուցել երկիրը զրոյից՝ մետաղյա ջարդոններից, կառուցել պետությունը կրթության, տեխնոլոգիաների, գիտության միջոցով: Հայաստանի մեծագույն ներուժը նրա երիտասարդությունն է, և մեր լավագույն զենքը կրթությունն ու մշակույթն են։ Սրանք համամարդկային կապիտալ են: Ուստի որքան շատ կրթված հայեր լինեն, այնքան շատ կլինի կապիտալը: Սակայն դրանք Հայաստանում պահելու համար հնարավորություններ են պետք։
«Տնտեսությունն առանց արժեհամակարգի չի կարող ազատություն պարգևել»,- ասում է Վարդան Գրիգորյանը:
Ինձ համար ցնցող էր, երբ իմացա, որ մեր բյուջեի ընդամենը մեկ տոկոսն է տրամադրվում կրթությանը: Դա ցույց է տալիս, թե որոնք են առաջնահերթությունները։ Իհարկե, պատերազմական իրավիճակ է և այլն, բայց եթե Սփյուռքը կամ որևէ մեկը ցանկանում է օգտակար լինել, պետք է մեծացնի այդ բյուջեն, և ոչ թե հատիկ-հատիկ դպրոցներին հատկացումներով, այլ ընդհանուր առմամբ կրթության հնարավորություններին աջակցությունը մեծացնելով։
Կարծում եմ, որ ազգային լինելու հետ մեկտեղ պետք է լինենք միջազգային` գլոբալ տնտեսական ու գիտելիքի դարաշրջանում։ Գիտելիքը սահմաններ չի ճանաչում: Մեր երիտասարդությունը շատ հավակնոտ է, և այդպես էլ պետք է լինի: Երիտասարդներին պետք չէ պատժել հավակնոտության համար, ընդհակառակը` պետք է խրախուսել: Կրթական հաստատությունների համար էական է, որ օտարերկրյա ուսանողներ գան ու սովորեն Հայաստանում կրթության բարձր որակի համար: Օրինակ, Երևանի համալսարաններում կան իրանցիներ և այլք, որոնք գալիս են սովորելու բժշկագիտություն և այլ մասնագիտություններ: Մենք պետք է ներդրում անենք այդ բնագավառում, քանի որ միակ հարատև բանը կրթությունն է և ուսյալ մարդիկ, որոնք կարող են պատրաստել հաջորդ սերունդը:
Հայաստան-Սփյուռք կամրջի մասին
- Չնայած ոչ Հայաստանում, բայց Դուք ծնվել ու մեծացել եք այս տարածաշրջանում, ծանոթ եք մշակութային ավանդույթներին, հետո կյանքի մեծ մասն անցկացրել եք ԱՄՆ-ում, թե՛ ներսից, թե՛ դրսից տեսել եք հայ համայնքների գործունեությունը։ Երբ Հայաստանի բնակչության կեսից ավելին՝ երեք քառորդը, բնակվում է երկրի սահմաններից դուրս՝ կրթված, հարուստ համայնքներում, և ոչ միայն Հյուսիսային Ամերիկայում, այլև Եվրոպայում, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանին Սփյուռքի աջակցությունը, գործընկերությունը: Ինչպե՞ս պետք է հզորացնել Հայաստանը, որպեսզի այն դառնա ապահով վայր, որտեղից մարդիկ չհեռանան:
-Ես բազմիցս եմ ասել, որ մենք մի մարմին ենք` անկախ նրանից՝ որտեղ ենք բնակվում, հոգեպես ու կրոնապես մենք կապված ենք այս հողի հետ: Ուստի ես համեմատում եմ մեկ մարմնի ու երկու թոքերի հետ: Եթե մեկը խցանվում է, մյուսը պետք է կրկնակի ծանրաբեռնվածությամբ աշխատի, մինչև մյուսը բուժվի։ Այսպիսին է եղել մեր պատմությունը: Մենք ծաղկեցրել ենք Վենետիկը, Վիեննան, Կալկաթան, Մարսելը, Լոնդոնը, և մեր գրականությունը տպագրվել է Հայաստանից դուրս: Մոսկվան ևս հայկական մշակույթի համար հիանալի վայր էր 19-րդ դարում։ Մեր մտավորականների մեծ մասը կրթություն է ստացել Ռուսաստանում։ Նրանք սովորել են Դորպատի համալսարանում, Լայպցիգում...
Մենք կոսմոպոլիտ ազգ ենք եղել մեր պատմության ողջ ընթացքում: Մենք աշխատում էինք դրսում` ներսում ապրելու համար: Այնպես որ, Սփյուռքի ու Հայաստանի միջև պետք է լինի մեկ կամ երկու գլխավոր ծրագիր:
Հայաստանը անկախ պետություն է, այն պետք է վերածրագրի այն ուղին, որով ցանկանում է զարգանալ, իսկ Սփյուռքը պետք է նպաստի դրան: Սփյուռքը չի կարող պարտադրել իր ծրագիրը Հայաստանին, որովհետև Սփյուռքը չի կարող լինել գաղութարար իշխանություն և թելադրել ինչ անել:
Թաֆթսի համալսարանում ես հանդիպեցի հայ առաջնորդների ապագա սերնդին, այստեղ ևս հանդիպեցի շատերին: Նրանք սիրում են Հայաստանը և ակնկալում են շատ արագ փոփոխություններ։ Նրանք չեն հասկանում, որ բոլոր այս երկրները 70-80 տարի անցել են կոմունիզմի միջով, որտեղ կարևորվում էր կոլեկտիվիզմը, հանրությունն ու պետությունը, «հեղափոխություն» բառն էր կարևոր, որի համար պետք էր ամեն ինչ զոհաբերել: Այժմ նրանք պետք է լինեն անհատներ, սակայն միաժամանակ կարևորեն համայնքը:
Գրեթե բոլոր երկրներում առկա է պայքարը անհատական բարեկեցության և համայնքի շահերի միջև: Հայաստանին անհրաժեշտ են երկուսն էլ, քանի որ եթե չկան անհատական հնարավորություններ, նրանք չեն կարող ներդրում ունենալ համայնքում: Վերցնենք Իսրայելի օրինակը, որին ոչ թե ցանկանում եմ, որ հետևենք, այլ ուսումնասիրենք։ Այն կարողացել է համատեղել այդ երկուսը: Մենք ունենք երեք հիմքեր, որոնք ընդհանուր են. առաջինը՝ Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը, երկրորդը` հրեաների 90 տոկոսը Իսրայելից դուրս է բնակվում, իսկ հայերի 75 տոկոսն է Հայաստանից դուրս բնակվում: Նրանք բոլորը աշխատում են պահպանել այն, ինչ էական է Իսրայելի պաշտպանության համար` լեզուն, տնտեսական զարգացումը, հաստատությունների զարգացումը:
Մենք պետք է կրթենք մեր երիտասարդներին՝ ասելով, որ Հայաստան սիրելը չի նշանակում, որ դավաճանում եք երկիրը, որտեղ ապրում եք։ Երկքաղաքացիություն ունենալը վատ բան չէ, օրինակ՝ այդ մեկ միլիոն կամ գուցե ավելի իսրայելցիները նաև ԱՄՆ քաղաքացիներ են: Ասյպիսով, մենք պետք է գտնենք միջոց, որի շնորհիվ հնարավոր կլինի պահպանել անհատականությունն ու նպաստել մեր պետության զարգացմանն այստեղ:
Ես տեսնում եմ երկու տեսակի խնդիր. մեկը` եթե քննադատում ես Հայաստանը, դու գիտես, որ բարձրախոս ես, դա գաղտնի խոսակցություն չէ, և քո քննադատությունը սխալ նպատակների համար կարող է օգտագործվել: Սակայն միաժամանակ չես ցանկանում գովաբանել ամեն ինչ, քանի որ մարդիկ չեն հավատա: Պետք է իրատեսորեն գնահատել` որոնք են մեր ուժեղ ու թույլ կողմերը, հնարավորինս աշխատել թույլ կողմերի վրա, իսկ ուժեղ կողմերն ավելի ուժեղացնել: Մյուս խնդիրը հետևյալն է` մենք համագործակցող ազգ չենք, չենք համագործակցում միմյանց հետ՝ սկսած պատմական ժամանակներից: Դարեր շարունակ ապրել ենք օտարի լծի տակ, շատ լավ ծառայել օտարին, սակայն հայերին չենք ծառայել նույն նվիրվածությամբ ու հարգանքով: Մենք չենք գիտակցում, որ, օրինակ, դու շատ կարևոր անձ ես, այդ պատճառով ես այստեղ: Կարծում ենք, որ անելու այլ բան չգտնելու կամ այլ պատճառներից ելնելով ես դա անում: Եվ այդպես ես ձեռք բերում ինքնավստահություն, ոչ թե գոռոզություն, այլ ինքնավստահություն: Ի վերջո, ըստ իս, կարևոր է իմանալ պատմությունն ու մշակույթը:
Տնտեսությունն առանց արժեհամակարգի չի կարող ազատություն պարգևել: Հարուստ կարող ես լինել ցանկացած այլ երկրում և ուղարկել փող, սակայն դա թուլացում է, ոչ թե կառուցում։ Ես չեմ կարող քննադատել նրանց, ովքեր լքում են երկիրը, քանի որ չգիտեմ նրանց կենսապայմանները: Իմ հիմնական մտահոգությունը ոչ թե խոշոր քաղաքային կենտրոններն են, որոնք իմ նախորդ այցից ի վեր բավական զարգացել են, այլ գյուղերը: Նայեք Չինաստանին` հող է գնում, իսկ մենք ունենք այդ հողը, որն անտեսված է: Սրանք են ինձ մտահոգող հարցերը, սակայն ես հավատ ունեմ հայ ժողովրդի նկատմամբ, և պետք է կառուցենք հնարավորինս շատ կամուրջներ, որոնք ապագայում կարող ենք օգտագործել:
- Կառուցել կամուրջներ և պահպանել հավասարակշռություն: Անչափ շնորհակալություն:
- Ձեզ շնորհակալություն, որ ջանում եք կապել թե՛ ազգը ներսից, թե՛ Սփյուռքի բոլոր մասերի հետ:
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի
Հարցազրույցի տեսագրությունը (անգլերեն) դիտեք այստեղ
Civilnet











