Գլխավոր Լրահոս

Սիրիայի քրդերը Թուրքիայի համար ահաբեկիչ են, ԱՄՆ-ի համար՝ ոչ

Սիրիայի քրդերը Թուրքիայի համար ահաբեկիչ են, ԱՄՆ-ի համար՝ ոչ

Քոբանիում կռվող Սիրիայի քրդական զինուժին [YPG – ՍիվիլՆեթ] զենք-զինամթերքի մատակարարումը պայմանավորված էր ճգնաժամային իրավիճակով և չի նշանակում փոփոխություն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հոկտեմբերի 20-ին Ինդոնեզիայի մայրաքաղաքում լրագրողների հետ զրույցում:

Քերիի խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը շատ լավ է հասկանում դաշնակից Թուրքիայի մտահոգությունը քրդերին օգնելու հարցում. վերջիններս կապված են Թուրքիայի քրդերի հետ [PKK - ՍիվիլՆեթ], որոնց դեմ տարիներ շարունակ պայքարում է Անկարան:

«Թույլ տվեք, հարգելով մեր դաշնակից թուրքերին, ասել, որ մենք ամբողջապես հասկանում ենք ցանկացած ահաբեկչական խմբի հանդեպ նրանց և մեր դժգոհության պատճառները, հատկապես այն մարտահրավերները, որոնց նրանք առերեսվում են PKK-ի հետ,- ասել է Քերին: - Սակայն մենք ստեղծել ենք կոալիցիա ISIS-ը [Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորում – ՍիվիլՆեթ] լուծարելու և ոչնչացնելու համար, և խմբավորումը Քոբանի կոչվող վայրում մեծաքանակ է»:

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հոկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ Քոբանիում իր ռազմական ինքնաթիռները քրդական զինուժին մատակարարել են զենք-զինամթերք, դեղորայք: ԱՄՆ-ի զինված ուժերի այդ քայլն առաջինն էր իր տեսակի մեջ և հետևել է ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի՝ ISIS-ի դիրքերին շաբաթներ շարունակ հասցվող օդային հարվածներին:

Լրագրողների հետ զրույցում Քերին նաև ասել է, որ Քոբանիում քրդական զինուժին զենք-զինամթերքի մատակարարումը ժամանակավոր է, և ԱՄՆ-ն խնդրել է Թուրքիային թույլ տալ Իրաքից քուրդ զինյալների անցումը Քոբանի՝ տեղի քրդական զինուժին աջակցելու համար:

Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Սիրիա անցնելու հարցում օգնել Հյուսիսային Իրաքի քրդական զինուժին` Փեշմերգային: Սա նշանակում է, որ Թուրքիան թույլատրելու է իր տարածքով Իրաքի քրդական ուժերին անցնել Քոբանի և կռվել Իսլամական պետության ահաբեկիչների դեմ:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունից հնչել է ևս մեկ հայտարարություն Սիրիայի քրդաբնակ շրջաններում ահաբեկիչների դեմ կռվող քրդական PYD-ի [Ժողովրդավարական միություն կուսակցություն - ՍիվիլՆեթ] վերաբերյալ: Այսպես՝ Պետքարտուղարության փոխխոսնակ Մարի Հարֆը հոկտեմբերի 20-ին ճեպազրույցի ժամանակ պատասխանելով PYD-ի մասին հարցերին՝ ասել է, որ այդ կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն չէ և հավելել, որ Վաշինգտոնն Անկարային տեղեկացրել է ISIS-ի դեմ կռվող այդ խմբին օգնություն տրամադրելու կարևորության մասին:

«PYD-ն իրավական տեսանկյունից տարբերվում է PKK-ից՝ ԱՄՆ-ի օրենքի համաձայն»,- ասել է Հարֆը:

PYD-ի ռազմական թևերը՝ Սիրիայի քրդական զինուժը (YPG) և զինուժի կանանց թևը (YPJ) վերջին մեկ ամսվա ընթացքում Քոբանիում մարտեր են մղում Իսլամական պետություն խմբավորման դեմ:

«Մենք հստակ ասել ենք Թուրքիային, որ վստահ ենք՝ անչափ կարևոր է աջակցել այնպիսի խմբերի, ինչպիսին PYD-ն է»,- նշել է Հարֆը:

Պետքարտուղարության փոխխոսնակի խոսքով՝ Վաշինգտոնը տարանջատում է PKK-ին և PYD-ին, քանի որ վերջինը ներառված չէ ԱՄՆ-ի՝ ահաբեկչական խմբավորումների ցանկում:

Հարֆի այս մեկնաբանությունները հետևել են պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարություններին:

Ուշագրավ է, որ Վաշինգտոնի հայտարարությունները հնչել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերին ի պատասխան, թե «PYD-ն նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն է, ինչպիսին PKK-ն է»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում