Գլխավոր Լրահոս

Օրենքի առաջ հավասար չեն լինում

Օրենքի առաջ հավասար չեն լինում

Եթե դուք հավասար չեք, ոչ ոք հավասար չէ:

Մի անգամ Վիկտոր Չեռնոմիրդինն ասել է. «Կառավարությունն այն օրգանը չէ, որտեղ ամեն ինչ կարելի է լեզվով»: Սերժ Սարգսյանն ասել է. «Օրենքի առջև պետք է հավասար լինեն բոլորը»:

Սա ի՞նչ է: Ինչպե՞ս է ձեր լեզուն պտտվում ձեր ղեկավարության 7-րդ տարում նման բան ասել: Նախ, մենք դեմքով գիտենք բոլորին, ովքեր հավասար են: Երկրորդ, մենք դեմքով գիտենք նաև նրանց, ովքեր ձեր նախագահությունից առաջ էլ են հավասար եղել: Իսկ դուք այդ ժամանակ վարչապետ էիք, պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության քարտուղար, էլի պաշտպանության նախարար, դրանից առաջ՝ ազգային անվտանգության և ներքին գործերի նախարար: Իսկ դրանից առաջ՝ էլի պաշտպանության նախարար: Տեսնո՞ւմ եք: 21 տարի է՝ իշխանության ամենավերին օղակներում եք, վեց տարի է ուզուրպացրել եք Բաղրամյան 26-ը և ասում եք՝ օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար: Այդպես չի լինում:

Եթե դուք հավասար չեք, ոչ ոք հավասար չէ: Եթե մի փոքր երկրում շաքարը չեն կարող տասը հոգի բերել, ուրեմն օրենքի առջև ոչ միայն հավասար չեն կարող լինել, այլև պետք էլ չէ, որ հավասար լինեն: Մեռանք ասելով՝ ասելով չէ: Ավելին, ծիծաղելի է նման բան ասել Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ), որտեղ բոլոր հնարավոր մեթոդներով սպանում են Մարտի 1-ի գործը: Որտեղ դեռևս որևէ աղմկահարույց հանցագործության բացահայտում չի եղել: Ու հետո գոհունակություն եք հայտնում ՀՔԾ-ի գործունեության առթիվ: Լեզվով չէ, եղբայր, լեզվով չէ: Լեզվով ես կարող եմ բլթցնել, ձերը կամքով է: Ցույց տվեք, որ կամք ունեք բոլորին հավասար դաշտում դիտարկելու, ցույց տվեք էն օրենքը, օրենքի էն կետը, որից դուք էլ եք վախենում: Նորմալ երկրում ձեր գոհունակությունը կհետապնդվեր օրենքով, որովհետև ՀՔԾ-ն հենց նրա համար է ՀՔԾ, որտեղ ոլորտից դուրս մարդիկ կարող են մտնել միայն հետապնդվողի կարգավիճակով: Եթե դուք գոհ եք նրանց գործունեությունից, նշանակում է` նրանք ձեզ չեն սպառնում: Եվ եթե դուք գոհ եք, նշանակում է, կգա օրը, երբ ՀՔԾ-ի գործող կոլեկտիվի հետևից փաթեթով կգան:

Դուք պիտի հեռու լինեիք և’ ՀՔԾ-ից, և’ Վերահսկիչ pալատից: Եթե նույնիսկ դուք եք նշանակում նրանց, եթե նույնիսկ ձեր ողորմածությունն է կազմակերպում նրանց կենսագործունեությունը: Քանի դեռ օրենքից բացի որևէ մեկի վրա ազդեցության այլ լծակ ունեք, հանգիստ թողեք օրենքը, զբաղվեք ազդեցության լծակները կատարելագործելով: Որովհետև օրենքը ազդեցության լծակների հակոտնյան է, երբ ձեր ձեռքին լծակներ կան ու դեռ օրենքից եք խոսում, նշանակում է կարգին ազատ ժամանակ ունեք հումոր անելու:

Օրենքն ո՞ւմ համար է՝ Վլադիմիր Գասպարյանի՞: ՀՔԾ-ն արդեն պետք է ավարտած լիներ «սառը ցնցուղի» մասին նրա հայտարարությունների քննությունը: Գիտե՞ք ինչու: Որովհետև Վլադիմիր Գասպարյանը, որպես կառավարության ստորաբաժանման ղեկավար, նրանց՝ ընդդիմադիր պատգամավորների, վարձու, շեշտում եմ, ՎԱՐՁՈՒ աշխատողն է, ինքը նրանց հարկերով է փող ստանում, իրենք են Վլադիմիր Գասպարյանի գոյության նոմինալ երաշխավորները:

Ուրիշ ո՞վ կա՝ Հովիկ Աբրահամյա՞նը: Նույնիսկ ավելորդ է քննել այս մարդուն, որովհետև Գագիկ Խաչատրյան կա: Ահա թե ումով պետք է զբաղվի օրենքը: Հարցն էլ հենց այն է, որ օրենքի առջև հավասար են, մինչդեռ որտե՞ղ է օրենքը, ո՞վ է տեսել նրան:

Օրենքը ի՞նչ է: Դուք մի ամբողջ իրավաբանական ֆակուլտետ եք պատրաստում ԵՊՀ-ում, որի խորհրդի նախագահն եք, այն դարձրել եք Հայաստանի ամենաթանկ ֆակուլտետներից մեկը ու դեռ ասում եք՝ օրենքի առջև պետք է հավասար լինեն բոլորը: Մի՛ ասեք: Գոնե հայերենով մի ասեք: Մի՛ ասեք, որովհետև հավասար լինում են անպատժելիության առջև՝ ձեր, Ալեքսանդր Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Վլադիմիր Գասպարյանի, Սամվել Ալեքսանյանի, որի օղին մարդ է կուրացրել, ու ես ճանաչում եմ նրան:

Ինձ ձեզ հետ կարող է հավասարեցնել միայն իմ անպատժելիությունը: Եթե դուք դառնաք պատժելի, մենք կհայտնվենք անհավասար դիրքերում, որովհետև օրենքը ինձ հանգիստ է թողել և զբաղվում է ձեզանով: Նշանակում է՝ մենք անհավասար դիրքերում ենք: Ինչո՞ւ: Որովհետև օրենքը զբաղվում է նրանցով, ովքեր խախտում են Սահմանադրությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում