Գլխավոր Լրահոս

Խորենացին սա էլ կվերապրի

Խորենացին սա էլ կվերապրի

Բաբուխանյան Հայկին Սերժ Սարգսյանը «Մովսես Խորենացու» մեդալ է տվել: Ջհանդամը: Խորենացին սա էլ կվերապրի: Էդ իրենց չի բավարարում հիմար մեդալներին ծանր կշիռ տալու ջանքերը: Մեդալի անունը դնում են Խորանցու անվան, որպեսզի մեդալակրի իրիկվա հացը կուլ գնա: Որպեսզի ամփոփեն ստրկամտության մի հանգրվանը, որից Բաբուխանյան Հայկը փախչել չի կարող: Որպեսզի էս մարդը միայն հացի հույսին մնացածների աշխարհում իր հաստատուն տեղն ունենա, այսինքն, հացն ունենա: Սա հասկացանք:

Վերջին 6-7 տարիներին Բաբուխանյան Հայկը սոված չէր մնում: Բայց ո՞վ է տեսել, որ մարդը կուշտ լինի նախորդ օրվա իր հավատարմության համար: Ինքը պետք է վաղվա հավատարմության հացն էլ այսօր վաստակի: Մեդալն էդ հացը չէ, մեդալն էն հանգրվանի ամփոփումն է, նշեցինք, որը դառնում է կնիք էդ մարդու կենսագրության մեջ, այսինքն, չի կարող փախչել Սերժ Սարգսյանից, մեդալն էն պոչն է, որը Սերժ Սարգսյանը պահում է իր ոտքի տակ: Բայց պոչը դեռևս հավատարմության հացը չէ: Հավատարմության հացը Ազգային Ժողովի ամբիոնն է: Բայց ոչ Բաբուխանյան Հայկին պատկանող «Իրավունքը»: Որովհետև «Իրավունքը» թերթ է, որը խոսում է տպագիր, որքան էլ՝ թունոտ, որքան էլ՝ հրապարակման հերոսին կախաղանի մղող, բայց դրանք տպագիր բառեր են, դրանց պաթոսը թևավոր չէ, մենք կարող ենք վիճարկել այդ թերթի մտքերը դրանք չնկատելով, բայց չենք կարող ասել, որ այնտեղ տեղ գտած ասելիքը գոյության իրավունք չունի: Պնդում եմ՝ «Իրավունքը» թերթ է, որն ունի գոյության իրավունք: Ճիշտ այնպես, ինչպես Բաբուխանյան Հայկը:

Բայցևայնպես, ի՞նչը ճիշտ չէ Սերժ Սարգսյանի արածի մեջ: Ի՞նչ աներ, մեդալ չտա՞ր իր թիմակցին: Ոչ միայն պիտի տար: Ավելին, մեդալները հենց դրա համար են: Էլ ավելին, մարդկանց 94 տոկոսն է ապրում մեդալների համար: Խորենացին մեկն է, բայց ի՞նչ խնդիր է 2-3 միլիոն «Մովսես Խորենացու» մեդալ տպելը: Հարցն այն է, որ գրեթե ոչ մի մեդալակիր չի հասկանում, թե ինչպես է իշխանությունը իր՝ մեդալակրի վրա սրբում իր «երախտագիտությունը»: Սա մեկ: Երկրորդ: Իշխանության մեդալները ցանկացած մարդու վերածում են «գնահատված արժեքի», այսինքն, ինքն այլևս ավելին չէ, քան մետաղի այդ կտորը: Պնդում եմ՝ իշխանության տված մեդալների մասին է խոսքը (եթե ոչ ընդհանրապես բոլոր պարգևների, ով էլ որ դա տա): Մարդը «տեղորոշվում» է, ինքը դառնում է այդ մեդալի (ցանկացած պարգևի) գյորա մեկը: Ինքն այլևս չի կարող շրջանցել այդ «տեղորոշումը», իրեն քարացրել են, դարձրել են Արձան: Բաբուխանյան Հայկի պարագան նույնն է փոքրիկ բացառությամբ: Ինքը պարգևատրվում է ոչ միայն հավատարմության, այլև իր ճամփին հանդիպած գրեթե բոլոր ընդդիմադիրներին «ոչնչացնելու» համար:

Հասկացա՞ք: Ոչ թե «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» (Մարտի 1-ի թաքնված երկրպագու է, չէ՞) կամ «Երախտագիտության» մեդալ, ոչ թե ինչ-որ ՀՀ վաստակավոր լրագրողի կոչում, այլ հենց «Մովսես Խորենացու» մեդալ: Մի մարդու, որը Խորենացի լինելու համար իր մտքերը չի սրբել ուրիշների գոյության իրավունքը կասկածի տակ դնելով:

Լավ: Ընդունենք, որ ԱԺ ամբիոնից հնչող նրա վիրավորանքները «մշակույթի, արվեստի, գրականության կրթության և այլ բնագավառներում ունեցած ակնառու նվաճումներ են»: Համաձայն եմ, որովհետև, ի վերջո, ի՞նչ տարբերություն, թե ում անունով է այդ մետաղի կտորը և ինչ բառեր են անհրաժեշտ դրա «սրբազնությունը» պատճառաբանելու համար: Ի վերջո մարդը մի արարած է, որը փախչում է դեպի այդ մեդալը, այսինքն, մեդալը նրա նահանջն է: Այսինքն, մեդալից հեռու մնալու սխրանքի փոխզիջումը մեդալից փախչել չկարողանալու անզորությունն է:

Որովհետև մարդը, ավելի ճիշտ՝ հասարակական էակը, իրեն չի կարողանում պատկերացնել այն հարցի մեջ, թե ի վերջո ի՞նչ տարբերություն Հայկ Բաբուխանյան լինելու և «Մովսես Խորենացու» մեդալակիր Հայկ Բաբուխանյան լինելու մեջ: Եթե անգամ «Հայկ Բաբուխանյանի» մեջ Սերժ Սարգսյանը չկա, իսկ ««Մովսես Խորենացու» մեդալակիր Հայկ Բաբուխանյանի» մեջ կա, դրա կայֆը ո՞րն է, ընկերներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում