Գլխավոր Լրահոս

Պարզաբանելով Քոբանին. Al-Jazeera

Պարզաբանելով Քոբանին. Al-Jazeera

Al-Jazeera-ում լույս է տեսել սյունակագիր Տանյա Գուդսուզյանի հոդվածը՝ «Պարզաբանելով Քոբանին. ի՞նչ առանձնահատուկ բան կա դրա հետ կապված» վերնագրով: Հեղինակն անդրադառնում է նրան, թե ինչու է թուրք-սիրիական սահմանին գտնվող երբեմնի անհայտ Քոբանի քաղաքը հայտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, պատմում Քոբանիի հայկական անցյալի ու դրա անվան ծագման մասին: Հոդվածը կրճատումներով, թարգմանաբար ներկայացված է ստորև:

Վերջին մի քանի շաբաթներին թուրք-սիրիական սահմանին գտնվող քաղաքը հայտնվել է Իսլամական պետություն խմբավորման (ISIS) դեմ ԱՄՆ-ի գլխավորած պատերազմի կենտրոնում:

Քրդերով բնակեցված Այն ալ Արաբ քաղաքը, որը հայտնի է որպես Քոբանի, սիրիական բազմաթիվ քաղաքների պես արտաքին աշխարհի համար անհայտ էր մինչև սեպտեմբերի 16-ի պաշարումը:

Որքան էլ հեգնական է, այդ պայքարը բնութագրվում է որպես ISIS-ի տարածաշրջանային հավակնությունների դեմ ԱՄՆ-ի գլխավորած արշավում ամենավճռական պայքարը. քչերն են քննարկում Իրաքի Մոսուլի անկումը:

Օրեր շարունակ արևմտյան մամուլը մեղադրել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային հետզհետե խորացող հումանիտար ճգնաժամն անտեսելու մեջ:

Հարևան Թուրքիան նույնպես մեղադրվել է նրանում, որ չի միջամտել, երբ սպանվում էին հարյուրավոր խաղաղ բնակիչներ:

Չնայած ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել քաղաքի մերձակայքում՝ այդ երկրի պաշտոնյաները նշել են, որ «Քոբանին ԱՄՆ-ի ռազմավարության մաս չի կազմում»:

Մինչ Քոբանիի իրական ռազմավարական արժեքը շարունակում է բանավեճի առարկա մնալ, քննարկումից դուրս է մնում հարցը, թե ինչպես է ժամանակին որևէ նշանակություն չունեցած քաղաքը դարձել քրդերի ազգային ձգտումների հզոր խորհրդանիշ, ինչպես նաև կարևոր խաղաքարտ Թուրքիայի բանակցային սեղանին:

«Քոբանին խորհրդանշում է քրդերի ընդվզումը ոչ միայն Սիրիայում, այլև Մերձավոր Արևելքի այլ հատվածներում: Դրա անկումը կնշանակի պարտություն ամբողջ քուրդ ազգի համար»,- ասել է Շիրվան Քաջոն՝ ԱՄՆ-ում բնակվող սիրիացի քուրդ վերլուծաբանը:

Քոբանին (Այն ալ Արաբը) հիմնադրվել է 1892թ.՝ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում, որպես փոքր բնակավայր: Այնուհետև թուրքերեն անվանվելով Արաբ Փունար՝ 1911թ. երկաթգծի կառուցման արդյունքում այն վերածվել է քաղաքի:

Շուտով այն բնակեցվել է հայ փախստականներով [հեղինակը հղում է անում ՍիվիլՆեթին], որոնք 1915թ. փախել են Թուրքիայում հետապնդումներից՝ չնայած շատերը բռնի կերպով տեղափոխվել են դեպի հարավ և ցրվել Քամիշլիի ու Դեյր Զորի միջև:

Հայերից հետո Անատոլիայից այստեղ են եկել քրդերը: Քաղաքի քրդական անունը՝ Քոբանին, ենթադրաբար company բառի աղավաղված տարբերակն է, որը ծագել է երկաթգիծը կառուցած գերմանական ընկերությունից: Մյուսներն էլ պնդում են, թե անունը ծագել է գերմաներեն bahn բառից, որը նշանակում է «գնացք»:

1921թ. Թուրքիայի հետ կամայական սահմանազատման արդյունքում քաղաքը բաժանվեց. Թուրքական հատվածն այսօր կոչվում է Մյուրշիթփընար:

«Սուրուճի շրջանը նաև կոչվում է հայկական գերեզմանոց. տեղահանության ժամանակ այնտեղ հազարավոր հայեր են զոհվել»,- ասել է թուրք քաղաքական վերլուծաբան և Ստամբուլի Քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող Ջենգիզ Աքթարը:

Մյուսների համար Քոբանիի խորհրդանշականությունը շատ քիչ կապ ունի դրա անցյալի հետ:

«Քոբանին քրդական երազանքի սիրտն է,- ասում է Մոստաֆա Մինավին՝ Կորնելի համալսարանի Օսմանյան և թուրքական հետազոտությունների նախաձեռնության տնօրենը: - Այն քիչ կապ ունի պատմության հետ և ավելի շատ առնչվում է ապագայի նկրտումների ու հավակնությունների հետ»:

«Սիրիայի քրդերն օգտվեցին երկրում ուժային վակուումից երեք կիսաինքնավար կանտոն ստեղծելու համար՝ Աֆրինը, Ջազիրան և Քոբանին»,- ասում է Աքթարը:

«Թուրքիայի համար Քոբանին հիմնականում PKK-ի հարցն է»,- ասում է Ջենգիզ Աքթարը:

«Անկարան օգտվել է Սիրիայում իրադարձություններից իր դիրքերն ամրապնդելու համար,- ասում է Մինավին: - PKK-ն ցանկանում է զինյալներ և զենք ուղարկել Սիրիայի իր եղբայրներին, իսկ դրա համար նրան անհրաժեշտ է թուրքական պետության թույլտվությունն ու օժանդակությունը: Անկարան գործնականում օգտագործում է ISIS-ը՝ PKK-ի հետ բանակցություններում իր դիրքերն ամրապնդելու համար»:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում