ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակը, որում հիմնականում ընդգրկված են Մադրիդի «Ռեալի» և Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները։ Այս մասին ասվում է միջազգային այդ կազմակերպության մամուլի հաղորդագրությունում։
«Ռեալից» ցուցակում ընդգրկված են Գարեթ Բեյլը, Քարիմ Բենզեման, Կրիշտիանո Ռոնալդուն, Թոնի Կրոսը, Սերխիո Ռամոսը, Խամես Ռոդրիգեսը։ Գերմանական ակումբը ներկայացված է Մարիո Գյոտցեով, Ֆիլիպ Լամով, Թոմաս Մյուլերով, Մանուել Նոյերով, Արյեն Ռոբենով և Բաստիան Շվայնշտայգերով։
Բացի մադրիդյան և մյունխենյան ակումբների 6-ական ֆուտբոլիստներից, ցուցակում են նաև Դիեգո Կոստան, Տիբո Կուրտուան, Էդեն Ազարը (Չելսի), Անխել դի Մարիան (Մանչեսթեր Յունայթեդ), Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ), Յայա Տուրեն (Մանչեսթեր Սիթի), Փոլ Պոգբան (Յուվենտուս), Անդրես Ինյեստան, Խավյեր Մասկերանոն, Լիոնել Մեսսին, Նեյմարը (Բարսելոնա)։
Լավագույն երեք ֆուտբոլիստների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 1-ին, իսկ տարվա լավագույն ֆուտբոլիստին կիմանանք հունվարի 12-ին, երբ կկայանա ՖԻՖԱ-ի գալա-համերգը։
Հիշեցնենք, որ անցած տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Կրիշտիանո Ռոնալդուն։
Civilnet











