Գլխավոր Լրահոս

Վարչապետը ներկայացրել է 2015թ. բյուջեի նախագիծը

Վարչապետը ներկայացրել է 2015թ. բյուջեի նախագիծը

2015թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 1 տրիլիոն 184.5 մլրդ դրամ եկամուտներ կամ 2014թ. համար հաստատված համադրելի գումարի համեմատությամբ 4.3 տոկոսով ավելի: Եկամուտների ծրագրավորվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը և պետական տուրքերը` 95.5 տոկոս: Ակնկալվում է, որ ՀՀ 2015թ. պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 24.33 տոկոս` 2014թ. համար հաստատված 24.05 տոկոսի դիմաց:

Ազգային ժողովում այսօր ՀՀ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս իր ելույթում վարչապետ Հովիկ Աբրահմայանը նշել է, որ նախատեսվել է 2015թ. բյուջեի դեֆիցիտի գումարը սահմանել 114.1 մլրդ դրամի չափով կամ 2014թ. համապատասխան ցուցանիշից 3.6 մլրդ դրամով ավելի:

Վարչապետն ասել է, որ պետական պարտքի կայունության պահպանումը շարունակում է մնալ որպես կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնական առաջնահերթություն: Այդ կապակցությամբ նախագծվող դեֆիցիտի և 2015թ. համար ծրագրվող անվանական ՀՆԱ-ի հարաբերությունը կանխատեսվում է 2.34 տոկոսի չափով՝ պահպանելով 2014թ. համար սահմանված մակարդակը: Կառավարությունը ծրագրում է 2015թ. ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 26.68 տոկոսի կամ 1 տրիլիոն 298.6 մլրդ դրամի չափով:

Հովիկ Աբրահամյան բյուջեի նախագիծը անվանել է իրատեսական՝ ընդգծելով, որ անգամ տարածաշրջանային բարդագույն տնտեսական զարգացումների ներքո, որոնց հավանական սցենարները ներկայացված են, կարելի է վստահ լինել, որ անհրաժեշտ ծախսերն անպայման կիրականացվեն: [Նախօրեին Աբրահամյանը հայտարարել էր, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացումը հետևանքներ կունենա Հայաստանի վրա և կազդի տնտեսական աճի վրա]:

2015թ. բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը (47.9 տոկոս) կազմում են սոցիալ-մշակութային բնագավառի ծախսերը, ընդ որում՝ միայն կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015թ. կկազմեն շուրջ 596.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2014թ. համադրելի մակարդակը 25.7 մլրդ դրամով։

Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար նախատեսված է ընդհանուր ծախսերի 21.4 տոկոսի չափով: 2015թ. ֆինանսական աջակցությունը Լեռնային Ղարաբաղին միջպետական վարկ տրամադրելու համար նախագծով նախատեսվում է շուրջ 45.5 մլրդ դրամ:

«Տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները դրվելու են երկու խումբ առանցքային ուղղությունների վրա. առաջին՝ գործարար միջավայրի բարելավում ու արտահանման զարգացում, և երկրորդ՝ հենքային ոլորտների զարգացում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ մասնավոր հատվածի հետ գործընկերային հարաբերությունների կառուցման հենքը կլինի գործունեության հավասար պայմանների ապահովումն ու երաշխավորումը:

«Պետություն-տնտեսվարող հարաբերությունները հնարավորինս կանոնակարգելու և թափանցիկ աշխատելու ուղղությամբ ակտիվորեն շարունակելու ենք տեսչական բարեփոխումները: Իմ մոտեցումը շատ պարզ է՝ ինչքան քիչ ստուգող, այնքան լավ»,- ասել է վարչապետը։

«Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մեկ ակնթարթում տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Սակայն ունենք կամք և վճռականություն՝ քայլ առ քայլ, ոլորտ առ ոլորտ դա իրականացնելու: Մեր թիրախը խոշոր բիզնեսն է, և, եթե խոշոր բիզնեսին հաշվետվելի դարձնելու առանձին քայլեր ոմանք ընկալում են որպես փոքր և միջին ձեռնարկություններին ճնշելու փորձեր, ապա հայցում եմ ձեր համբերատարությունն ու աջակցությունը:

Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Փոքր բիզնեսը մենք դիտարկում ենք որպես զբաղվածության աղբյուր և ստեղծելու ենք պայմաններ դրա արտոնյալ աշխատանքի համար: Մեր թիրախը խոշորն է, և մենք այստեղ նվազեցնելու ենք ստվերը: Հետևողականորեն: Համբերատար կերպով: Հաստատակամ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը։

Ազգային ժողովում այժմ քննարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծ, որի իմաստը պետության և տնտեսվարողի համար միևնույն պայմանների կիրառումն է, երկակի ստանդարտների բացառումը: «Հիմա, օրինակ, պետությունը գործարարին ասում է՝ եթե ապրանքը պատվիրատուն ստացել է, կատարիր քո հարկային պարտավորությունները, անգամ, եթե գումարն ամբողջությամբ չես ստացել: Սակայն, եթե նույն տնտեսվարողն ուզում է ստացված կանխավճարը դեռևս չհամարել հարկվող եկամուտ, պետությունն ասում է ոչ՝ հիմա հաշվարկիր: Սա անհավասար պայմաններ է ստեղծում տնտեսվարողի համար, նվազեցնում նրա շրջանառու միջոցները: Այս քաղաքականության անմիջապես շտկումն ստեղծում է տասնյակ միլիարդների միանգամյա բեռ  բյուջեի համար, և այն անհնար է մեկ շնչով իրականացնել,- ասել է վարչապետը և ներկայացրել իր կառավարության մոտեցումը: -Ո՞րն է մեր մոտեցումը՝ իրատեսական և հավասար պայմաններ ստեղծող: Այսինքն, մենք իրականացնում ենք այն իրատեսականորեն՝ հսկայական ծախսի բեռը փուլ առ փուլ բաժանում ենք երեք տարվա մեջ: Մենք իրականացնում ենք այն՝ հավասար պայմաններ ստեղծելով. նախ և առաջ ազատում ենք փոքր բիզնեսին: Արդյոք կունենա՞ այս քայլը հեղափոխական ազդեցություն 2015թ.: Չեմ կարծում: Արդյոք տեղի՞ն, իրատեսակա՞ն, և ի վերջո, արդյունավե՞տ քայլ է: Կասկած չունեմ»:

Վարչապետը քաղաքական ուժերին և գործիչներին հորդորել է զերծ մնալ բյուջեի քննարկման և ընդունման ժամանակ ավելորդ քաղաքականացվածությունից, դահլիճ չբերել հրապարակի կրքերը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում