Փեշմերգայի մարտիկ
Սիրիացի ընդդիմադիրների մի խումբ հոկտեմբերի 29-ին Թուրքիայից շարժվել է դեպի սիրիական Քոբանի քաղաք՝ Իսլամական պետություն (ISIS) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդական զինուժին (YPG) միանալու նպատակով, գրել է բրիտանական Guardian-ը:
Պարբերականի հաղոդմամբ՝ խումբը կազմված է Սիրիայի ազատ բանակի մոտ 50 մարտիկներից: Սիրիայի ազատ բանակը ընդդդիմադիր խմբավորում է, որը պայքարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ: Սիրիական ընդդիմադիր խմբավորման քաղաքական ղեկավարության գրասենյակը գտնվում է Թուրքիայում:
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քոբանի են ուղևորվում նաև Հյուսիսային Իրաքի քրդական զինուժի`Փեշմերգայի մոտ 150 մարտիկներ, որոնք հոկտեմբերի 29-ին ժամանել են Թուրքիա՝ այնտեղից Քոբանի անցնելու նպատակով: Նրանց ճանապարհել են հազարավոր աջակիցներ:
Փեշմերգայի մարտիկներին ճանապարհում են հազարավոր աջակիցներ
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Հյուսիսային Իրաքի՝ Փեշմերգայի նախարար Մուստաֆա Սայիդ Քադերը լրատվամիջոցներին ասել է, որ Փեշմերգայի մարտիկների՝ Քոբանիում մնալու ժամանակային սահմանափակումներ չկան:
Իրաքից Թուրքիա Փեշմերգայի մարտիկների ժամանումը մեծ ոգևորությամբ են ընդունել Թուրքիայի քրդերը: Նրանք այս առթիվ ցույց են կազմակերպել, որը ցրվել է ոստիկանության միջամտությամբ:
Քոբանիում Փեշմերգայի տեղակայումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան թույլատրել է իր տարածքով Իրաքի քրդական ուժերին անցնել Քոբանի և կռվել Իսլամական պետության ահաբեկիչների դեմ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն BBC-ի հետ զրույցում խոսել է Փեշմերգայի տեղակայման և Քոբանիի շուրջ իրադրության մասին: Նա հերքել է պնդումները, թե ջիհադականների առաջխաղացումը կանխելու ուղղությամբ բավարար քայլեր չեն կատարվում: Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան կմասնակցի ISIS-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններին միայն այն ժամանակ, երբ այն ունենա «ինտեգրված ռազմավարություն», որը կնախատեսի գործողություններ՝ ուղղված նաև Սիրիայի նախագահ Ասադի դեմ: Թուրքիայի վարչապետը հավելել է, որ «չի կարելի ակնկալել Թուրքիայից, որ նա ցամաքային զորքեր կմտցնի Քոբանի այն դեպքում, երբ դա չեն անում անգամ մյուս երկրները՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները»:
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը սեպտեմբերի կեսին հարձակում է գործել թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքի և մերձակայքի սիրիական գյուղերի վրա՝ սպանելով մոտ 800 մարդու: Ծայրահեղականները գրավել են Քոբանիի մոտ գտնվող տասնյակ քրդական գյուղեր, ավելի քան 200 հազ. մարդ փախել է հարևան Թուրքիա:
Միջազգային կոալիցիան շաբաթներ շարունակ հարվածում է Քոբանիում ISIS-ի դիրքերին
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի՝ Քոբանիի վրա շաբաթներ շարունակ հասցվող հարվածների շնորհիվ ISIS-ին չի հաջողվել գրավել քաղաքը:
BBC-ի փոխանցմամբ՝ Քոբանիի քուրդ հրամանատարներից մեկը հայտնել է, որ ահաբեկչական խմբավորումը շարունակում է վերահսկել քաղաքի 40%-ը:
Civilnet











