Լուսանկարը` Ֆոտոլուրի
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը հոկտեմբերի 29-ից ժամանակավոր դադարեցրել է բոլոր ուղղություններով ուղևորափոխադրումները, իսկ բեռնափոխադրումները շարունակում է իրականացնել։
Ավիաընկերությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` իրեն սնանկացնելու փորձեր են եղել։ Թե ում է ձեռնտու ավիաընկերության սնանկացումը, և ում կողմից կարող էին կիրառվել ճնշումներ, «Էյր Արմենիա»-ի մարկետինգի գծով մենեջեր Սիրական Համբարձումյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում չմեկնաբանեց։
Ռուսաստանում ավիահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինը՝ «Ռոսաէրոնավիգացիա»-ն, սեպտեմբերի սկզբին հայտարարություն էր տարածել, որ «Էյր Արմենիա» ընկերությանը սեպտեմբերի 21-ից արգելվելու է չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստան։
Համբարձումյանն ասաց, որ ավիաընկերության բոլոր խնդիրները հիմնականում առաջ են եկել հենց այդ հայտարարությունից հետո։ Նա նշեց, որ թեև արգելքը չի կիրառվել, և «Էյր Արմենիա»-ն սեպտեմբերի 21-ին և դրանից հետո էլ շարունակել է թռչել Ռուսաստան, ընկերությունը մեծ վնասներ է կրել. մոտ 60%-ով նվազել են վաճառքները։
Առաջացած խուճապին զուգահեռ «Էյր Արմենիա»-ի կողմից շահագործվող օդանավերից երկուսը (A320 տիպի) մեկնել են Նիդեռլանդներ՝ տեխնիկական սպասարկման նպատակով, և ընկերության տնօրինման տակ մնացել է միայն Boeing 737 օդանավը:
Ավիաընկերությունը մտադիր է ներգրավել ֆինանսական միջոցներ, վերադարձնել A320 օդանավերը և դեկտեմբերի 20-ից վերականգնել ուղևորափոխադրումները՝ ըստ նախկինում հայտարարված ձմեռային չվացուցակի։
«Էյր Արմենիա»-ն Հայաստանում գործունեությունը սկսել է 2013-ին, երբ մենաշնորհատեր «Արմավիա»-ի սնանկացումից հետո Հայաստանում ազատականացվեց ավիահաղորդակցության ոլորտը։ Անցած տարվա հոկտեմբերից ավիաընկերությունը, լինելով հայկական միակ ուղևորափոխադրողը, թռիչքներ է իրականացրել Ռուսաստան (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա) և Եվրոպա (Փարիզ, Ֆրանկֆուրտ, Աթենք)։
Civilnet











