Անեկդոտ Բաբուխանյան Հայկի մասին

«Բեղավոր ապուշի» մասին հայտնի անեկդոտ կա: Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին Ստալինի կրեմլյան աշխատասենյակից դուրս գալիս գեներալ Ժուկովը բորբոքված, բայց ատամների արանքից շպրտում է՝ բեղավոր ապուշ: Բերիան սա լսում է և անմիջապես զեկուցում ժողովուրդների հորը. վերջինս կանչում է Ժուկովին ու հարցնում՝ ո՞ւմ նկատի ունեիր «բեղավոր ապուշ» ասելով: «Հիտլերի՛ն, ընկեր Ստալին»,- պատասխանում է Ժուկովը: «Իսկ դո՞ւ ում նկատի ունեիր, ընկեր Բերիա»,- արդեն գրեթե դատավճռոտ հարցնում է Ստալինը Բերիային:
Այդ անեկդոտը կարող էր լինել Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի մասին: Այս անեկդոտը կարող էր լինել Հայկ Բաբուխանյանի մասին, որի օգտին երեկ արդարացնող դատավճիռ է կայացրել Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը: Բաբուխանյան Հայկի թերթը մարդկանց մի մեծ խմբի՝ 60 հոգու սև ցուցակ է հրապարակել, և ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով «Հայաստան աշխարհի» բոլոր ոչ բեղավորներին կոչ արել «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել 60-ի նկատմամբ: Ինչո՞ւ: Որովհետև այս 60-ը, ըստ Բաբուխանյան Հայկի թերթի՝ «Իրավունքի», ազգի և պետության թշնամի են, զոմբի են:
Իսկ ի՞նչ են արել այս 60 հոգին: Քարոզել են «համասեռամոլություն»: Ուրեմն, «բեղավոր ապուշի» մասին անեկդոտը կարող էր լինել, ասենք, «Իրավունքի» խմբագրի մասին: Որովհետև դատարանի վճռից հետո հոդվածը թերթի տեսակետը չէ, այլ պետության վերաբերմունքը նրանց հանդեպ, ովքեր քարոզում են հադուրժողականություն: Այս դատավճռով պետությունը ասում է՝ եթե ինչ-որ բեղավոր ապուշ վաղը կրակի այդ 60-ից մեկի վրա,- ինչպես վարվելու ակնարկ կա հենց «Իրավունքի» տողերում,- ես նրան դատապարտողը չեմ: Որովհետև ինքը կրակել է մեկի վրա, որը չունի պատիվ և արժանապատվություն, որին ով ասես կարող է վիրավորել, որը «Կոնչիտայի վկա» է, որը այլ խոսքով, համասեռամոլների իրավունքներից զատ այլ բան չգիտի:
Այս անեկդոտը կարող էր լինել Սերժ Սարգսյանի կամ Մովսես Խորենացու մասին: Առաջինի ուրախ ու անհոգ կյանքի, Բաբուխանյան Հայկի ժամանակակիցը լինելու և երկրորդի «Ողբի» մասին: Այդ անեկդոտը կարող էր լինել այն մարդկանց մասին, որոնք դատի են տվել «Իրավունքին»՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, պահանջելով նաև 5 միլիոն դրամ փոխհատուցում: 5 միլիոն դրամը ձեր հայցը դարձրել է փողի բազար: Հայկ Բաբուխանյանն ապրում ու շնչում է Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո»: Դատարանը նրա թանին թթու չէր ասի, ավելին՝ այդ թերթից փող չէր պոկի: Նա վարվեց ավելի ցինիկ, «բեղավոր ապուշի» մտակերտվածքով: Այդ դուք պետք է վճարեք «Իրավունքին» նրան դատարան քարշ տալու համար: Դուք պետք է վճարեք, որովհետև իրավունքի կոռուպցիայի մենաշնորհը իշխանությանն է, նա է Շանթին հռչակում հանցագործ և ոչ թե դատարանը, նա է որոշում՝ Բաբուխանյան Հայկը կապ ունի՞ հոկտեմբերի 27-ի հետ, նա է Խաչատրյան Սուրիկի ձեռքերը մաքրում բանակի փոխգնդապետի սպանությունից:
Դուք պետք է վճարեք, քանի դեռ իշխանության ցանկացած հանցանքի դեմ բողոքելիս լրագրողներին խնդրում եք չքաղաքականացնել ձեր բողոքը: Այնպես որ, միշտ այժմեական է այն հարցը, թե ով ում նկատի ուներ «բեղավոր ապուշ» ասելով:
Հիմա: Ո՞ւմ նկատի ունի Ռուբեն Ներսիսյանը, երբ տանն ասում է, որ ինքը դատավոր է և վճիռներ է կայացնում հանուն Հայաստանի Հանրապետության: Ո՞ւմ նկատի կունենա Սերժ Սարգսյանը «Ժողովրդավարական Հայաստան» ասելով, երբ որ դատարանում «Իրավունքի» օգտին կայացրած դատավճիռը ծափահարողները փողոցում հանդիպելիս կրակեն այդ 60-ից յուրաքանչյուրի վրա, որոնք մարդկանց կոչ են անում չլինել հոմոֆոբ: Ի վերջո ո՞ւմ նկատի ուներ Մովսես Խորենացին 1500 տարի առաջ, երբ «Ողբ» էր գրում, որտեղ կան այսպիսի տողեր. «Իշխանները ապստամբ, գողերին գողակից... Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող»: Այ էս «իրավունքը չպաշտպանող» բառերի հետ լիքը վեճ ունեմ Խորենացու հետ: Ինչպիսի կարճատեսություն: Բա եղա՞վ, ընկեր Մովսես:
Մհեր Արշակյան










