Դիլիջանում հոկտեմբերի 31-ին աշխատանքներն է սկսել Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` ֆորումի բացմանը մասնակցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշել է, որ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը կառավարության գերակայություններից է:
«Այս ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,- ասել է վարչապետը` հավելելով, որ ներկայում իրականացվում են հեռանկարային մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների` հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների, աքսելերատորների ձևավորմանն ու զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների ներդրմանը:
«Տարբեր ասպարեզներում բարեփոխում իրականացնելիս անպայմանորեն հաշվի են առնվում տեխնոլոգիական ոլորտի առաջարկվող լուծումներն ու արտադրանքը, որոնց շնորհիվ միայն հնարավոր է բարձրացնել արտադրողականությունը և մրցունակությունը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Բիզնես ինովացիոն ֆորումն անցկացվում է «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» նշանաբանով և նվիրված է տեխնոլոգիական կրթության և ձեռներեցության հիմնախնդիրներին: Ֆորումի օրակարգում են հանրակրթական և բարձրագույն կրթության, ձեռներեցության, օրենսդրական և ենթակառուցվածքների տեսանկյուններից անհրաժեշտ անելիքների քննարկումները:
Ֆորումի նպատակն է քննարկումների արդյունքում ձևավորել Հայաստանի նորարարական զարգացման թիրախային ուղղություններն ու անհրաժեշտ գործողությունները, որոնք կդրվեն ՀՀ կառավարության, մասնավոր ոլորտի և միջազգային կազմակերպությունների օրակարգում:
Civilnet











