Գլխավոր Լրահոս

Թուրքիան առանց Հայաստանի շնորհավորանքի

Թուրքիան առանց Հայաստանի շնորհավորանքի
Եթե հոկտեմբերի 29-ը Թուրքիայի հիմնադրման օրն է, ապա հոկտեմբերի 30-ը Կարսի անկման օրն է: Չորս տարի շարունակ` 2010-ին, 2011-ին, 2012-ին և 2013-ին, Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղում իր թուրք գործընկեր Աբդուլահ Գյուլին և շնորհավորում Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրը` հոկտեմբերի 29-ը: Այս տարի սակայն, Սարգսյանը նման շնորհավորական ուղերձ չհղեց Թուրքիայի նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Պատճառը հավանաբար այն էր, որ ավելի վաղ` սեպտեմբերի 21-ի` Հայաստանի անկախության տոնի առիթով, Էրդողանը շնորհավորական ուղերձ չէր հղել: Միմյանց ազգային տոները շնորհավորելու նախաձեռնությունը գալիս է նախկին նախագահ Գյուլից, որն առաջինը՝ 2010-ի սեպտեմբերի 21-ին, շնորհավորական ուղերձ հղեց Սարգսյանին և հայ ժողովրդին: Սարգսյանի և Գյուլի միջև անձնական լավ հարաբերություններ էին հաստատվել, և երկու նախագահները դա չէին թաքցնում: Դրան նպաստել էր նաև Գյուլի այցը Հայաստան և Սարգսյանի այցը Թուրքիա` միասին դիտելու ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումները: Սարգսյանը ակնհայտ հարգանքով էր վերաբերվում Գյուլին: Թուրքիայի նախկին նախագահը, ի տարբերություն Էրդողանի, ոչ միայն փոխադարձում էր հարգանքը, այլ Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին վիրավորական հայտարարություններ թույլ չէր տալիս: Ընդհանուր առմամբ, Գյուլը բարեկիրթ էր, համեստ և ինտելեկտուալ՝ ի հակադրություն Էրդողանի, որն անբարեկիրթ է, կոպիտ ու ամբարտավան: Բազմաթիվ օրինակներից միայն մեկը հիշեցնեմ: 2008-ին, երբ խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանը հրապարակավ հայտարարեց, որ Գյուլի մայրը հայ է, Թուրքիայի նախագահը առանց ջղաձգումների հակադարձեց, որ իր ընտանիքը «մուսուլման է և թուրք»: Ապա Գյուլի ընտանիքը հայց ներկայացրեց դատարան ընդդեմ տիկին Արըթմանի: Դատարանը «Թուրքիայի նախագահի էթնիկ ծագման մասին անհիմն հայտարարություններ անելու» մեղադրանքով մեկ թուրքական լիրայով (կես դոլար) տուգանեց ընդդիմադիր պատգամավորին: Այս տարվա օգոստոսին Էրդողանը հեռուստաելույթի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայում ինքնության խնդրին և իր էթնիկ պատկանելիությանը, մասնավորապես` իրեն հայ անվանելու դեպքերին, ակնահայտ արհամարհական և զայրացած տոնով գոռգոռաց. «Արմատներով ես Ռիզեից եմ, ծնվել-մեծացել եմ Ստամբուլում: Բայց ինչե՜ր չեն ասում իմ մասին: Մեկն ասաց, թե Էրդողանը վրացի է: Մեկն էլ տեղից վեր կացավ, կներեք արտահայտությանս, շատ ավելի կեղտոտ ձևով ասաց՝ Էրդողանը հայ է: Պապիցս ու հորիցս և բոլորից գիտեմ, որ ես թուրք եմ»: Ահա այսպիսի մարդը չի կարող շնորհավորել Հայաստանի և հայ ժողովրդի ազգային տոնը` սեպտեմբերի 21-ը: Եվ պետք էլ չէ, որ շնորհավորի: Ավելին, քանի դեռ Թուրքիան արդեն քսան տարուց ավելի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, որպեսզի մեր երկիրը տնտեսապես թուլացնի ու ծնկի բերի, քանի դեռ բացահայտ աջակցում է Ադրբեջանին, քանի դեռ միջազգայնորեն արշավ է տանում Հայոց ցեղասպանությունը հերքելու ուղղությամբ, նրա շնորհավորանքները անկեղծ չեն կարող լինել: Նույնը վերաբերում է Հայաստանին: Ինչո՞ւ պետք է շնորհավորել մի երկրի հիմնադրման տոնը, երբ գիտես, որ այդ երկիրը ստեղծվել է հայկական հողերի, հայկական ոսկորների, հայկական անցյալի, հայկական երազանքի վրա: Ավելին, 1920-ին քեմալական թուրքերը զավթեցին Հայաստանի Առաջին Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաք Կարսը և ողջ շրջանը, և մինչև օրս Բագրատունյաց չքնաղ Անի մայրաքաղաքը նրանց ձեռքում է: Թուրքերը գրավեցին նաև Իգդիր-Սուրմալուն: Եթե հոկտեմբերի 29-ը Թուրքիայի հիմնադրման օրն է, ապա հոկտեմբերի 30-ը Կարսի անկման օրն է: 1920-ի այդ օրը առանց կռվի ընկավ քաղաքը: Ցավոք, Հայաստանում և Սփյուռքում այդ օրը գրեթե չի հիշվում: Փոխարենը, թուրքերը ամեն տարի Կարսում կազմակերպում են տոնակատարություն` նշելով «հայերից քաղաքը ազատագրելու» օրը: Այդ տոնակատարություններին երբեմն մասնակցում են երկրի նախագահը և վարչապետը: Եթե անգամ թուրքերը շնորհավորում են Հայաստանի անկախության տոնը, ապա Հայաստանի որևէ նախագահ պարտավորված չէ փոխադարձաբար շնորհավորել Թուրքիայի հիմնադրությունը: Պետությունները և նրանց ղեկավարները միմյանց ազգային տոները շնորհավորում են, երբ կա հարաբերությունների նվազագույն մակարդակ: Եթե Սարգսյանն ու Գյուլը միմյանց հանդեպ ունեին խոր հարգանք, ապա կարող էին շնորհավորել միմյանց ծննդյան օրերը, ինչը, ի դեպ, չէին անում: Հայաստանի և Թուրքիայի առաջնորդները կարող են շնորհավորել միմյանց ընտրությունը նախագահի պաշտոնում, ինչը անում են սկսած 1991-ից: Վերջերս Սերժ Սարգսյանը շնորհավորեց Էրդողանին` նախագահ ընտրվելու առիթով, և երդմնակալությանը մասնակցելու նպատակով Անկարա գործուղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որն Էրդողանին փոխանցեց 2015-ի ապրիլի 24-ին Երևան այցելելու Սարգսյանի հրավերը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում