Ասիական զարգացման բանկը ներկայում աշխատում է առաջիկա հինգ տարիների «Հայաստանի գործընկերության ռազմավարություն» փաստաթղթի վրա և պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը: Այս մասին ասել է ԱԶԲ փոխնախագահ Ժանգ Վենկայը նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Ժանգ Վենկայի խոսքով` բանկը մասնավորապես կաջակցի հետևյալ ուղղությունների զարգացմանը` ենթակառուցվածքներ (տրանսպորտ, էներգետիկա, ճանապարհաշինություն, քաղաքաշինություն, ջրային համակարգ), պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանում, տեխնիկական օժանդակություն տրամադրելու տեղական կարողությունների և տարածաշրջանային փոխգործակցության զարգացում, ներդրումների և արտահանման խթանում:
Ի դեպ` սա Ժանգ Վենկայի առաջին այցն է Հայաստան: Նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` Վենկայը նաև բանկի պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում կազմակերպելու ներդրումային ֆորում, որը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսության մեջ ներգրավել օտարերկրյա նոր ներդրումներ և kնպաստի առաջնահերթ ծրագրերի իրագործմանը:
ԱԶԲ փոխնախագահին ընդունել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպմանը քննարկվել է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցմանն առնչվող մանրամասներ և կարևորվել շինարարական աշխատանքների ժամանակին ու որակյալ կատարումը:
ԱԶԲ-ն Հայաստանի հետ փոխգործակցում է 2005-ից:
Civilnet











