Եվրամիությունն աջակցության իր նոր ծրագրի շրջանակում 2014-2017 թթ. Հայաստանին անհատույց կտրամադրի 140-170 մլն եվրո: Փոխըմբռնման համապատասխան հուշագիրը ստորագրվել է Բրյուսելում նոյեմբերի 3-ին` Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհաննես Հանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի միջև:
Եվրահանձնաժողովի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` ԵՄ տրամադրած միջոցներն ուղղվելու են հիմնականում մասնավոր հատվածի, արդարադատության ու հանրային կառավարման ոլորտների բարեփոխմանը: Այս միջոցառումները կզուգորդվեն հանրային ինստիտուտների արդիականացման և քաղաքացիական հասարակության աջակցությամբ:
Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հայտարարվել է եռամյա ծրագրի առաջին փուլի մեկնարկը, որով Հայաստանը Եվրամիությունից 19 մլն եվրո կստանա` փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու և մարդու իրավունքները պաշտպանելու համար:
«Փոքր ու միջին գործարարներին տրվող աջակցությունը երկարաժամկետ կտրվածքով կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, մասնավոր հատվածի զարգացմանը, կավելացնի Հայաստանի տնտեսական մրցունակությունը: Մարդու իրավունքների ոլորտում իրականացվող նոր ծրագիրը կօգնի բարելավել օրենսդրությունը` ազատ ընտրությունների, խոշտանգումների կանխարգելման, խտրականության դեմ պայքարի և երեխաների պաշտպանության ոլորտներում»,- ասված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում:
Բրյուսելը նշում է սակայն, որ այս գումարը նախնական է և կախված կլինի Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներից:
Բացի այս` ԵՄ հանձնակատարն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարը փաստաթուղթ են ստորագրել, որով Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով Բրյուսելը հավելյալ 25 մլն եվրո կտրամադրի:
Civilnet











