Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով պարտության մատնեց «Գալաթասարային» և խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ փլեյ-օֆֆի ուղեգիր վաստակեց: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
D խմբի մյուս խաղում խոշոր անակնկալ գրանցվեց. Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ մինչև 58-րդ րոպեն 3 գնդակի առավելություն ուներ «Անդերլեխտի» նկատմամբ, սակայն հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով: 4-րդ տուրից հետո թիմերն այս խմբում դասավորվել են հետևյալ հերթականությամբ` 1. «Բորուսիա»` 12 մ., 2. «Արսենալ»` 7 մ., 3. «Անդերլեխտ»` 2 մ., 4. «Գալաթասարայ»` 1 մ.:
A խմբում «Յուվենտուսը» Թուրինում դժվարությամբ հաղթեց «Օլիմպիակոսին»` 3:2, իսկ «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Մյալմոյի» դարպասը: Այժմ «Ատլետիկոն» իր ակտիվում ունի 9 միավոր, «Յուվենտուսն» ու «Օլիմպիակոսիը»` 6-ական, «Մյալմոն»` 3:
B խմբում նույնպես անակնկալներ չգրանցվեցին: «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթեց «Լիվերպուլին», «Բազելը» 4:0 հաշվով առավելության հասավ «Լյուդոգորեցի» նկատմամբ: Մադրիդցիները 12 միավորով ապահովեցին փլեյի-օֆֆի ուղեգիրը, «Բազելը» 6 միավոր ունի, «Լիվերպուլն» ու «Լյուդոգորեցը»` 3-ական:
C խմբում Լևերկուզենի «Բայերը» Ռուսաստանում 2:1 հաշվով առավելության հասավ «Զենիթի» նկատմամբ, «Բենֆիկան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Մոնակոյին»: 4-րդ տուրից հետո «Բայերը» 9 միավորով գլխավորում է խումբը, «Մոնակոն» 5 միավորով երկրորդն է, «Զենիթն» ու «Բենֆիկան» 4-ական միավոր ունեն:
Civilnet











