Երևան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթներ չեն լինելու։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Հայաստանում «Գրոզնի Ավիա» ընկերության գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը։ Նա նշել է, որ Երևանից թռիչքները դեպի Ղրիմ տեղի կունենան Անապայով:
Հոկտեմբերին Երևան-Սիմֆերոպոլ ուղիղ ավիահաղորդակցության մասին լուրը լուրջ քննարկումներ էր առաջացրել Հայաստանում։ Հիմնական հարցադրումն այն էր, թե ինչու Երևանը պետք է թույլ տա ուղիղ չվերթների իրականացումը մի տարածքի հետ, որը միջազգային իրավական կարգավիճակի խնդիր ունի, առավել ևս, որ մինչ օրս չի իրականացվել Երևան-Ստեփանակերտ չվերթը։
«Գրոզնի Ավիա»-ի ներկայացուցիչը քաղաքական խնդիր չի տեսնում Երևան-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնելու հարցում: «Թռիչքների պլանը մենք տալու ենք Երևան-Անապա։ Դրանից հետո ավիաընկերությունը կատարում է Ռուսաստանի ներքին չվերթ՝ Անապա-Սիմֆերոպոլ, այնպես, ինչպես «Աէրոֆլոտը», S7-ը, «Տրանսաէրոն» կատարում են Երևան-Մոսկվա և Մոսկվա-Սիմֆերոպոլ։ Ունենում ենք տրանզիտ ուղևոր»,- ասել է Արարատ Մուրադյանը:
Հոկտեմբերին Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը հայտարարել էր, որ բացվելու է Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթ։ Մուրադյանի խոսքով՝ խառնաշփոթը սկսվեց այդ հայտարարությունից հետո։
Մուրադյանը նշել է, որ Ուկրաինայի կազմում Սիմֆերոպոլը՝ որպես միջազգային օդանավակայան, ուներ ԻԿԱՕ-ի [Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն] կոդերը՝ «Եվրակոնտրոլ»-ում [Եվրոպական աէրոնավիգացիայի թռիչքային անվտանգության գործակալություն] ընդունված, գրանցված։ Ներկայում այն ճանաչված չէ «Եվրակոնտրոլի» կողմից, թեև Ռուսաստանը միակողմանիորեն Սիմֆերոպոլը ճանաչել է որպես միջազգայինի օդանավակայան։
Արարատ Մուրադյանն ասել է, որ ինքն է հանդես եկել Երևանից Սիմֆերոպոլ չվերթ իրականացնելու նախաձեռնությամբ։ «Ես առաջարկեցի «Գրոզնի Ավիա»-ին, որ բացի Կազան-Երևան չվերթից՝ կատարենք նաև Անապա-Երևան և Երևան-Անապա, Անապա-Սիմֆերոպոլ։ Եվ այդպես էլ լինելու է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ իրենք հայտ են ներկայացրել միայն Երևան-Անապա թռիչքի համար, որտեղից թռիչքը Սիմֆերոպոլ Ռուսաստանն արդեն համարում է ներքին չվերթ։
Ղրիմը գրավիչ զբոսաշրջային վայր է, հատկապես՝ ամռանը։ Հարցին, թե ինչու են չվերթները նախաձեռնում հիմա՝ զբոսաշրջային սեզոնի պիկից հետո, Մուրադյանը պատասխանել է. ««Գրոզնի Ավիան» Սիմֆերոպոլում բազավորվեց ամռանը, չվերթներ կատարում էր Սիմֆերոպոլից ռուսական շատ քաղաքներ: Ես առաջարկեցի, որ պատրաստենք այս չվերթը: Իսկ արտոնագիր ստանալու գործընթացը տևում է երկու-երեք ամիս։ Այսինքն՝ ամառվա սեզոնը անցավ: Բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև Երևան-Սիմֆերոպոլ չվերթները միշտ կատարվել են. «Արմավիան» էր կատարում կլոր տարի»:
Նրա խոսքով՝ Ղրիմ ամռանը մեկնում են հիմնականում ծովափում հանգստացողները, իսկ սեպտեմբերից մինչև գարնան վերջ մարդիկ գնում են Ղրիմի առողջարաններում բուժվելու:
Բացի դրանից, Մուրադյանի խոսքով, Ղրիմում հայկական մեծ համայնք կա։ «Այսինքն՝ ակտուալ է ցանկացած ամիս սկսելու այս չվերթը»,- ասել է «Գրոզնի Ավիա»-ի ներկայացուցիչը:
Սյուզաննա Հովհաննիսյան
Civilnet











