Խուճապի ռիթմը

Անոնիմուսների երթը Երևանում, 5.11.2014 (Ֆոտոլուր):
Վլադիմիր Գասպարյանն ակնհայտորեն խճճվել է այն իրավասությունների մեջ, որոնք իր գերատեսչության գործը չեն: Շանթ Հարությունյանին ազատ արձակելու պահանջով բողոքի երթ անցկացնող երիտասարդներից ոստիկանները պահանջել են հանել Անոնիմուսի դիմակները: Հետաքրքիր իրավիճակ է՝ եթե նրանք մերկ լինեին, պահանջելու էին հագնել վարտիքները, չէ՞: Իսկ հիմա պահանջում են դիմակը հանել:
Սա խուճապի ռիթմն է, ավելի ճիշտ՝ առիթմիան: Ոստիկանությունը բացարձակապես չգիտի, թե ինչ է իր ուզածը: Ինչու՞: Որովհետև չգիտի, թե որտեղ են ուզում իրենց «քցած» լինել այդ երիտասարդները, որոնք անօրինական ոչինչ չեն արել, պարզապես դիմակներ են կրել. ի դեպ, դրանք կրելն ընդունված է ամբողջ աշխարհում և՝ հենց նման դեպքերի համար: Էդ տղաները ոչ թե թաքնվում են դիմակների հետևում, այլ ուզում են ցույց տալ, որ ձերոնցից չեն: Դա չեն կարող ասել իրենց ավանդական դեմքերով, որը նաև ձեր դեմքն է այն իմաստով, որ դուք ունեք ինքնուրույն դեմք, բայց ձեզ պահում եք անդեմ վայրենու պես: Այդ դիմակները նույնպես անդեմության խորհրդանիշ են, բայց դիմակ կրելը ձեզ ձեր դեմքով հակադրվելու միակ ձևն է նախ: Երկրորդ, ընդունելով, որ դուք և իրենք անդեմության նույն «տարածքում» եք, իրենք այդպիսով նվաճում են ձեր քթի տակ գոյատևելու իրավունքը: Երրորդ, հռչակելով դեմքի բացակայությունը, բացառված չէ, որ ձեզ կոչ են անում դեմք ունենալ, տղե՛րք:
Բոլոր դեմքերը նույն դիմակի տակ թաքցնելով բղավում են ձեր, այսինքն, Վլադիմիր Գասպարյանի և նրա ղեկավարության թատերական առիթմիան, որոնք չգիտեն կամ կորցրել են ոչ ուսադիրավորների հետ խոսելու լեզուն: Այսինքն, թե ձեզ ձեր աներևույթ դիմակներով ենք ճանաչում: Չորրորդ, ի վերջո, մեծ հաշվով նրանց բողոքի թիրախը դուք չեք, նրանք փողոց դուրս չեն գալիս, որ դուք ընկնեք նրանց հետևից: Այս չորրորդ տարբերակը, թերևս, ամենաճիշտն է: Երբ դուք պահանջում եք հանել դիմակները, մոռանում եք, որ բողոքի, ակցիայի հասցեատերը դուք չեք: Բայց դուք եք դառնում, երբ փոխանակ հասարակական կարգ պահպանեք, որը դեռևս չի խախտվել, դուք պահանջում եք հանել դիմակները:
Այդ պահից իրենք գալիս են ձեզ հիշեցնելու, որ ձեր անդեմությամբ իրենցից լավը չեք: Գալիս են ասելու, որ իրենք Անոնիմուսի դիմակներով երիտասարդներ են, իսկ դուք ոստիկանի հագուստով եսիմինչ: Այդ դիմակներն ի դեպ նրանց ուսադիրներն են, նրանք այդպես են հանդես գալիս իրենց իրավասությունների մասին: Ձեզ հետ գործ ունենալիս որևէ մեկը ձեզանից պահանջու՞մ է հանել ուսադիրները, նոր խոսել: Թե՞ մրցակցությունն սկսում է զայրացնել: Ուզում եք դիմակները հանեն, որպեսզի դառնաք ուսադիր ունեցող ոստիկաններ: Հանգստացեք: Նրանք դիմակ են կրում հիշեցնելու համար, որ խնդիրը դեմք ունենալը չէ: Խնդիրը հիվանդ իրականությունն է: Եվ այդ դիմակները կարող են պատմել իրականության մասին: Եթե հանեն, դուք ինչպե՞ս եք իմանալու, որ հիվանդ իրականության ներկայացուցիչն եք:
Ի վերջո, ի՞նչ է Անոնիմուսը՝ «Թագավորը մերկ է» ճիչի պերֆորմանս: Իսկ դուք պահանջում եք հանել դիմակները: Դրանից, ի՞նչ է, թագավորի մերկությունը կծածկվի՞, տղերք: Մեծ հաշվով, իհարկե, ձեր պահանջներում մեծ է մղումը հրաժարվել թատերականությունից. իբր եկեք միմյանց հետ խոսենք մեր դեմքերով: Բայց, կրկնում եմ, դուք չեք այս բողոքի հասցեատերը, եթե անգամ դուք եք սադրել Շանթի մեկ տարի առաջվա անկարգությունները: Դուք կլինեիք, եթե Սերժ Սարգսյանը լիներ լեգիտիմ նախագահ, իսկ Հարությունյան Գագիկն էլ գոնե մեկ համապետական ընտրություն ու մեկ հանրաքվե բողոքարկելուց հետո անվավեր կճանաչեր դրանք:
Լսե՛ք, այդ տղաները գուցե Անոնիմուսի դիմակներով փախչում են այն իրականությունից, որի պահապան հրեշտակները դուք եք: Իսկ դուք ու՞ր եք փախչելու այդ իրականությունից ձեր մահակներով, որում բովանդակային որևէ խնդիր չկա դրված: Ո՞վ է ասում, որ Շանթը ճիշտ է: Բայց դուք իմացաք, չէ՞, ում ձերբակալել: Որովհետև դեմք ունի: Այսօր դուք ընկել եք նրանց հետևից, որոնք ձեզ իրականությունից հեռու լինելն են ձևակերպում: Պարզ է, որ ձեր գործը հասարակական կարգի պահպանումն է, բայց դուք ինչպե՞ս եք մարդուն բերման ենթարկում դիմակ կրելու համար: Ի վերջո ձեր շրջապատից ու՞մ են դրանք հիշեցնում: Ու՞մ են նրանք ծաղրում: Ի՞նչն են վտանգում: Ընդհանրապես, արժե այս հարցերի պատասխանն ունենալ, երբ դիմակներ եք տեսնում:
Մհեր Արշակյան










