Թբիլիսին կտրականապես հերքում է հայկական կողմի՝ աբխազական երկաթգծի վերաբացման շուրջ փակ բանակցություններին մասնակցության մասին հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Պատա Զաքարեիշվիլին, ինչպես նաև էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:
Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը Tert.am լրատվական կայքին նոյեմբերի 6-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուսական և վրացական կողմը խիստ կարևորում են աբխազական հատվածի երկաթուղային կապի վերականգնման գործընթացը: «Վերջերս հուսադրող արտահայտություններ անելու հնարավորություններն ավելի մեծացել են. մասնավորապես ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Յակունինի կողմից հայտարարություն է հնչել, որ կան հուսադրող ազդակներ։ Քանի որ բանակցությունները փակ են ընթանում, այսինքն՝ հարցն ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական, այնտեղ խնդիր կա պայմանավորվելու Վրաստանի և Աբխազիայի իշխանությունների միջև, երևի թե պատկերացնում եք, որ այդ խնդիրը շատ բարդ մի կծիկ է։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ևս ներգրավված է այդ գործընթացների մեջ, և հուսով ենք, որ շուտով մեր հանրության առջև կկարողանանք կարևոր հայտարարությամբ հանդես գալ»,- ասել էր Առաքելյանը։
Զաքարեիշվիլիի խոսքով՝ որևէ բանակցություններ չեն ընթանում, և այս առումով որևէ առաջընթաց չկա: Կվիրիկաշվիլին, իր հերթին, ընդգծել է, որ վրացական կողմը աբխազական հատվածի երկաթուղու հարցով որևէ բանակցությունների չի մասնակցում:
Ռուսական Lenta.ru կայքը, անդրադառնալով Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցության նոր համաձայնագրին, որն արդեն ներկայացվել է Աբխազիայի խորհրդարանի քննարկմանը, նշում է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Հարավային Կովկասում իր հիմնական երկու նպատակներից: Դրանցից մեկը ըստ կայքի՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև Վրաստանի՝ Եվրամիության տնտեսական կառույցներին լիարժեք անդամակցության կանխումն է:
Մյուս նպատակը՝ Հայաստան տրանսպորտային հուսալի ուղիղ կապի ապահովումն է: «Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը, և Երևանի՝ բլոկին լիարժեք անդամակցության, ինչպես նաև եվրասիական կապերի ներուժի իրացման համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենա՝ «եվրասիացի» սահմանապահների և մաքսավորների համար դեպի հայ-իրանական սահման հետագա ելքով: Բացի այդ՝ Ռուսաստանի կողմից տրանսպորտային հեռահաղորդակցությունների նկատմամբ վերահսկողության շնորհիվ Հայաստանում ռուսական ռազմաբազայի լիարժեք կգործի»,- գրել է կայքը:
Civilnet











