Գլխավոր Լրահոս

Նվե՛րը վերադարձրեք, նվե՛րը

Նվե՛րը վերադարձրեք, նվե՛րը

Շառլ Ազնավուրը իրավունք ունի լինել Հայաստանի ազգային հերոս: Շանսոնյեն արդարացիորեն Հայաստանի ազգային  հերոս է: Ավելին, նա լեգենդ է, նա մարդ-դարաշրջան է: Յուրաքանչյուր հայ հպարտ է, որ Ազնավուրը իր հայրենակիցն է: Սակայն Ազնավուրը (ներողամտություն եմ հայցում այս խոսքերի համար) իրավունք չունի լինել Հայաստանի դեսպան Շվեյցարիայում կամ որևէ այլ երկրում: Հայաստանի իշխանությունները կոպտագույն սխալ են թույլ տվել` նրան ծանրաբեռնելով դիվանագիտական աշխատանքով, անգամ եթե դա եղել է շանսոնյեի փափագը:

Անցյալ շաբաթ Ազնավուրը ընկավ թուրքական որոգայթի մեջ: Անկասկած, այն, ինչ արեցին թուրքերը, անբարոյական էր, անմարդկային և ստոր արարք: Բայց եկեք նաև անկեղծ լինենք և ընդունենք, որ տեղի  ունեցածի մեջ մեղքի իրենց բաժինն ունեն նաև Հայաստանի արտգործնախարարությունն ու Ազնավուրը:

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել: Փարիզում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը և թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը Ազնավուրին հրավիրել էին ճաշի, որի ընթացքում նրան հուշանվեր էին փոխանցել, նկարել այն նվիրելու պահը և բազմաթիվ այլ դրվագներ: Ավելին, այդ հանդիպումից հետո թուրքական բուլվարային թերթերից մեկում` «Փոսթա»-ում, հայտնվեց հարցազրույց Ազնավուրի հետ, որտեղ շանսոնյեին վերագրվել էին խոսքեր, որոնք հայկական աշխարհում միանշանակ չընդունվեցին, իսկ որոշ շրջանակներում` խստիվ քննադատվեցին:

Այդ հարցազրույցում իբր Ազնավուրն ասել էր, որ «ինքը չի շարժվում Հայաստանի հրահանգներով», «թուրքերը խղճով մարդիկ են», «անօգուտ է Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելը», «պետք չէ հնում մնացած վերքերը փորփրել»: Ավելին, իբր Ազնավուրն ասել էր, որ իր մայրը թուրք է:

Պարզվեց և դա հաստատեցին նաև Ազնավուրին ծուղակի մեջ ներքաշած թուրքերը, շանսոնյեն որևէ հարցազրույց չի տվել: Օզերմանը հայկական մամուլին ասել է, որ Ազնավուրn իրեն հարցազրույց չի տվել, իսկ այն, ինչ ներկայացրել էր որպես հարցազրույց, եղել էր Ազնավուրի` տարբեր ժամանակներում և տարբեր լրատվամիջոցների հետ հարցազրույցներից ծաղկաքաղ, ինչպես նաև` ճաշի ընթացքում Ազնավուրի արտահայտած որոշ մտքեր:

Ավելի անբարո քայլ 90-ամյա մարդու նկատմամբ դժվար է պատկերացնել: Մարդուն հրավիրում են ճաշի, որպեսզի նրան վարկաբեկեն ու փորձեն ծառայեցնել թուրքական արտաքին քաղաքականության նպատակներին: Ազնավուրը բավականին խիստ արձագանքեց. «Ես որևէ հարցազրույց չեմ տվել թուրքական «Փոսթա» թերթին: Խորապես վիրավորված եմ այդ ստոր մանիպուլյացիայից»

Ազնավուրի դառնությունը հասկանալի է: Սակայն, մյուս կողմից, կատարվածի մեջ մեղքի իր բաժինը ունի նաև Ազնավուրը: Այստեղ խոսքը ոչ թե երգիչ Ազնավուրի, այլ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Ազնավուրի մասին է:

Առաջին, ի՞նչու է դեսպան Ազնավուրը ընդունում Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի` ճաշի հրավերը, երբ դրան ներկա են լինում ևս առնվազն չորս այլ թուրքեր (դա երևում է նկարներից), որոնցից մեկը շոու բիզնեսի ներկայացուցիչ Օզերմանը, ով էլ հորինել է Ազնավուրի հետ հարցազրույցը:

Երկրորդ, ի՞նչու է դեսպան Ազնավուրը ընդունում նվեր թուրք դեսպանից: Ավելին, նվերը ընդունելուց հետո նա նվերը ձեռքին նկարվում է թուրք դեսպանի հետ: Այդ փոքր նվերը թուրքական մամուլում ներկայացվեց որպես մրցանակ, իբր թուրքերը Ազնավուրին մրցանակ են շնորհել:

Եղածը` եղած է, և անիմաստ է ողբերգություն սարքել: Լավ չէ, որ մենք մեր սխալների վրա ենք սովորում և մեր սխալներից ենք դասեր քաղում: Պետք չէ նաև մտածել, որ այս պատմությունից թուրքերը հաղթած դուրս եկան: Այս պատմությունը մեկ անգամ ևս ցույց տվեց թուրքական դիվանագիտության նենգությունը: Արդարացված կլինի, որպեսզի Ազնավուրը հետ վերադարձնի թուրք դեսպանի ձեռքից ստացած նվերը և առավել արդարացված կլինի, եթե դա անի հրապարակավ:

Գնահատելով Ազնավուրին, խոնարհվելով նրա հանճարի առջև, այդուհանդերձ, պետք է հիշեցնել, որ քանի դեռ նա Հայաստանի դեսպանն է (անկախ նրանից, թե որ երկրում), նա իրավունք չունի հրապարակային հայտարարություններով և գործողություններով հակադրվել Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

Հիշեցնենք դրանցից մի քանիսը: Այսպես, այս տարվա սեպտեմբերի կեսերին ամերիկյան «Հոլիվուդ րիփորթեր»-ին Ազնավուրն ասել է, որ իր դիվանագիտական գործունեության ընթացքում աշխատում է ինքնուրույն` առանց նախագահին (Սերժ Սարգսյանին) հարցնելու, թե ինչ պետք է անել, բայց հետո հայտնում է իր կատարած քայլերի մասին: «Օրինակ, ես շուտով տեսակցելու եմ Թուրքիայի դեսպանի հետ, դա հազվագյուտ բան է, բայց ես նախապես չեմ տեղեկացրել այդ մասին, քանի որ կարող են ինձ ասել, թե չպետք է դա անեմ, մինչդեռ ես ուզում եմ ազատ լինել իմ քայլերում»,- ասել է Ազնավուրը: «Կան դժվարություններ ոչ միայն թուրքերի հետ, ովքեր չեն ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանությունը, այլև նրանց հետ, ովքեր չեն ուզում, որ ես բարեկամական հարաբերություններ ունենամ Թուրքիայի հետ: Հետևաբար, պետք է զգույշ լինեմ»,- ասել է Ազնավուրը` հավելելով, որ ինքը ոչինչ չունի այսօրվա թուրքերի դեմ, քանի որ Ցեղասպանությունը կատարել են նրանց պապերը:

Այս հարցազրույցը ցույց է տալիս, որ Ազնավուրը դեռ շաբաթներ առաջ է պատրաստվել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի հետ հանդիպմանը:

Երեք տարի առաջ Ազնավուրը ֆրանսիական Vivement dimanche հաղորդման ընթացքում` Ցեղասպանության մասին հարցին ի պատասխան ասաց. «Դա խանգարող բառ է: Այն նաև ինձ է խանգարում: Այն, ինչ հիմա կասեմ, կարող է ինձ մեջքով դարձնել որոշ հայերի նկատմամբ, բայց ես կարծում եմ` դա կարևոր չէ: Եթե իսկապես թուրքերը ազնվություն ունեն ասելու, որ իրենց խանգարողը «ցեղասպանություն» բառն է, մենք այլ բառ կգտնենք, միայն թե սահմանները բացվեն, և թուրքական կառավարությունը մտածի մեզ հետ երկխոսություն սկսելու մասին»:

Շատ հայեր չհավատացին, որ Ազնավուրը կարող է նման բան ասած լիներ: Մի քանի շաբաթ անց Փարիզի Nouvelles d'Arménie հանդեսի հետ հարցազրույցում Ազնավուրը ավելի առաջ գնաց, բառացիորեն ասելով. «Հայաստանը մեծ վտանգի մեջ է, և բոլորը հապաղում են «ցեղասպանություն» բառի վրա: Ես չեմ տեսնում, թե դա ինչպես է նպաստում երկրի առաջընթացին: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանությունը»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում