«Այս ժողովուրդը դժգոհ է ոչ թե ռեֆորմից, այլ ռեֆորմ իրականացնողից: Գագիկ Խաչատրյանն ինչ ռեֆորմ էլ անի, չեն հավատալու». Ազգային ժողովում նոյեմբերի 10-ի նիստին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների քննարկման ժանանակ:
Խոսելով ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մասին, որը մամուլի հրապարակումների համաձայն՝ Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկն է, Մանուկյանն ասաց․ «Բիզնեսմենը իրավունք չունի բիզնեսի մասին օրենք բերելու: Ինչ էլ ուզում եք արեք, այդ մարդու նկատմամբ ակնածանք, հարգանք՝ որպես օրենքի, որպես անաչառ տնտեսական ռազմավարություն իրականացնողի չկա, որովհետև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գիտի՝ ինչ բիզնեսներ ունի, ինչ բիզնեսներ ունեն մյուս նախարարները, որոնք ռեֆորմներ իրականացնողներն են, կիրառողները: Դրա համար էլ քաղաքացին չի հավատում, քանի որ գիտի՝ որտեղ է գնում իր վճարած գումարը: Ռեֆորմն իրականացողին չհավատալու, անվստահության դեպքում որևէ լավ բան էլ չի լինի»:
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս՝ բայց միաժամանակ տնտեսվարողներին պարտավորեցնել գործունեություն ծավալել բացառապես փաստաթղթաշրջանառությամբ:
Օրենքը, որը վարչապետի վստահեցմամբ, ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, առաջացրել է, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը: Նախքան դրա ուժի մեջ մտնելը փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները բողոքի ցույցեր էին անցկացրել կառավարության և Ազգային ժողովի դիմաց: Նախատեսվում էր, որ օրենքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից, սակայն զանգվածային դժգոհությունների արդյունքում դրա կիրարկումը հետաձգվեց մինչև 2015թ. փետրվարի 1։
Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հարցով արտահերթ նիստ էին հրավիրել սեպտեմբերի 30-ին, սակայն այն չէր կայացել քվորում չապահովելու պատճառով: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 28-ին գրություն էր ուղարկել ԱԺ խմբակցությունների ղեկավարներին` առաջարկելով ներդնել շրջանառության հարկաչափն ընտրելու հնարավորություն: Արամ Մանուկյանի կարծիքով՝ գույքագրման պահանջի հետաձգմամբ խնդիրը չի լուծվի:
«Հետաձգմանը կողմ ենք, սակայն հետաձգումը խնդիրը չի լուծում: Հետաձգումը խնդիրը երկու ամսով ընդամենը հեռացնում է: Այդ առումով ավելի ճիշտ է խոսել ոչ թե ժամկետների մասին, այլ բովանդակության, իսկ բովանդակությունը հետևյալն է: Ես այս ընթացքում հանդիպել եմ փոքր բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների հետ, որոնք ունեն մտահգություններ, և այո՛, օրենքն այդ մարդկանց բերում կանգեցնում է լուրջ մտահոգության առջև: Մի քանի օրինակներ ասեմ և փորձեմ ընդհանրացնել: Այսօր ոսկու շուկայում և ադամանդագործների շրջանում շատ տարածված է «նիսիայով» աշխատելը. մարդը վերցնում է, ստանում է ապրանք և փողը տալիս է այն ժամանակ, երբ դա իրացվում է, և այս դեպքում գործարքը կարող է ընդհանրապես արդյունք չունենալ, և այդ չկայացած գործարքի համար նրա՝ շրջանառության հարկի տակ մտնելը ընդհանրապես տրամաբանությունից դուրս է: Կան այլ օրինակներ ևս, երբ փոքր ու միջին բիզնեսի սեփականտերը, եթե անգամ ուզենա էլ, չի կարողանա փաստաթուղթ ներկայացնել»,- ասաց Մանուկյանը:
Ըստ պատգամավորի՝ օրեքնի կիրարկումը կհանգեցնի երկու բանի՝ մեծ թվով փոքր և միջին ձենռրակությունների փակման և ստվերի մեծացման:
«Այս օրենքի կիրարկման դեպքում փոքր և միջին առնվազն 500 ձեռնարկություն երկու ամսվա ընթացքում փակվելու է, և ես այդ մասին նախարարին էլ եմ ասել: Մյուս բանը, որ հետևելու է այս օրենքի կիրարկմանը, ստվերի դաշտ մտնելն է: Իրականությունն այսօր այսպիսին է. այս դաշոտւմ կա մի իքս գումար, որն ընդհանրապես չի հարկվում, ստվերում է, և այդպիսով են նրանք ընտանիք պահում, և եթե նրանց սկսեն հարկել, ստվերը ավելի կխորանա: Այսօր ադամանդագործության և ոսկերչության ոլորտում շատ տարածված է ստվերում աշխատելը, մարդիկ էսօր իրենց տանը մեկ հաստոց են դնում և դրա հաշվին իրենց արտադրած ապրանքը վաճառում են հարևանին, բարեկամին և այլն: Այս պայմաններում օրենքը կիրառելիս նրանց ոչ թե ստվերից դուրս կբերեն, այլ հակառակը՝ մի մասը շատ ավելի խորը կմտնի ստվերի մեջ: Եվ տեղի ունենալու հետևյալը. մարդիկ, որոնք չեն դիմանալու ճնշմանը, կա՛մ գնալու են, կա՛մ ավելի են մեծացնելու ստվերը, ստացվելու է ավելի մեծ ստվերային քաղաքականություն, արդյունքում բյուջեից դուրս մի մեծ գումար է մնալու, որի տնտեսական օգուտները չեն երևալու»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ կառավարության փոփոխությունների նպատակը միայն բյուջե լցնելն է:
«Այս պահին դուք լուծում եք այս պահի խնդիրը, բայց երկարատև կտրվածքով դուք այսպիսով կորցնելու եք խնդիրը լուծողներին: Ստացվում է՝ լավ խնդիրը լուծելու համար մենք կորցնում ենք մարդկանց, որոնք փող են բերելու այդ խնդիրը իրականացնելու համար: Ընդ որում՝ սա օրինաչափություն է: Գազի ամեն թանկացման հետևանքով միջինացված 5% սպառող է կորում, հոսանքի թանկացման դեպքում նույն բանն է: Այս ամենի արդյունքում մենք կորցնելու ենք սպառողներին, գումար վճարողներին: Ո՞րն է մեր քաղաքականությունը: Կոպեկ հավաքել այսօրվա բյուջեի հարցը, աշխատավարձի, զինվորի հա՞րցը լուծել, թե՞ ստեղծել այնպիսի միջավայր, որ գործատու լինի, փոքր միջին ձեռնարկությունները զարգանան, և մեծանան հարկեր վճարելու հնարավորությունները: Մենք գնում ենք լրիվ հակառակ ծայրով, հակառակ տրամաբանությամբ: «Ջհանդամ թե փոքր ձեռնարկատերը կգնա, կարտագաղթի, ստվեր կմտնի, կարևորը այս պահի բյուջեի հարցը լուծվի». այս ի՞նչ ռեֆորմներ եք առաջարկում, որ մի քիչ ճնշում է լինում, հետ եք գնում: Այսինքն եթե այդքան ճիշտ, սկզբունքային եք ձեզ համարում, ինչպե՞ս է, որ մի շաբաթ ճնշում է լինում՝ հետ եք կանգնում»,- ասաց Մանուկյանը:
Նա համոզված է, որ օրենքի՝ փետրվարի 1-ից կիրարկման դեպքում շահագարգիռ անձինք կրկին փողոց դուրս կգան:
«Ես ձեզ խոստանում եմ, որ երբ օրենքը սկսի փետրվարի 1-ից կիրառվել, ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի: Ի՞նչ պետք է անեք, պիտի հետաձգեք մինչև հունիսի 1: Եթե սկզբունքային եք, քաղաքական դիրքորոշում ունեցեք, կանգնեք ասեք՝ սա է ճիշտ, ու քվեարկեք, ինչու եք հետ գնում: Ձեր հետ քայլը ձեր առաջարկած օրենսդրական բոլոր փոփոխություններում նշանակում է, որ դուք ևս համոզված չեք ձեր ասած ճշմարտացիության մեջ: Փետրվարին այդ շարժումը կսկսվի՝ մի մասը կգնա, մի մասը կմտնի ստվեր, մի մասը դուրս կգա փողոց: Ձեր ասածների մեջ չկա համակարգված, ռազմավարական մոտեցում, իսկ այդպես կառավարել չի կարելի, էդպես ռեֆորմներ չեն անում»,- նշեց ընդդիամդիր պատգամավորը:
Civilnet











