Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է Շվեդիայի 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է շվեդական Aftonbladet թերթը։
Նախօրեին 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Ստոկհոլմում այս կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Շվեդ ֆուտբոլիստն այս մրցանակը ստանում է 9-րդ անգամ՝ վերջին 10 տարվա ընթացքում։ Իբրահիմովիչը շվեդական «Ոսկե գնդակը» ստացել է 2005, 2007-2014 թվականներին։ 2006 թվականին այդ մրցանակին արժանացել է «Արսենալում» հանդես եկող Ֆրեդի Յունգբերգը։
«Շատ և շատ ուրախ եմ։ Իհարկե, հպարտ եմ այս մրցանակով։ Հիմա իմ հույսն է ստանալ շվեդական 10-րդ «Ոսկե գնդակը»։ Ես գոհ եմ նաև այս 9 տիտղոսներով։ Որքան մեծ լինի հավաքածուս, այնքան լավ։ Հույս ունեմ, որ մինչև կարիերայիս ավարտն այն ավելի կմեծանա։ Կփորձեմ էլի հաղթանակներ ունենալ, որպեսզի դժվար լինի գերազանցել իմ ձեռքբերումը», - ասել է Իբրահիմովիչը։
Civilnet











