ՀՀ Ազգային ժողովի դահլիճը:
Ազգային ժողովը նոյեմբերի 11-ի նիստում ձայների 110 կողմ, 1 դեմ և 9 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Վերջինիս համաձայն` փոքր ու միջին բիզնեսին ներկայացվող գույքագրման պահանջը երկարաձգվում է մինչև 2015թ. փետրվարի 1-ը:
Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ներկայացնելով ՀԱԿ դիրքորոշումը հարցի վերաբերյալ, նշեց, որ իրենք կողմ են քվեարկում օրինագծին և ամեն ինչ կանեն, որ փետրվարից այդ օրենքը չգործի: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ ասաց, որ իրենք ձեռնպահ են մնալու, քանի որ չեն հավատում, որ կառավարությունը փետրվարից հետո կգնա փոքր և միջին ձեռնարկությունների համար շահեկան ճանապարհով: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ կոչ արեց հարցը չքաղաքականացնել, և գտնել ՓՄՁ-ի համար շահեկան լուծումներ, որովհետև նրանց շահութաբերությունը ցածր է: Նրա խոսքով` ԲՀԿ-ն ևս կողմ է օրենքի կիրառման հետաձգմանը մինչև փետրվար: Մելքումյանը կառավարությանը կոչ արեց գտնել խնդրի լուծման ճիշտ տարբերակներ:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ իրենք կողմ են քվեարկության հետաձգմանը, որ «գոնե այս երկու ամսում ՓՄՁ-ն չկանգնի այս դժվար խնդրի լուծման առաջ»:
Հանրապետականն ու Դաշնակցությունը օրինագծի հետ կապված որևէ հատարարություն չարեցին:
Նիստի ընթացքում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նոյեմբերի 10-ի երեկոյան Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի հիշատակը: Նա կոչ արեց պատկան մարմիններին կարգավորել Հոռոմի խաչմերուկում երթևեկությունը, որտեղ, գյուղացիների խոսքով, տարեկան 80-100 վթար է տեղի ունենում:
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
Օրենքը, որը վարչապետի վստահեցմամբ, ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, առաջացրել է, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը: Նախքան դրա ուժի մեջ մտնելը փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները բողոքի ցույցեր էին անցկացրել կառավարության և Ազգային ժողովի դիմաց:
Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հարցով արտահերթ նիստ էին հրավիրել սեպտեմբերի 30-ին, սակայն այն չէր կայացել քվորում չապահովելու պատճառով:
Կառավարության ավելի ուշ ընդունած որոշման համաձայն` գույքագրման պահանջը 2014թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակից երկարաձգվել է մինչև 2015թ. փետրվարի 1-ը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 28-ին գրություն էր ուղարկել ԱԺ խմբակցությունների ղեկավարներին` առաջարկելով ներդնել շրջանառության հարկաչափն ընտրելու հնարավորություն:
Civilnet











