Գլխավոր Լրահոս

Բնապահպանները պահանջում են արգելել Մեղրասարում ոսկու բաց արդյունահանումը

Բնապահպանները պահանջում են արգելել Մեղրասարում ոսկու բաց արդյունահանումը

Մեղրասարը

Բնապահպանական մի շարք կազմակերպություններ, նախաձեռնություններ և բնապահպաններ դիմել են բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին` առաջարկելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացասական եզրակացություն տալ Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով արդյունահանման աշխատանքային նախագծին: Դիմումը ստորագրել են Համահայկական բնապահպանական ճակատը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը, «Գլոբալ Էկո» ՀԿ-ի նախագահ Մարտիրոս Նալբանդյանը, կենսաբան Արսեն Գասպարյանը, «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և այլք:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշում են, որ նախատեսվող հանքավայրը մասնակիորեն գտնվում է «Արևիկ» ազգային պարկի դեռևս չհաստատված, բայց նախատեսվող սահմաններում և դրա պահպանման (բուֆերային) գոտում, ինչը հաստատել է նաև բնապահպանության նախարարության ներկայացուցիչը: Նշվում է նաև, որ կառավարության 2009թ. հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշման համաձայն` պարկը պետք է քարտեզագրվեր, և սահմանները վերջնական հստակեցվեին, ինչը տեղի չի ունեցել: Ինչպես նշում են բնապահպանները՝ ըստ այդ որոշման՝ «Արևիկ» ազգային պարկի պահպանման (բուֆերային) գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հիշեցնում են, որ հանքավայրի շահագործումը հակասում և նվազեցնում է նաև գերմանական KfW բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանում պահպանվող տարածքների համար աջակցության ծրագրի» և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հարակից համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը:

Քաղաքացիներն ու նախաձեռնությունները բնապահպանության նախարարությանն առաջարկում են բացասական եզրակացություն տալ Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով արդյունահանման աշխատանքային նախագծին: Բնության համաշխարհային հիմնադրամին (WWF) նրանք առաջարկում են  կազմակերպել տարածքի կենսաբազմազանության անկախ գիտական հետազոտություն, իսկ KfW բանկին` ուսումնասիրել և կարծիք ներկայացնել այն մասին, թե որքանով են համատեղելի իրենց կողմից Հայաստանում ֆինանսավորվող կենսոլորոտային արգելոցի ստեղծմանն ուղղված ծրագրերն ու հանքարդյունաբերության նման  ծավալներով զարգացումը միևնույն տարածաշրջանում:

«Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակման համաձայն՝ Մեղրասարի ոսկու և արծաթի հանքավայրը շահագործող ընկերության սեփականատերերից է ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանը։ Նրա ընտանիքը մեծ բաժնեմաս ունի «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ում, որը նախատեսում է բաց հանքավայր շահագործել Մեղրասարի տարածքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում