ՀԲ-ի նոր վարկը կուղղվի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը:
Համաշխարհային բանկը նոյեմբերի 12-ին հաստատել է 75 միլիոն դոլար վարկի տրամադրումը Հայաստանին` Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ներքո: ՀԲ հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` ծրագիրն ուղղված է գործարար միջավայրի, ֆինանսների, քաղաքացիական ծառայության, սոցիալական պաշտպանության, հանրային ենթակառուցվածքների և բնապահպանական ոլորտների բարելավմանը և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը:
«Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնությունը նպատակ ունի նպաստել տնտեսական աճին և կայունությանը` օգնելով Հայաստանին կրճատել աղքատությունն ու խթանել ընդհանուր բարեկեցությունը», - ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:
Մասնավորապես` աջակցություն կցուցաբերվի ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հինգ ոլորտի` գործարար միջավայրի ամրապնդում տնտեսվարողների համար, վարկային ռեսուրսների հասանելիության բարելավում, քաղաքացիական ծառայության նպատակային արդյունավետության ու թափանցիկության բարելավում, սոցիալական պաշտպանության ընդլայնում, հարկաբյուջետային տիրույթի, հանրային ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների կառավարման բարելավում:
«Զարգացման քաղաքականության այս գործառնության ներքո աջակցություն է ցուցաբերվում բարեփոխումների այնպիսի մի փաթեթի, որը կօգնի Հայաստանի տնտեսությանը ոչ կայուն ներհոսքերի ու ոչ արտահանելի ոլորտների վրա հիմնվելու փոխարեն անցում կատարել արտահանելի ճյուղերին ու ապահովել աշխատատեղերի ստեղծման ավելի բարձր ցուցանիշ»,- իր հերթին ասել է ՀԲ ծրագրային թիմի ղեկավար Ուլրիխ Բարթչը:
75 միլիոն դոլարին համարժեք վարկը Հայաստանին կտրամադրվի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՀԲ խմբի անդամ) միջոցներից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով:
1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ.՝ Միջազգային զարգացման ընկերակցությանը միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է $2,036 մլրդ։
Civilnet











