1910թ., Խարբերդ, հայ որբեր
Թուրքիայում գործող Պատմության հիմնադրամը «1915-ից մինչև 2015. տեղահանություն-սպանդ-ցեղասպանություն» խորագրով համաժողով է կազմակերպել: Համաժողովին Ստամբուլի Քեմերբուրգազ համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նազան Մաքսուդյանը ներկայացրել է «Երեք սերունդ, երեք կոտորած. 1895-ից մինչև 1915. հայ երեխաներ և որբեր» զեկույցը: Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթը զրուցել է Նազան Մաքսուդյանի հետ և անդրադարձել համիդյան կոտորածներին, Ադանայի ջարդին և 1915թ. Ցեղասպանության հետևանքով որբացած հայ երեխաների ճակատագրին: Հոդվածը թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացված է ստորև:
- Դուք խոսում եք 1894-1896թթ., 1909թ. և 1915թ. երեք կոտորածների հետևանքով հայ որբերի երեք սերունդների մասին: Այդ որբերի թվաքանակի վերաբերյալ վիճակագրական տեղեկություններ կարո՞ղ եք ներկայացնել:
- Վիճակագրական տեղեկություններ ներկայացնելը բավական բարդ է: Ասում են, որ 1894-1896 թթ. կոտորածների ժամանակ որբացավ շուրջ 50 հազ. երեխա: Գիտենք, որ մահացածների թիվը 200-300 հազ. է: Այդ իսկ պատճառով որոշների համար 50 հազ. շատ-շատ է, որոշների համար` բավական քիչ: 1909թ. Ադանայի կոտորածին զոհ գնաց 20-30 հազ. մարդ, որբանոցներում գտնվող երեխաների թիվը շուրջ 3500 էր: Անշուշտ, կային նաև երեխաներ, որոնք որբանոցներում չէին ապաստանել: 1915թ. վիճակն ավելի է խճճվում: Ասում են, որ կենդանի մնացած երեխաների թիվը 500-600 հազ. էր: Տարիքային սահմանաբաժանումը եթե նույնիսկ ընդունենք 17-ը, միևնույնն է՝ այդ կոտորածների ժամանակ որբանոցներում ապրում էին 13 տարեկանից ցածր երեխաները: Բանն այն է, որ 13 տարեկան և դրանից բարձր տարիքի տղա երեխաները սպառնալիք էին համարվում ու սպանվում էին: Աղջիկների համար էլ 13 տարեկանը սահմանային էր: 13 տարեկանից բարձր երեխաներին առևանգում էին և նրանց հետ ամուսնանում:
- Ե՞րբ էին երեխաները սպառնալիք համարվում, ո՞ր դեպքում էին նրանց սպանում և ո՞ր դեպքում էին նրանց կենդանի թողնում:
- Հաշվի առնելով երեխայի ինքնության վերադարձի հնարավորությունը՝ ահրաժեշտ էին համարում սպանել նրանց: Եղել են այդպիսի դեպքեր: Սակայն գեղեցիկ երեխաներին անմիջապես տանում էին իրենց տները, իսկ խելացի թվացող երեխաներին որդեգրում էին:
Միսիոներների շրջանում կար այսպիսի տեսակետ. «Քանի որ մուսուլմանները անխելք են, վերցնում են խելացի հայ երեխաների»: Սա, անշուշտ, նույնպես ռասիստական դրսևորում կարելի է համարել:
Իրականություն է նաև, որ երեխաները, որոնք մի քիչ մեծ էին և կարող էին զենք բռնել, սպառնալիք էին համարվում, իսկ ահա ավելի փոքր երեխաների նկատմամբ նման վերաբերմունք չկար: Պատմության հիմնադրամում ելույթի ժամանակ Գյուվեն Գյուրքան Օզթանն ասաց. «1920-ականներին դրությունը փոխվում է: 1927թ. դեսուդեն թափառող երեխաները չեն կարող թուրք լինել, բոլորն էլ հայ են»:
Իսկ Օսմանյան կայսրության վերջին տարիներին գեղեցիկ ու խելացի երեխաներին վերաբերվում էին այնպես, որ կարող էին նրանցից ստանալ այն, ինչ ցանկանում էին: Այդ իսկ պատճառով նույնիսկ չէին կարողանում միմյանց միջև բաժանել որբերին: Թե՛ ամերիկացիները, թե՛ պետությունը ցանկանում էին «փրկել» այդ երեխաներին:
- Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է դրա պատճառը:
- Ինձ համար դա առեղծված է: Ելույթի ժամանակ էլ խոսեցի այդ մասին: Երեխաների մեծ մասը հիվանդ ու հոգնատանջ էր: Այսօր ոչ ոք չի ցանկանում որդեգրել Ստամբուլում ապաստանած սիրիացի հազարավոր երեխաներից որևէ մեկին:
- Ասում եք՝ այդ երեք սերունդների որբերի միջև նմանություններ կան:
- 1894-1896թթ. Աբդուլ Համիդը որբերին իր կողմն էր քաշում, միսիոներները՝ իրենց կողմը: 1909թ. արդեն երիտթուրքերն են ցանկանում տեր կանգնել հայ որբերին: Այդ ժամանակ Ադանայի նահանգապետ Ջեմալ փաշան փորձում է երեխաների խնամքը իր վրա վերցնել, պատրիարքանարի անունից էլ հանդես եկող Զաբել Եսայանն անում է ամեն ինչ խոչընդոտելու համար:
1915թ. պետական բոլոր պաշտոնյաները երեխա են որդեգրում, և 1919թ. պատրիարքարանը փորձում է հավաքել այդ երեխաներին: Որբերի նմանությունը նաև այն է, որ բոլոր դեպքերում փորձում են մոռացության մատնել երեխաների արմատները:
Հայտնի է, որ ինքնությունը սեփական լեզուն և կրոնն է, իսկ որբերը կանգնած էին լեզուն և կրոնը կորցնելու վտանգի առջև: Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում հայ որբերի 85%-ին խնամում էին ամերիկացի միսիոներները, և նրանց մոտ 80%-ը բողոքական է դարձել: Ադանայի կոտորածից հետո որբանոցներում ապսատանած երեխաներից ոչ մեկը հայերեն չի սովորել, կրոնական ուսուցումը էլ չեն ստացել: Հստակ թիվ չենք կարող նշել, սակայն 1915թ. հետո հսկայական թվով երեխաներ են որդեգրվել և բռնի իսլամացվել: Որդեգրված երեխաները նույնիսկ չէին մնում իրենց որդեգրողի տանը և հնարավորության դեպքում փախուստի էին դիմում: Այժմ երեխաները չեն կարողանում միայնակ շոգենավ նստել, իսկ այն օրերին Ադանայից երեխաները միայնակ գնում էին Սեբաստիա՝ իրենց ընտանիքներին գտնելու հույսով:
- Լավ, ստեղծված որբանոցներում փորձում էին երեխաների արմատները մոռացության մատնել, իսկ կա՞ր նրանց ինքնությունը պահպանելու առաքելություն:
- Ամերիկյան որբանոցներում գոյություն ուներ խիստ ինդոկտրինացիա, և երեխաներին բողոքական դաստիարակելու քաղաքականությունը հաջողությամբ էր պսակվում: Այդ պատճատով 1890-ականների ընթացքում Պոլսի Հայոց պատրիարքարանը սկսում է բողոքներ ներկայացնել. միսիոներները երեխաներին եկեղեցի չէին տանում, նույնսիկ ծաղրում էին այն երեխաներին, որոնք խաչակնքվում էին: 1915թ. հետո Ջեմալ փաշայի և Հալիդե Էդիփի հիմնադրած որբանոցում անում էին այն, ինչ ամերիկացիները: Այս դեպքում էլ երեխաներին թուրքացնում էին:
- Ցեղասպանության հետևանքով որբացած երեխաների փրկության վերաբերյալ հերոսական պատմություններ են շրջում: Հատկապես 1915թ. ընտանիքների ժառանգությանը տիրանալու ճանապարհներից մեկը այդ որբերին տեր կանգնելն էր: Հերոսական պատմություններն ու տնտեսական դրդապատճառները որքանո՞վ են փոխկապակցված:
- Այդ ժամանակաշրջանում երեխա որդեգրելը շատ տարածված էր, քանի որ այդ երեխաների աշխատուժն օգտագործվում էր տարբեր նպատակներով: Իհարկե, գոյություն ունեին նաև տնտեսական շարժառիթներ երեխաներին որդեգրելու համար: Ընդհանուր առմամբ, գույքը բռնագավվել էր պետության կողմից, հետևաբար այդքան էլ հեշտ չէր երեխային որդեգրելով` տիրանալ նրա ընտանիքի ունեցվածքին: Սակայն Մարդինում եղել է նման դեպք. հարևանը որդեգրում է երեխային և տիրանում նրա տանը: Իսկապես եղել են նաև շատ մարդիկ, որոնք բարեգթությունից դրդված են երեխա որդեգրել: