Եվրասիական տնտեսական միության անդամ տարբեր երկրներում միգրանտների ձեռք բերած կենսաթոշակային իրավունքները հաշվի կառնվեն նրանց հայրենիքում։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիներին կերաշխավորվի կենսաթոշակային իրավունքների պահպանություն և փոխանցում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը նոյեմբերի 14-ին հավանություն է տվել Կենսաթոշակային ապահովման ոլորտում համագործակցության վերաբերյալ միազգային պայմանագրի հայեցակարգին, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:
«Կոմերսանտը» հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև կենսաթոշակային ապահովման հարցերի կարգավորման համար առանձին միջազգային պայմանագրի մշակումը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրով, որը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը տեղեկացրել է, որ պայմանագրով պետք է նախատեսված լինի Միության անդամ պետությունների քաղաքացիների կենսաթոշակային իրավունքների իրականացում նույն պայմաններով, որոնք գործում են աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների համար՝ ապահովագրության վճարման, պարտադիր կենսաթոշակային մուտքերի մասով: Պետք է նաև նախատեսված լինի համապատասխան կենսաթոշակային իրավունքների ձեռքբերում և պահպանում։
«Մենք չենք խոսում կենսաթոշակային մոդելների միասնականացման մասին, այդ թվում՝ այն պատճառով, որ բոլոր չորս պետությունները իրենց կենսաթոշակային համակարգերի կատարելագործման գործընթացում են։ Անհրաժեշտ է մեկ բան, որ բոլոր չորս պետությունների քաղաքացիները իմանան՝ կենսաթոշակային իրավունքները, որոնք իրենք ստացել են՝ աշխատելով ոչ իրենց երկրում, այլ Միության ցանկացած այլ երկրում, ճանաչվելու են»,- հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ինտեգրման հարցերով նախարար Տատյանա Վալովայան։
Ռուսաստանի աշխատանքի նախարարությունում «Կոմերսանտին» հայտնել են, որ պայմանագրի նախագծի մշակումն իրականացվելու է 2015թ․ ընթացքում։
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ից։
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10-ին Մինսկում։
Civilnet











