Ռուսական «Ռիո» առևտրի և զվարճանքների կենտրոնների ցանցը կներկայացվի նաև Երևանում, հաղորդում է ռուսական Аrendator.ru կայքը։ Այն կառուցում է Ռուսաստանում առևտրային անշարժ գույքի խոշոր դեվելոփեր, «Տաշիր» ընկերությունների խումբը, որի սեփականատերը Սամվել Կարապետյանն է: «Տաշիրը» կլինի նախագծողը, կիրականացնի շինարարությունը, բրոքերիջը, շահագործումն ու հետագա կառավարումը, և դա կանի սեփական միջոցների հաշվին: Ներդրումների ծավալը կկազմի 40 մլն դոլար:
Ներկայում նախագիծը պատրաստ է 50%-ով: Կենտրոնի բացումը նախատեսված է 2015թ. վերջին: Ավելի քան 21 հազ. քառ. մետր տարածքով «Ռիոն» կառուցվում է Արաբկիր համայնքում՝ Քոչար-Փափազյան-Սարալանջի փողոցների հատվածում: Համալիրը կունենա ստորգետնյա ավտոկայանատեղի, սննդամթերքի սուպերմարկետ, «Սինեմա սթար» կինոթատրոն և Play Lab մանկական զվարճանքի կենտրոն:
Երևանում «Ռիո»-ում ներկայացված կլինեն մի շարք առաջատար բրենդեր, որոնք մինչ այդ Հայաստանում ներակայացված չեն եղել: Կենտրոնը կունենա շուրջ 100 վարձկալ՝ ռուսական և միջազգային մի շարք բրենդեր, ինչպես նաև հայաստանյան օպերատորներ:
Ակնկալվում է, որ աշխատանքային օրերին «Ռիոն» կունենա մինչև 12 հազ. այցելու, հանգստյան օրերին՝ մինչև 18 հազ.: Ռուսաստանում առաջին «Ռիոն» բացվել է 2005թ.: 2014թ. դրությամբ Ռուսաստանի 16 քաղաքներում գործում է 20 «Ռիո» կենտրոն:
«Տաշիր» ընկերությունների խումբը 1999թ. հիմնել է ռուսաստաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, որի կարողությունը 2013թ., ըստ Forbes-ի, կազմում է 3,8 մլրդ դոլար:
Civilnet











