Գլխավոր Լրահոս

Հայաստանը չի հասել աղքատության նախաճգնաժամային ցուցանիշին. զեկույց

Հայաստանը չի հասել աղքատության նախաճգնաժամային ցուցանիշին. զեկույց

2013թ. աղքատների թիվը գերազանցել է նախաճգնաժամային 2008թ. ցուցանիշը: Լուսանկարը` Ֆոտոլուրի:

2013թ. դրությամբ Հայաստանում աղքատ է եղել բնակչության 32 տոկոսը, ինչը գերազանցում է նախաճգնաժամային 2008թ. ցուցանիշները, երբ աղքատները կազմում էին բնակչության 27,6 տոկոսը։ Ազգային վիճակագրական ծառայության և Համաշխարհային բանկի` նոյեմբերի 12-ին հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն` 2012թ. համեմատ Հայաստանում աղքատությունը նվազել է 0,4 տոկոսով:

2009թ. Հայաստանում արձանագրվել էր 14,1 տոկոս տնտեսական անկում և աղքատության ցուցանիշը աճել էր մինչև 35,8 տոկոս: 2010-2013 թթ. Հայաստանը տնտեսական անընդհատ աճ է արձանագրել: 2012թ. աճը կազմել է 7,2 տոկոս, իսկ 2013թ. տնտեսությունը 2008թ. համեմատ աճել է 2 տոկոսով, մինչդեռ աղքատների թիվն այս ընթացքում ավելացել է 4,4 տոկոսով:

Զեկույցի համաձայն` «շատ աղքատների» տեսակարար կշիռը ամբողջ բնակչության մեջ 2013թ. կազմել է 13,3 տոկոս` 2008թ. արձանագրված 12,6 տոկոսի համեմատ: Իսկ ծայրահեղ աղքատության մակարդակն ամբողջ բնակչության մեջ 2013թ. կազմել է 2,7 տոկոս` 2008թ. արձանագրված 1,6 տոկոսի համեմատ:

«Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը տարօրինակ է համարում այս հանգամանքը։ Թերթի այսօրվա համարում նա գրում է. «Ըստ ներկայացված զեկույցի` մեր բնակչության եկամուտները գոյանում են աշխատավարձերից, թոշակ-նպաստներից, հարազատների ուղարկած գումարներից և այլն: 2010-2013 թթ. պետական բյուջեի ծախսերը հզոր աճ են արձանագրել, աշխատավարձերը աճել են, աճել են նաև արտասահմանից ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալները, բայց աղքատությունը շատ քիչ է կրճատվել: Թե ինչու` այս հարցի պատասխանը նույնպես կա ԱՎԾ-ի հրապարակած զեկույցում: Ճգնաժամից հետո բնակչության հարուստ խավն ավելի է հարստացել, իսկ աղքատներին բաժին է հասել այդ ավելացված եկամուտների չնչին մասը միայն: Եթե շատ պատկերավոր արտահայտվելու լինենք, կունենանք հետևյալը` վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աճերը հանգեցրել են նրան, որ մեր ամենաաղքատ հայրենակիցները 1,3 տոկոսով ավելի քիչ սննդարար կերակուր են օգտագործում, իսկ ամենահարուստները 15 տոկոսով ավելացրել են իրենց կերակուրի սննդարարությունը: Այսինքն` հարուստներն ավելի են հարստացել, աղքատները ավելի են աղքատացել»:

Այս միտումը Հայկ Գևորգյանը բացատրում է երկրի տնտեսությունը մի քանի մարդկանց ձեռքում կենտրոնացված լինելու հանգամանքով:

«Երկրի կառավարման այն համակարգը, որը արմատացած է Հայաստանում, որևէ այլ արդյունքի բերել չի կարող: Տնտեսությունը գնալով ավելի է «օլիգարխանում», բիզնեսը գնալով ավելի է կենտրոնանում մարդկանց մի փոքր խմբի ձեռքին, կենտրոնանում է նաև այդ բիզնեսի բերած եկամուտը, ինչն էլ հանգեցնում է նման հետևանքների: Պետությունների կառավարման ժամանակակից` ժողովրդավարության, ազատականության, օրենքի առաջ հավասարության վրա հիմնված սկզբունքներով կառավարելու դեպքում, ինչպես ցույց է տալիս մարդկության փորձը, կստացվեր ճիշտ հակառակ պատկերը` աղքատներն էլ մի քիչ կհարստանային»,- գրում է «Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբանը:

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում