ՀՖՖ պաշտոնական կայքը գրում է. «Տուլայի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը մեդիայի միջոցով զառանցանք և անհեթեթություն անվանելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում արված այն հայտարարությանը, որ այդ ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղալու դիմաց պահանջել է «Պորշ» ավտոմեքենա, իրականում անհեթեթ փորձ է արել հակադարձելու ՀՖՖ նախագահին:
Այս ֆուտբոլիստի Հայաստանի ազգային հավաքական գալու հետ կապված բանակցությունները ժամանակին տարվել են երրորդ անձի՝ սպորտային աշխարհում հայտնի և հեղինակություն վայելող Ռուբեն Թաթուլյանի միջոցով, ում Մալոյանի ընտանիքը շատ լավ է ճանաչում, քանի որ իրենց զառանցանքը՝ երազած «Պորշ»-ը, Հայաստան գալու դիմաց Թաթուլյանից պահանջել է անձամբ Մալոյանի հայրը: Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ բավարարված զառանցանքը՝ խոստացված «Պորշ»-ը, այդ ֆուտբոլիստին Հայաստան չի բերել:
Այլ մանրամասներ այս պահին չբացահայտենք, քանի որ ավելի ստոր պատկեր կգծագրվի և ոմանց հայրենիք չունենալու փաստն ավելի ակնհայտ կդառնա:
Եթե Մալոյան ընտանիքի մի զառանցանքը ժամանակին համաձայնվել են բավարարել հանուն ազգային հավաքականի, բոլորովին չի նշանակում, որ այդ մարդիկ զառանցելու, իրենց հատկությունները պետք է վերագրեն ուրիշների:
Այսօր Հայաստանի ազգային հավաքականում հանդես են գալիս իրենց երկրին և հայրենիքին պատվախնդրորեն, անշահախնդրորեն ծառայող հայ տղաներ և միշտ այդպես է լինելու»:
Նշենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Արթուր Մալոյանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու համար «Պորշ» ավտոմեքենա է պահանջել: Մալոյանի պատասխանը չուշացավ, այսօր ֆուտբոլիստը Twitter միկրոբլոգերի իր էջում գրել էր, որ իր անունը թանկ է իր համար և զառանցք էր համարել Հայրապետյանի պատասխանը: Այժմ արդեն ՀՖՖ-ն է պատասխանում Արթուրին:
Civilnet











