Գլխավոր Լրահոս

Ընդունել սիրիացի բոլոր փախստականներին. Amnesty International-ը՝ Թուրքիային

Ընդունել սիրիացի բոլոր փախստականներին. Amnesty International-ը՝ Թուրքիային

Քոբանիից փասխտական կինն իր որդու հետ թուրքական Սուրուչ քաղաքի ճամբարում

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ զեկույց է հրապարակել սիրիացի փախստականների վերաբերյալ։ Նոյեմբերի 20-ին հրապարակված «Պայքարելով հանուն գոյատևման. սիրիացի փախստականները Թուրքիայում» խորագրով զեկույցում կազմակերպությունը Թուրքիային կոչ է անում թույլ տալ Սիրիայից քաղաքացիական բնակչությանը պաշտոնական անցակետերով մուտք գործել իր տարածք՝ անկախ վավեր անձնագրեր կամ բժշկական կարիքներ ունենալու հանգամանքից:

Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսին ներկայացնելով զեկույցը՝ կազմակերպության ներկայացուցիչներ Բեգյում Բաշդաշը, Վոլքան Գյորենդաղն ու ԷնդրյուԳարդները կոչ են արել միջազգային հանրությանը սատարել Թուրքիային և նրա հարևան երկրներին սիրիացի փախստականների համար օթևանի ապահովման և կրթական հարցերի լուծման գործում: Amnesty International-ի հետազոտող Էնդրյու Գարդները հայտարարել է, որ սիրիացի փասխտականների համար տրամադրվող միջազգային օգնությունը «ցավալիորեն փոքր է»:

Ըստ զեկույցի՝ Թուրքիան սիրիացի փախստականների հարցում վարում է բաց սահմանների քաղաքականություն, այդուհանդերձ, 900-կիլոմետրանոց սահմանի երկայնքով լիարժեք գործում է ընդամենը երկու սահմանային անցակետ, որոնցում անձնագիր չունեցող մարդկանց մուտքը Թուրքիա արգելվում է: Մյուս փախստականներն էլ, ըստ զեկույցի, անցնում են Թուրքիայի տարածք վտանգավոր այլ անցակետերով:

«2013թ. դեկտեմբեր և 2014թ. օգոստոս ամիսների միջև ընկած ժամանակահատվածում ոչ պաշտոնական անցակետերում սահմանապահների կողմից սպանվել է 17 մարդ: Շատերը ենթարկվել են ծեծի, վատ վերաբերմունքի կամ հետ մղվել դեպի Սիրիայի տարածք, որտեղ պատերազմ է ընթանում»,- ասված է Amnesty International-ի զեկույցում:

Իրավապաշտպանները Թուրքիայի իշխանություններին կոչ են անում հստակ հրահանգ տալ սահմանապահներին, որ ուժի ցանկացած կիրառում պետք է խստորեն համապատասխանի միջազգային չափորոշիչներին:

«Թուրքիան պետք է փոխի իր սահմանային քաղաքականությունը՝ բոլոր փախստականների համար իր տարածք անվտանգ մուտք ապահովելու նպատակով»,- նշում են զեկույցի հեղինակներն ու արձանագրում, որ 2011թ. սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր Թուրքիան հյուրընկալել է 1,6 մլն սիրիացի փախստականի, որոնցից միայն 220 հազարն է ապրում փախստականների ճամբարներում:

Մնացած  1,38 մլն-ն ապրում են ճամբարներից դուրս՝ գերազանցապես թուրք-սիրիական սահմանի մոտ: Մոտ 330 հազ. փախստական ապրում է Ստամբուլում:

Anadolu թուրքական պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքի տվյալներով՝ Թուրքիայի տարածքում սիրիացի փախստականների ներկայությունը երկրի բյուջեին արժեցել է 4,5 մլրդ դոլար: Նրանց սոցիալական, առողջապահական և կրթական խնդիրները, սակայն, դեռ լուծված չեն:

2011թ. Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմից ի վեր, ըստ ՄԱԿ-ի՝ 2014թ. օգոստոսին հրապարակած տվյալների, 191 հազ. մարդ է զոհվել: Թուրքիա ներգաղթած սիրիացի փախստականների խնդիրը վերջին ժամանակներում դարձել է երկրի ներքին ամենաարդիական հարցերից մեկը: Փախստականների ու տեղական բնակչության միջև լարվածության աճը ամիսներ առաջ Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերի էր հանգեցրել: Փախստականների հսկայական ներհոսքով պայմանավորված՝ երկրում սրվել է նաև գործազրկության խնդիրը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում