«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, ելնելով նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից, ձեռնպահ է մնում 751 մլն դրամի հափշտակության կասկածանքով ընկերության աշխատակցի ձերբակալման լուրը մեկնաբանելուց: Այս մասին ասված է ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տրամադրած պարզաբանման մեջ:
««Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, ներքին ստուգումների արդյունքում հայտնաբերելով շուրջ 751 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ նյութական արժեքների կորուստ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն` ընկերությունից յուրացման փաստի կապակցությամբ: Միաժամանակ հայտնում ենք, որ, հիմք ընդունելով նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի, ընկերությունը ձեռնպահ է մնում որևէ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն հրապարակելու հարցում»,- նշում են ««ՎիվաՍել-ՄՏՍ»-ում:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` 2010-2014 թթ. «Ղ-Տելեկոմի» վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանը յուրացման եղանակով հափշտակել է իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 751 մլն դրամ ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտ: Նոյեմբերի 24-ին նա ձերբակալվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Civilnet











