Շատերս ենք լսել, որ շաքարը օգտակար չէ, սակայն, չգիտես ինչու, կարծում ենք, որ մեծաքանակ շաքարի օգտագործումը պակաս վտանգավոր է, քան չհագեցած ճարպերն ու ճարպաթթուները, սոդան ու կալորիաները: Սակայն եթե պատկերացում ունենայինք, թե ինչ է այն անում շաքարը մեր մարմնի հետ, կտեղադրեինք այն «ամեն գնով խուսափել» ցուցակում:
Շաքարը կարող է վնասել սրտին
2013թ․ արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարը բացասական ազդեցություն է ունենում սրտի արյունամղիչ ֆունկցիայի վրա և մեծացնում կաթվածի հավանականությունը: Մեղավորը շաքարի մոլեկուլ G6P-ն է: Ըստ վիճակագրության՝ սրտի կաթված ստացած մարդկանց կեսը հինգ տարուց ավել չի ապրում:
Շաքարը նպաստում է ճարպերի կուտակմանը որովայնում
Վերջին 30 տարվա ընթացքում մանկական գիրության ցուցանիշները եռապատկվել են: Բավական է այցելել մանկական զբոսայգի, դպրոց և տեսնել, թե ինչ է կատարվում․ գիրուկ մանուկներ, հիմնականում՝ ճարպի շերտով հենց գոտկատեղի շրջանում: Պատճառներից մեկը, ըստ 2010թ․ ուսումնասիրության, ֆրուկտոզայով ծանրաբեռնված ըմպելիքներն ու սննդատեսակներն են, բոլոր տեսակի քաղցր գազավորված և «բնական» հյութերը: Իհարկե, ֆրուկտոզա կա նաև բնական մրգերի մեջ, սակայն օրգանիզմին անհրաժեշտ քանակով:
Շաքարը լուռ մարդասպան է
Մի պահ մոռանանք աղի մասին․ շաքարը ևս գաղտնի կերպով, առանց ախտանշանների, անում է իր սև գործը: Այսպես՝ ֆրուկտոզայի մեծաքանակ օգտագործումը հանգեցնում է լեպտինի անգործությանը: Լեպտինը մի հորմոն է, որը օրգանիզմին հասկացնում է, որ ստացել է բավականաչափ սնունդ: Ուստի, եթե լեպտինը սկսում է չաշխատել, տեղի է ունենում սննդի գերկլանում, ինչը բնականաբար հանգեցնում է ավելորդ քաշի ձեռքբերմանը:
Շաքարից կախվածությունը կարող է լինել ժառանգական
Եթե ասում ես՝ քաղցրից կախվածություն ունեմ, հնարավոր է, որ ճիշտ ես: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր ունեն գենետիկ փոփոխություններ գրելին կոչվող հորմոնում, ավելի հակված են քաղցրակերության և ալկոհոլի մեծաքանակ օգտագործման, իսկ այդ փոփոխության պատճառը դարձյալ կարող է շաքարը լինել:
Շաքարն ու ալկոհոլը լյարդի վրա թողնում են հավասար վատ ազդեցություն
2012-ին գիտնականներն առաջ քաշեցին այն գաղափարը, որ անհրաժեշտ է այնպիսի սահմանափակումներ ու զգուշացումներ մտցնել շաքարի մեծ բաժին պարունակող սննդի ու ըմպելիքների վրա, ինչպիսին կա ալկոհոլի դեպքում: Նրանք ապացուցեցին, որ ֆրուկտոզան ու գլյուկոզան մեծ չափաբաժնով նույն քայքայիչ ազդեցությունն են թողնում լյարդի վրա, ինչպիսին ալկոհոլի էթանոլի ազդեցությունը: Ավելին՝ շաքարը ալկոհոլի նման մեծացնում է խրոնիկ հիվանդությունների ռիսկը:
Շաքարն ազդում է ուղեղի աշխատանքի վրա
2009-ին կատարված մի ուսումնասիրություն պարզել է, որ կապ կա գլյուկոզայի օգտագործման և բջիջների ծերացման միջև: Դա կարող է հանգեցնել կնճիռներից մինչև լուրջ խրոնիկ հիվանդությունների առաջացման: Իսկ 2012-ին արված ուսումնասիրությունները ապացուցել են, որ շաքարի մեծաքանակ կիրառումը աղետալի ազդեցություն է ունենում ուղեղի բջիջների վրա, հանգեցնում հիշողության և մտավոր առողջության խնդիրների:
Շաքարը թաքնվում է ոչ քաղցր ուտելիքի մեջ
Կարծում ես շաքար կա միայն կոնֆետի, խմորեղենի կամ գազավորված հյութերի մեջ: Իրականում, այն կարող է թաքնված լինել ամենաանսպասելի ուտելիքների՝ տոմատի մածուկի, տոնիկի, մարինացված սննդի, նույնիսկ հացի մեջ:
Շաքարի գերօգտագործումը կարճացնում է կյանքը
Ըստ 2013-ին արված ուսումնասիրության՝ շաքար պարունակող ըմպելիքների և խրոնիկ հիվանդությունների (դիաբետ, քաղցկեղ կամ սրտանոթային հիվանդություններ) միջև սերտ պատճառահետևանքային կապին է վերագրվում այդ տարի աշխարհում գրանցված 180 000 մահվան դեպքը:
Հետգրություն․ պետք է ասել, որ կաթի մեջ պարունակվող պարզ շաքարները /լակտոզայի տեսքով/ չունեն նույն բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա: Մրգերից ստացվող պարզ շաքարները ևս անհանգստության պատճառ չեն կարող լինել, քանի որ միաժամանակ պարունակում են մեծաքանակ հիվանդությունների դեմ պայքարող տարրեր և մանրաթելեր:Հետևությունները թողնում ենք քեզ: