Գլխավոր Լրահոս

Մենք բոլորս Թաթա ենք

Մենք բոլորս Թաթա ենք

Ստամբուլում Թաթա Սիմոնյանի համերգի հաջորդ օրը «Ակoս» շաբաթաթերթը գրեց՝ նախկինում տղայական միամտությամբ այլասերված երաժշտություն կհամարեինք այս ոճը։ Այսօր Թաթան իր բառերով «տժժցնում» է Ստամբուլը։ «Տղայականը» դասականից տարբերելու ժամանակ չկա։ Եթե՝ անկեղծ, Թաթան էլ մեղավոր չէ։ Այսինքն, ինքը մեղավոր չէ երգի մեջ, ինքը մեղավոր չէ բառապաշարի մեջ, ինքը մեղավոր չէ այն անմակարդակի մեջ, որն ի տես է հանել սփյուռքահայությանը և ընդհանրապես բոլորին, ովքեր պարզունակ երգեր են ուզում լսել։

Թաթան մեղավոր չէ։ Ունկնդիրը Տիգրան Մանսուրյան չի պահանջել և համերգասրահում էլ ստամբուլահայ մտավորականությունը չէ։ Թաթան բոլոր հայերին նայում է նույն աչքով։ Նորմալ է։ Փող է աշխատում։ Իր ունկնդրին Թաթան անձամբ չի ծնել։ Ի վերջո ստամբուլահայերի որոշ հատվածը հենց Հայաստանից մեկնածներն էին և նրանք էին իրենց կարոտը հագեցնում «Երեւանի սիրուն աղջիկներին» երգով։ Թաթային Ստամբուլ էր հրավիրել «Կարագոզյան» վարժարանի տնօրինությունը, որն այդ օրերին նշում էր վարժարանի հիմնադրման 100-ամյակը։ Փաստը, որ Հայաստանում Թաթան «պեռվի կռուգ» երգիչ է, հերքել չենք կարող, հանդիսավարը նրան ներկայացրեց որպես Հայաստանի փոփ երաժշտության «առաջնակարգ արվեստագետ» և «մայր Հայաստանի ձայն»։ Թաթան այսպիսի տիտղոսների պակաս չունի ոչ մի գաղթօջախում։ Ի վերջո՝ ո՞վ է նա։ Մարդ է, որի երգերն ուրախացնում են նրանց, ովքեր ուզում են ուրախանալ։ Այդ երգերը հնչում են հարսանիքներում, այդ երգերը կատարում են ուրիշները, որպես իրենց ուրախության և բարձր տրամադրության արտահայտություն։ Պարել հնարավոր է հատկապես այդ երգերի տակ։

Այդ երգերը յուրաքանչյուրին դարձնում են «իր երազած տղան», նույնիսկ եթե լսողն աղջիկ է։ Այդ երգերի ներքո ձանձրույթը վերջնականապես մի կողմ է թողնում Բեթհովենին և հռչակում, որ Թաթան հենց «Կարագոզյան» վարժարանի 100-ամյակի ձայնն է։ Այդ երգերը հիշեցնում են, որ կյանքը կարճ է, ընկերներ, և, Բրոդսկու բառերով, ընդհանրապես «նկատե՞լ եք, թե ինչով է ավարտվում այն»։ Թաթան բոլոր մակերեսների խոսափողն է, եթե հանկարծ որևէ մեկը որոշի շատ խորանալ։ Թաթան Ստամբուլ էր գնացել լցնելու չճանաչված ցեղասպանության ևս մեկ օրը, թմրեցնելու այն, մինչև գան ավելի լավ օրեր։ Եվ ընդհանրապես այսպիսի ձայները միշտ մի քիչ ավելի լավ կյանքի «հաշիշով օծուն» խոստումներն ունեն։ Ինչպես հարբեցողությամբ վիշտն են ծածկում։ Նշանակում է, Թաթան էն պարզունակ տեքստն է, որը հնչեցվում է բոլորին հայկականության նույն «ծիրի» մեջ պահելու համար։ Ի՞նչ կարող ենք մենք պահանջել նրանից, որը փող է աշխատում, որի ազգային զգացումները իմաստ ունեն ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղի հարցը Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համար՝ քանի դեռ այն լուծված չէ, իրենց իշխանությանը ոչինչ չի սպառնում։

Հիմա տեսեք։ Թաթան ընտրություններից առաջ բաժանվող 5 հազար դրամն է, որովհետև ազատում է մտածելուց։ Այսինքն, հստակ ցույց է տալիս ներկան, այսինքն, կյանքի այն հատվածը, երբ ապրելը երաշխավորված է։ Թաթան Պարույր Սևակի էն «պատ» ծակող տողն է, ըստ որի, մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։ Որովհետեւ հենց լսում ես, ուզում ես հարցնես՝ հետո՞։ Հետո նայում ես շուրջդ, տեսնում ես «տժժացողներին», որոնք կամ թուրքական ազգանուններ ունեն վաղուց կամ էլ Հայաստանից փախել են Թուրքիա՝ հույսով, որ գոնե այնտեղ կյանքը կստացվի։ Գնացել են այնտեղ, որի «արյան ծով» դառնալու մասին հրովարտակը դեռ ոչ մի «առողջ» հայ չեղյալ չի համարել։

Թաթան, ինչպես հասկացաք, հենց Ստամբուլ է գնացել իմանալով, որ այնտեղ լիքը հայեր կան, այսինքն, այնտեղ ինքը տակ տվող չէ։ Գնացել է ինքնապահպանման առողջ բնազդով, ինչպես առողջ հաշվապահությամբ գործարար, որը թույլ չի տա, որ իրեն «քցեն»։ Իսկ քցողը, մենք գիտենք, ազգություն չունի, նա թուրք է, հայ է, հույն է, տաջիկ է և այլն։ Ուրեմն, ո՞վ է Թաթան այս ամենից հետո։ Թաթան մենք ենք, այսինքն, մարդիկ, ովքեր ոչ մի այլ բանի զահլա չունեն։ Մարդիկ, ում մարսողությունը հարմարեցված է «տժժալուն»։ Թաթան վաղը «կտժժացնի» Բուենոս Այրեսը, մյուս օրը՝ Կրասնոդարը, մի քանի օր հետո՝ Փարիզը, բայց, օրինակ, Հալեպ չի գնա։ Հալեպը՝ մի կողմ։

Թաթան քաղաքացի չէ։ Ինքը քաղաքացիությունից չի սկսվում, իր դիրքորոշումը միշտ խրախուսանք է՝ հայ մնացեք, սիրեք հայոց լեզուն և այլն։ Անմիջապես հետո կարող է ասել՝ բոլորս էսօր քեֆ ենք անում, տժժըցնում ենք, առաջ Աստված։ Բայց այս ամենում որտե՞ղ ենք մենք բոլորս։ Շատ հեռու չենք։ Բոլոր այսպիսի համերգների արանքում մենք կպած ենք հեռուստաէկրաններին հերթական սերիալի սպասումով, կառավարության դիմացն ենք հերթական դժգոհությունը լսելի դարձնելու հույսով, տանը ականջներս դռանն է 5 հազար դրամի հերթական առաջարկի շնչահեղձ սպասումով և անեծքների մեջ, ընկերներ, անեծքների, որ հերթական անգամ ընդդիմությունը «քցեց» մեզ՝ հեղափոխության չանելով։

«Ա1 պլյուս»-ի տեսանյութը Ստամբուլում Թաթայի համերգից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում